Շատ ավելի բարդ հարց է ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցը․ ռազմական վերլուծաբան

Մյունխենի անվտանգության 60-րդ կոնֆերանսում արևմտյան մի շարք ղեկավարների հետ շփումներից հետո Նիկոլ Փաշինյանը Փարիզ կատարած աշխատանքային այցի ընթացքում տված հարցազրույցում մի շարք աղմկահարույց հայտարարություններ է արել ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի առնչությամբ։

France 24-ին տված հարցազրույցից մի շարք հատվածներ են տարածվել ԶԼՄ-ներում, որոնց համաձայն՝ Փաշինյանը նշել է, որ Ալիևը ձգտում է ոչ թե խաղաղության պայմանագիր կնքել՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, այլ Հայաստանում նոր տարածքներ ձեռք բերել։

Ուշագրավ է, որ սա ասում է Նիկոլ Փաշինյանը, որը 2020 թվականի ողբերգական պատերազմից հետո սկսեց ակտիվորեն խոսել, այսպես կոչված, «Խաղաղության դարաշրջանի» մասին՝ հետո այն վերածելով «Խաղաղության խաչմերուկ» նախագծի։

Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունն էր վերջին տարիներին լծված հասարակության զգոնությունը բթացնելու գործին, և ահա միայն հիմա է Փաշինյանը հայտարարում, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել։ Մի բան, որի մասին պատերազմից հետո խոսում էին բոլորը՝ հայտարարելով, որ Արցախից հետո հերթը Հայաստանինն է լինելու։

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին սառեցված է։

Նա ընդգծել է նաև, որ Հայաստանում ռուսական ռազմակայանի պահպանման հարցը ներկայումս չի քննարկվում։ Այսինքն՝ քննարկվում է ռազմակայանը ՀՀ-ից դուրս բերելու հարցը։ Ավելի վաղ, 2023 թվականի հոկտեմբերի 25-ին, The Wall Street Journal-ին տված հարցազրույցում Փաշինյանը, անդրադառնալով Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հնարավորությանը, նշել էր, որ Հայաստանը ներկայումս նման հարց չի քննարկում, սակայն միևնույն ժամանակ դժգոհել էր ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազայի գործունեությունից.

«Մենք նման հարց չենք քննարկում։ Կարծում եմ՝ սա Հայաստանի և Ռուսաստանի, Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև աշխատանքային քննարկումների օրակարգում կլինի»։

Նա նաև ասել էր, թե այս պահին Հայաստանում ռուսական ռшզմաբազաների ներկայության հարցում առավելություններ, ցավոք, չեն տեսել։

Եվ պարզվում է, որ, ըստ ՀՀ իշխանությունների, իրենք սառեցրել են ՀՀ անդամակցությունը ՀԱՊԿ-ին՝ դրանով իսկ կատարելով աշխարհաքաղաքական լուրջ քայլ, սակայն գործընկերները դրանից տեղյակ չեն, նրանց հետ կուլիսային համապատասխան աշխատանք չի իրականացվել։

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Փաշինյանի խոսքերից հետո Ռուսաստանը պարզաբանման է սպասում հայկական կողմից։

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ իրենք հայկական կողմից պաշտոնական դիմումներ չեն ստացել։

«Հայկական կողմը պաշտոնական գործողություններ չի ձեռնարկել այս առումով։ Ես նկատի ունեմ՝ կապվել մեր գործընկերների հետ և պարզաբանել այդ հայտարարությունների իմաստը։ Այս պահին որևէ շփում չկա և չի եղել։ Բայց աշխատանքային շփումների շրջանակում, իհարկե, մենք մեր հայ բարեկամներից կպարզենք, թե ինչ նկատի ուներ։ Այդ պատճառով մենք կշարունակենք մեր երկխոսությունը Երևանի հետ»,- ասել է Պեսկովը։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը հայտնել է, որ Երևանից հայտ չի ստացել անդամակցության կասեցման մասին։

«Մինչ օրս ՀԱՊԿ քարտուղարությունը ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցման մասին հայտ չի ստացել Երևանից, իսկ ինչ վերաբերում է մասնակցությունը սառեցնելու վերաբերյալ թեզին, ապա, ըստ ամենայնի, խոսքը վերաբերում է նրան, որ Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցում վերջին շրջանում կազմակերպության կողմից անցկացվող մի շարք միջոցառումներին»,- ՀԱՊԿ քարտուղարությունից հայտնել են «ՌԻԱ Նովոստի»-ին:

Ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այս հայտարարություններում մեծ անակնկալ ռուսական կողմի համար չկա, քանի որ ՀՀ իշխանությունների քայլերի տրամաբանությունը հուշում էր, որ ՀԱՊԿ անդամակցության դադարեցման մասին գործընթաց կնախաձեռնվի։

Սակայն, նրա խոսքով, ոչ թե գործընթաց նախաձեռնվեց, այլ հայտարարվեց, և տարօրինակ է, որ այդ մասին հայտարարվում է Ֆրանսիայում, սակայն չի քննարկվում գործընկերների հետ և համապատասխան ընթացակարգով տեղի չի ունենում։

Վերլուծաբանի կարծիքով, Մյունխենի անվտանգության կոնֆերանսը, ամենայն հավանականությամբ, առանցքային է եղել այս հայտարարությունների առումով, քանի որ Արևմուտքը Հայաստանի Հանրապետությունից գործնական քայլեր է ակնկալում Ռուսաստանի ուղղությամբ, ուստի Երևանը տևական ժամանակ արվող ակնարկներից, հայտարարություններից հետո նման բան է անում՝ իբրև թե փորձելով բավարարել Արևմուտքին, ինչպես նաև Ռուսաստանի հետ հարաբերությունները էապես չսրել, քանի որ ՀՀ-ից անընդհատ խոսում էին այդ մասին, կարծես ՀԱՊԿ-ին նախապատրաստելով սրան։

«Կարծում եմ՝ արդեն շատերի համար պարզ է, որ մի օր էլ հայտարարվելու է, թե Հայաստանը ՀԱՊԿ անդամ չէ, թեև դրա համար որևէ ընթացակարգ տեղի չի ունեցել, այսինքն՝ ուղիղ այդ մասին ՀԱՊԿ-ին, Ռուսաստանին և մյուս գործընկերներին չի ասվում, այլ հայտարարվում է Արևմուտքում։ Սա ինքնին շատ հետաքրքիր երևույթ է, երբ նման բաների մասին հայտարարվում է։ Իհարկե, կասեն, որ դժգոհ էին ՀԱՊԿ-ից, որ հրաժարվում էին ՀԱՊԿ-ում պաշտոններից, չէին մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն նման որոշումները նման ձևով, առավել ևս՝ Արևմուտքում, չեն հայտնում։ Պարզապես հայտնում են Արևմուտքում, քանի որ այնտեղ դա են ցանկանում լսել»,- ասաց վերլուծաբանը։

Նրա կարծիքով, շատ ավելի բարդ է ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցը, որից հնարավոր չէ խոսել եվրոպական մայրաքաղաքներում և համարել, որ հարցը լուծված է, քանի որ բազան ՀՀ-ից հանելը ենթադրում է այդ մասին ուղիղ խոսել Ռուսաստանի հետ։

«Կարծում եմ, սրանից Հայաստանում խուսափում են։ Սակայն այդ հարցին մոտ գալիս պետք է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների իրավապայմանագրային ողջ բազան»,- ասաց նա։

Սակայն, նրա խոսքով, չի բացառվում նաև, որ այս հարցում ևս ինչ-որ անհասկանալի զարգացումներ տեղի ունենան։

Նրա խոսքով, այդ նույն տրամաբանության շրջանակում է նաև ռուս սահմանապահներին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի մեջ և եվրոպացի դիտորդների մուտքը այդ գոտի արգելելու համար մեղադրելը։

«Կարծում եմ՝ ՌԴ-ն պետք է ուսումնասիրի այս հարցը և համապատասխան արձագանքով հանդես գա։ Ես հասկանում եմ, որ ՊՆ-ն և դիվանագիտական գերատեսչությունն ունեն ավելի առաջնահերթ հարցեր, շատ հարցեր, որոնցով ներկայումս զբաղվում են, սակայն այս հարցերը ևս պետք է պարզաբանվեն, որպեսզի հանրության շրջանում չպարզաբանված չլինեն և չհնչեն անհիմն մեղադրանքներ, որոնք դառնում են հակառուսական տրամադրությունների համար լավ հիմք։ Ամփոփելով՝ կրկին ասեմ, որ սա զարմանալի չէ, բայց արդյո՞ք ՀՀ աշխարհաքաղաքական խաղադրույքները ճիշտ են։ Խիստ կասկածում եմ»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, թե Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա, Եվսեևը նշեց, որ պատերազմի վտանգի մասին խոսվել է միշտ։ «ՀՀ իշխանությունները երևի թե այդ մասին խոսում են Արևմուտքից սպառազինություն ձեռք բերելու կոնտեքստում»,- նկատեց նա։

Տեսանյութեր

Լրահոս