
ՀՀ դատախազությունը հետախուզվող ադրբեջանցու հանձնման միջնորդություն է ուղարկել ՌԴ

Քամիլ Զեյնալլին Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության աջակցությամբ ազատ էր արձակվել։
ՀՀ դատախազությունը հետախուզվող ադրբեջանցու հանձնման միջնորդություն է ուղարկել ՌԴ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։
«ՀՀ դատախազությունն այսօր ՀՀ իրավասու մարմնից ստացել է Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից նախօրեին հայտնաբերված՝ հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցուն ՀՀ–ին հանձնելու վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը»,– գրել է նա:
Նշված փաթեթը՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից կազմված հանձնման միջնորդության հետ միասին, ուղարկվել է ՌԴ գլխավոր դատախազություն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Զեյնալլին տեսանյութ էր հրապարակել սոցցանցերում և հայտնել, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում իրեն ձերբակալել և տարել են ոստիկանության բաժանմունք։ Նա նաև նշել էր` ՌԴ իրավապահներն իրեն հայտնել են, որ Հայաստանն է իր նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել ու վաղն էլ ռուսական դատարանի առջև է կանգնելու ու կարող է Հայաստանին փոխանցվել։
Ավելի ուշ ՀՀ ՆԳՆ-ն հայտարարեց, որ Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցու նկատմամբ սպանության մեղադրանքով կա հայտարարված միջպետական հետախուզում։ Տեղեկություններ կան, որ նա կասկածվում է Արցախի Հանրապետությունում 44-օրյա պատերազմի ժամանակ ծեր մարդուն գլխատելու մեջ։
Քամիլ Զեյնալլին Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության աջակցությամբ երեկ ազատ էր արձակվել։