Գիտնականները նշել են «մատիտ» կիսաշրջազգեստ կամ փողկապ կրելու հետևանքներն առողջության վրա
Որակական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ «մատիտ» կիսաշրջազգեստ կրելը կարող է մեջքի ցավ առաջացնել, սխալ վերնաշապիկը կարող է վնասել տեսողությունը, կրծկալը կարող է սրտի կաթվածի նման ախտանիշներ առաջացնել, իսկ կոմպրեսիոն հագուստ կրելը մեծացնում է սրտի կաթվածի վտանգը: Այս մասին,ըստ shantnews-ի՝ հայտնում է Daily Mail-ը։
Neuroradiology ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ փողկապ կրելը կարող է խաթարել արյան հոսքը դեպի ուղեղ: Գիտափորձի ժամանակ գիտնականները 30 առողջ տղամարդկանց բաժանել են երկու խմբի՝ ոմանք փողկապ էին կրում, երկրորդը՝ ոչ։ ՄՌՏ սկանավորումը ցույց է տվել, որ փողկապ կրելիս արյան հոսքը կրճատվել է 7,5%-ով. այն սեղմել է պարանոցային երակը և քներակը:
Մեկ այլ հետազոտություն, որը հրապարակվել է BMJ-ում, ցույց է տվել, որ չափազանց ամուր փողկապը կարող է մեծացնել ներակնային ճնշումը: Սա վնաս է հասցնում տեսողական նյարդին և կարող է վնասել տեսողությունը: Ամերիկացի հետազոտողները նաև պարզել են, որ տղամարդկանց 67%-ը կրում է վզի համար չափազանց փոքր օձիքներով վերնաշապիկներ, ինչը փոքր-ինչ աղավաղում է նրանց տեսողությունը։ Ուստի կարևոր է հագնել համապատասխան վերնաշապիկներ. մատը պետք է հեշտությամբ տեղավորվի պարանոցի և օձիքի միջև:
Կանանց մոտ «մատիտ» կիսաշրջազգեստները, որոնք սահմանափակում են ոտքերի շարժումը քայլելիս, մեծացնում են ճնշումը մեջքի ստորին հատվածում։ Սա կարող է հանգեցնել մեջքի և ազդրի ցավերի, հատկապես, երբ համակցված է կրունկների հետ: Ուստի ավելի լավ է ընտրել ճեղքվածքով կամ էլաստիկ գործվածքից պատրաստված կիսաշրջազգեստներ։ Բացի դրանից, ոչ պատշաճ կրծկալ կրելը կարող է առաջացնել կողոսկրերի աճառի բորբոքում, որը նման է սուր ցավի կրծքավանդակի առջևի հատվածում. այն որոշ մարդիկ սխալմամբ համարում են սրտի կաթված:
Սեղմող կիպ հագուստները նախատեսված են արյան հոսքը բարելավելու համար, սակայն կարող են վտանգավոր լինել մեծահասակների համար: Journal of Science and Medicine in Sport ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ 60-ից բարձր հիպերտոնիայով, գիրությամբ կամ շաքարախտով մարդիկ 9%-ով ավելի քիչ տարածություն են վազել նեղ հագուստով: Բացի դրանից, Նավարայի համալսարանի գիտնականների փորձը ցույց է տվել, որ կիպ սպորտային հագուստը չափազանց բարձրացնում է մարմնի ջերմաստիճանը և սրտի զարկերը 60 տարեկան մարդկանց մոտ՝ մեծացնելով սրտի կաթվածի վտանգը: