«Իրանը «Զանգեզուրի միջանցքին» այլընտրանք ճանապարհ է առաջարկել Ադրբեջանին, ընթացել են բանակցություններ». Փույա Հոսսեյնի
Ադրբեջանն ու Թուրքիան տարբեր առիթներով հայտարարում են, որ եթե Հայաստանը ցանկություն չունենա բացելու «Զանգեզուրի միջանցքը», ապա այդ ճանապարհն անցնելու է Իրանով։
Օրերս Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքին» երկու այլընտրանքային տարբերակ կա, եթե Հայաստանը «միջանցք» չբացի, ապա իրենք այն կբացեն Իրանով։
Ի՞նչ դիրքորոշում ունի պաշտոնական Թեհրանն այդ «միջանցքի» բացման վերաբերյալ, արդյո՞ք Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից այդ միջանցքի բացումը բխելու է Իրանի շահերից։
168.am-ի հետ զրույցում «Հայաստան-Իրան» ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Փույա Հոսսեյնին ասաց՝ տարիներ շարունակ Ադրբեջանը Նախիջևանի հետ կապ է հաստատել Իրանի տարածքով և այժմ խոսում է ավելի բարելավված ճանապարհներ, երկաթգիծ ունենալու մասին, որպեսզի կարողանան ավելի լավ երթուղիով Նախիջևանից Ադրբեջան և հակառակ ուղղությամբ գնալ։
«Իրանը «Զանգեզուրի միջանցքին» այլընտրանք ճանապարհ է առաջարկել Ադրբեջանին և հարցի շուրջ բանակցություններ են ընթացել։ Կա պայմանավորվածություն, անգամ աշխատանք այդ ուղղությամբ, քանի որ Իրանը ցանկանում է այլընտրանք ճանապարհ տրամադրելով Ադրբեջանին՝ նրան հետ պահել «Զանգեզուրի միջանցքի» գաղափարից։
Միանշանակ է, որ Ադրբեջան-Նախիջևան անցնող ճանապարհն Իրանի տարածքով վերահսկելու է Իրանը։ Այստեղ Իրանի շահն այն է, որ ազդեցություն ու վերահսկողություն կունենա այդ ճանապարհի վրա և դրա միջոցով կմեծացնի ազդեցությունը նաև Ադրբեջանի վրա»,- նշեց Փույա Հոսսեյնին։
Նրա խոսքով՝ այդ ճանապարհի միջոցով Իրանը ճնշման և զսպման գործիք կունենա Ադրբեջանի ու Թուրքիայի վրա, այսինքն՝ կունենա զսպման մեխանիզմ տարբեր ժամանակահատվածներում ու իրավիճակում։
Այդուհանդերձ մեր զրուցակիցը վստահ է, որ Իրանն ինչ քայլեր էլ ձեռնարկի, Ադրբեջանն ու Թուրքիան «Զանգեզուրի միջանցքի» ծրագրից ու այն բացելու երազանքից չեն հրաժարվելու։
«Այդ երկու երկրների երակարաժամկետ երազանքն ու ծրագիրն է եղել՝ տիրանալ Սյունիքին և բացել «միջանցք», որպեսզի թուրքական աշխարհը միացնեն իրար և վերացնեն Հայաստանին։ Սա պանթուրքիզմի գաղափարն է՝ կառուցեն մեծ թուրան։ Նրանք տարբեր ժամանակներում փորձել են այդ երազանքն իրականություն դարձնել, սակայն չի հաջողվել, այսօր հերթական փորձն են անում։ Մեր երկու երկրները՝ Իրանն ու Հայաստանը, պետք է զգոն լինեն այդ հարցում, երբ մենք թուլանանք՝ թուրք-ադրբեջանական տանդեմն այդ ծրագիրը կյանքի կկոչի»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Նա նշեց, որ տարիներ շարունակ Իրանը Թուրքիային ու Ադրբեջանին զգուշացնում է, որ հետ կանգնի այդ նկրտումներից։ Իրանը մինչև հիմա կարողացել է տարբեր զորավարժություններով, աշխարհաքաղաքական տարբեր մեսիջներով զսպել այդ նկրտումները։
Նա վկայակոչեց Թուրքիայի նախագահի հարցազրույցներից մեկը, որտեղ վերջինս խոստովանում է, որ «Զանգեզուրի միջանցքը» չի բացվում, քանի որ Իրանը թույլ չի տալիս։
«Սա ցույց է տալիս, որ Իրանը չեզոքացրել է այդ վտանգը, դրանից հետո էլ շարունակում է այդ քաղաքականությունը, քանի որ Իրանը հասկանում է, որ այդ գաղափարի կյանքի կոչելը մեծ վնաս է հասցնելու ոչ միայն Հայաստանին, այլև Իրանին, դա Իրանը երբեք թույլ չի տալու»,- ասաց Փ. Հոսսեյնին։
Գնահատելով Իրան-Հայաստան և Իրան-Ադրբեջան հարաբերությունները, նա նկատեց՝ Իրանի հետ հարաբերությունները Հայաստանի ու Ադրբեջանի հետ հնարավոր չէ մեկ հարթությունում գնահատել, քանի որ Ադրբեջանի հետ հարաբերություններում Իրանն ավելի շատ զսպող քաղաքականություն է վարում։
«Ադրբեջանը մտել է հակաիրանական բլոկի մեջ, Իրանի ոխերիմ թշնամու՝ Իսրայելի հետ լայն համագործակցություն ունի։ Սա ցույց է տալիս, որ Իրանն ու Ադրբեջանը մեծ հակասություններ ունեն, մինչև դրանք լուծում չստանան, Ադրբեջանի հետ Իրանի հարաբերությունները նորմալ վիճակում չեն լինելու։
Իսկ Իրան-Հայաստան հարաբերությունները բարեկամական են, ավելի անկեղծ են։ Իրանի շահերն ու անվտանգությունը համընկնում է Հայաստանի շահերի ու անվտանգության հետ։ Այդ պատճառով էլ Իրանն ու Հայաստանը պետք է լայն համագործակցություն ունենան բոլոր ոլորտներում։ Մենք հազարամյա բարեկամ երկրներ ենք, իհարկե, որոշակի հակասություններ եղել են, բայց դրանք չեն կարողացել ազդել մեր խոր և ջերմ հարաբերությունների վրա։ Իրանը տարբեր հարևաններ ունի, բայց Հայաստանի կողմից երբեք վտանգ չի սպասել, դրա համար Հայաստանին դիտարկում է՝ որպես վստահելի հարևան և գործընկեր։
Իրանը հարգում ու աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և անկախությունը, սա կարևոր ցուցիչ է Իրան-Հայաստան հարաբերություններում։ Տարածաշրջանի բոլոր դերակատարներին Իրանն ուղիղ ասել է, որ Հայաստանի սահմաններն Իրանի համար «կարմիր գիծ» է, սա շատ կարևոր վերաբերմունք է Իրանի կողմից Հայաստանի նկատմամբ»,- եզրափակեց Փույա Հոսսեյնին։