Հայաստանի կողմից հակառուսական շատ քայլեր դեմոնստրատիվ բնույթ են կրում․ Տարասով

Նախօրեից հայաստանյան ԶԼՄ-ները, տելեգրամյան ալիքները տեղեկություններ են հրապարակում, թե մարտին սպասվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցը Հայաստանի Հանրապետություն։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն արձագանքելով տարածվող լուրին՝ ասել է, թե բարձրաստիճան այցերի մասին պատշաճ ժամկետներում պաշտոնապես իրազեկվում է։

Այնուամենայնիվ, ՀՀ ԱԳՆ-ն չի հերքել այդ լուրը, մինչդեռ հստակ օրեր են շրջանառվում, խոսքը մարտի 4-ի մասին է, հայտարարվում է նաև, որ սա լինելու է ռեգիոնալ այց։ Ուկրաինայի նախագահը կայցելի նաև Ադրբեջան։

Ռուսական փորձագիտական համայնքը, բնականաբար, բավականին բուռն է արձագանքում այս տեղեկությանը՝ նշելով, թե այս այցը Հայաստանը կվերածի հետսովետական տարածքում ամենահակառուսական երկրի, Երևանին վերջնականորեն գցելով արևմտյան «դաշտ»։

Կարդացեք նաև

Նշենք, որ այս տեղեկությունները տարածվեցին, երբ օրերս Մյունխենում Անվտանգության ամենամյա կոնֆերանսի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հայտարարեց, որ Ուկրաինայի հարցում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։ Նա նաև Ալմա Աթայի հռչակագրով ճանաչեց Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։

Ըստ ամենայնի, քիչ դերակատարություն չի ունեցել նաև անցյալ տարի Աննա Հակոբյանի աղմկահարույց այցն Ուկրաինա։ Ուշագրավ է, որ այս ամենը տեղի է ունենում Կիևի կողմից Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ ռազմական գործողություններին ամուր աջակցության ֆոնին։ Երկար ժամանակ չի անցել, և շատերն են հիշում Ուկրաինայից հնչող այն հայտարարությունները, որոնք կոչ էին անում Ադրբեջանին ռեգիոնը վերածել Ռուսաստանի համար երկրորդ ճակատի՝ զոհասեղանին դնելով հայկական շահերը։

Մեզ հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ վերջին օրերին այն, ինչ հայտարարում են ՀՀ իշխանությունները, այդ թվում՝ Զելենսկիի Հայաստան և Ադրբեջան այցելելու լուրը, տեղավորվում է Հարավային Կովկասում արևմտյան սցենարների շրջանակում։

«Թե ինչ է տալու Հայաստանին պարտվող Ուկրաինայի ղեկավարին ընդունելը՝ դժվար չէ ենթադրել, ոչինչ, բացի այն, որ հաստատելու է Հայաստանի աջակցությունը Ուկրաինային, Ուկրաինան իր հերթին՝ ինչ-որ քայլերի պետք է դիմի այս տրամաբանության շրջանակում, որոնք, իհարկե, համեմատելի չեն լինի այն ամենի հետ, ինչ Հայաստանն է անում։ Արևմուտքն ամեն կերպ ցանկանում է քայլերով տեսնել, որ ՀՀ իշխանությունները մերժում են Ռուսաստանին և չեն խորշում քայլերից, որոնք կարող են ՀՀ-ՌԴ հերթական խնդրի պատճառը դառնալ։ Տևական ժամանակ մենք քննարկում էինք, որ անցումը թեթև չի լինելու, ինչպես գուցե Հայաստանում են պատկերացնում, Արևմուտքը դա անում է հնարավորինս սուր՝ հաշվի չառնելով ռեգիոնի առանձնահատկությունները»,- նկատեց Ստանիսլավ Տարասովը։

Սակայն Տարասովը նաև գտնում է, որ Հայաստանի բոլոր այս քայլերն ավելի շատ դեմոնստրատիվ բնույթ ունեն, քանի որ աշխարհաքաղաքական լուրջ շրջադարձի ռեսուրս Հայաստանը չունի և պետք է փորձի նման քայլերով ինչ-որ բան ցույց տալ, Արևմուտքից աջակցություն ստանալ՝ Թուրքիային և Ադրբեջանին զսպելու համար։ Ռուս վերլուծաբանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ բոլոր հակառուսական հայտարարությունները և որոշումներն արվում են Արևմուտքում և արևմտյան ԶԼՄ-ներին տրվող հարցազրույցներում։

Նրա խոսքով, ՀԱՊԿ անդամակցությունը ոչ ֆորմալ առումով սառեցված է, բայց մյուս ուղղություններով աշխատանքը շարունակվում է։

«Հայաստանն ու Ադրբեջանն աշխարհաքաղաքական տիրույթում անում են՝ ինչպես կարճաժամկետ, այնպես էլ՝ երկարաժամկետ ազդեցությանը միտված քայլեր։ Սակայն այդ քայլերը կրում են նաև խառը բնույթ, քանի որ աշխարհաքաղաքական իրավիճակն ամեն օր է փոխվում, և այսօր պատերազմի դաշտում իրավիճակն Ուկրաինայի օգտին չէ»,-նկատեց Տարասովը։

Տեսանյութեր

Լրահոս