Սուրեն Սահակյանի և Արեգ Քոչինյանի միջև հաղորդումից հետո ծեծկռտուք է եղել. hraparak.am

«Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ մի քանի օր առաջ «Հանրային հեռուստաընկերության» բակում տհաճ միջադեպ է եղել` միմյանց քաշքշել, վիրավորել են քաղաքագետներ Սուրեն Սահակյանը եւ Արեգ Քոչինյանը, որոնք հրավիրվել էին Հ1` բանավիճելու:

Միջադեպն այնքան սուր է եղել, որ դեպքի վայր են ժամանել անգամ իրավապահները։ Ծեծկռտուքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն։

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ միջադեպի երկու մասնակիցներն էլ հաղորդում են ներկայացրել ոստիկանություն, համապատասխան փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե։

Սուրեն Սահակյանը կայքի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ ասելով, որ ծեծկռտուքի պատճառը հեռուստատեսության եթերում, բանավեճի ժամանակ Արեգ Քոչինյանի կողմից իր հասցեին արված վիրավորական արտահայտություններն են եղել։

«Արեգ Քոչինյանի կողմից անհանդուրժողական մթնոլորտ կար, ագրեսիվ վարք, երբեմն նաեւ վիրավորում էր ինձ, հետեւանքն էլ դա եղավ»,- ասաց Սահակյանը։

Արեգ Քոչինյանի տեսակետը կայքը չի ներկայացրել, քանի որ նա նա զանգերին չի պատասխանել։

Քաղաքագետներն իրար հետ լեզու չեն գտել «Հ1»-ի՝ «Տարբեր կարծիքներ Տաթեւ Դանիելյանի հետ» հաղորդման ժամանակ, երբ քննարկել են արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման ուղիները։ Մի հատված քաղաքագետների ուղիղ խոսքից։

Տեսանյութեր

Լրահոս