Ինչո՞ւ են բանակում ավելանում մահվան դեպքերը. Պաշտպանության փոխնախարարը պատգամավորի հարցը թողեց անպատասխան
Այսօր ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը խորհրդարանում Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են բանակում շատացել մահվան դեպքերը։
«Դուք միշտ խոսում եք բանակում իրականացվող բարեփոխումների մասին, բայց միայն այս տարվա ընթացքում ունեցել ենք մեծ թվով զոհեր՝ ոչ մարտական պայմաններում։ Նաև անցած տարին է ամփոփվել բավականին մեծ թվով զոհերի դեպքերով։ Արդյո՞ք Պաշտպանության նախարարությունն իրականացրել է վերլուծություն, ինչո՞ւ են շատացել մահվան դեպքերը, և ի՞նչ կոնկրետ քայլեր են իրականացվում այդ երևույթի դեմն առնելու համար։ Ովքե՞ր, ե՞րբ ու ի՞նչ պատիժ են կրել բանակում առկա այդ իրավիճակի համար»,- հարցրեց Թագուհի Թովմասյանը։
Պատասխանելով պատգամավորի հարցին, Կարեն Բրուտյանն ասաց, որ պատգամավորի հարցը չի վերաբերում ԱԺ-ում ներկայացվող նախագծին։
«Ես լիազորված չեմ պատասխանելու այդ հարցերին, կխնդրեմ հարցը գրավոր ներկայացրեք, մենք ձեզ գրավոր կպատասխանենք»,- նշեց Կարեն Բրուտյանը։
Արձագանքելով՝ Թագուհի Թովմասյանն ասաց, որ ի սկզբանե ասել էր, որ հարցը քննարկվող նախագծին չի վերաբերում։
«Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակ է, և բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են։ Քաղաքացիներին ավելի շատ հետաքրքրում է՝ ինչո՞ւ են բանակում խաղաղ պայմաններում զոհվում զինվորները։ Ցավալի է, որ լինելով փոխնախարար՝ որևէ ասելիք չունեք, գոնե թիվը հրապարակեք, ինչքա՞ն է եղել զոհերի թիվը մինչև հիմա։ Դուք որևէ տեղեկություն չունե՞ք, թե ինչ է անում Պաշտպանության նախարարությունը։ Ես գրավոր հարցման ճանապարհը գիտեմ, հաճախ եմ ուղղում ու ստանում եմ բավականին ուշացումով պատասխաններ»,- շեշտեց Թ. Թովմասյանը։
Պաշտպանության փոխնախարարն էլ իր հերթին՝ արձագանքեց, որ չի ասել, թե պատասխան չունի, այլ քննարկվող հարցի շրջանակից դուրս է հարցը, և լիազորված չէ պատասխանելու։