Բաժիններ՝

Քրիստոնյան, լինելով աշխարհի լույսը, չպետք է թաքցնի իր քանքարները

Աշխարհում ապրող յուրաքանչյուր անձ կարող է լուսավորվել ճշմարիտ լույսով՝ մեր Տեր  Հիսուս Քրիստոսով, որ Իր մասին ասել է. «Ես եմ աշխարհի լույսը: Ով որ Ինձ հետևի, խավարի մեջ չի քայլի, այլ կունենա այն լույսը, որ առաջնորդում է դեպի կյանք» (Հովհ. 8:12): Տերը լուսավորեց աշխարհն Իր աստվածային ուսմունքով, Իր սուրբ կյանքով և պատգամեց Իր հետևորդներին աշխարհի լույսը լինել.

«Դո՛ւք եք աշխարհի լույսը: Մի քաղաք, որ լեռան վրա է կառուցված, չի կարող թաքնվել: Ոչ ոք ճրագը վառելով կաթսայի տակ չի պահում, այլ այն դնում է աշտանակի վրա, որպեսզի լույս տա տան մեջ գտնվողներին: Այդպես էլ թող ձեր լույսը շողա մարդկանց առջև, որպեսզի նրանք տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթ. 5:14-16):

Ովքե՞ր են այն ճրագները, որ լուսարձակել և լուսարձակում են Քրիստոսի լույսը՝ տարածելով ամենուր: Աշխարհի առաջին ճրագները Քրիստոսի կողմից ընտրված առաքյալներն էին: Նրանք տարածեցին Քրիստոսի աստվածային ուսմունքը ողջ աշխարհով մեկ, ընդօրինակեցին Քրիստոսին և Նրա հետքով քայլեցին: Նրանք փայլեցին աշխարհում Փրկչի հանդեպ ունեցած իրենց մեծ սիրով, մերձավորների փրկության համար իրենց կյանքը տալու պատրաստակամությամբ: Նրանք Քրիստոսի ուսմունքի ճշմարտացիությունն իրենց կյանքով վկայեցին, քանի որ գործերի լույսը նույնքան պարզ և արդյունավետ է, որքան վարդապետության լույսը:

Եկեղեցու հայրերը, անդրադառնալով առաքյալների գործունեությանը, նշել են, որ նրանք կոչված էին՝ մտքով կույրերին լուսավորելու, բարոյապես մահացածներին կենդանացնելու, անհավատներին հավատքի բերելու, մեղավորներին ապաշխարության առաջնորդելու: Ինչպես արևն է իր լույսը տալիս լուսնին, այնպես էլ Տերն Իր շնորհի լույսով լուսավորեց առաքյալներին, նրանց միջոցով էլ ողջ աշխարհին:

Կարդացեք նաև

Ինչպես արևի լույսն է ցրում խավարը, այնպես էլ առաքյալները Ավետարանի լույսով ցրեցին կռապաշտության խավարը: Արևը ոչ միայն լուսավորում, այլ նաև ջերմացնում է. առաքյալները Քրիստոսի շնորհով ջերմացրին մարդկանց կարծրացած սրտերը և կենդանացրին՝ բարին գործելու համար:

Առաքյալների իրավահաջորդները քրիստոսահիմն Եկեղեցու հոգևորականներն են, որ իրենց ծառայասիրությամբ և Աստծու փառքի հանդեպ նախանձախնդրությամբ աստվածային լույսն են տարածում ամեն օր: Որտեղ էլ որ լինեն Քրիստոսի հետևորդները, ճրագների նման լուսավորում են իրենց շուրջը: Մարդու հոգում բարության բնական կայծ կա և այդ կայծը լավագույնս վառվում է բարության ու ճշմարտության օրինակով: Տերը պատվիրեց իր բոլոր հետևորդներին աստվածային լույսի տարածողները լինել և իրենց խոսքով ու կյանքով իրենց մերձավորների հավատքի զորացման պատճառ հանդիսանալ: Որքան քրիստոնյայի մեջ աճում է սերը, հավատը և բարեպաշտությունը, այնքան առավել է աճում նախանձախնդրությունը՝ Աստծու այգում Աստծու փառքի համար գործելու:

Փրկիչն Իր փրկարար արյունը թափեց բոլորի համար և բոլորի համար դուռ բացեց դեպի Երկնային Արքայություն: Մարդկանցից յուրաքանչյուրն իր կյանքով կա՛մ նպաստում, կա՛մ խոչընդոտում է Քրիստոսի լույսի տարածմանը: Ամեն մի արարք՝ լավ թե վատ, որքան էլ աննշան լինի, ազդեցություն է թողնում, այսինքն՝ յուրաքանչյուրն իր գործունեությամբ իր նպաստն է բերում ընդհանուր բարոյական կյանքին, որտեղ ոչինչ անհետք չի անցնում: Այն, որ փոքր բարի գործն էլ կարող է մեծ ազդեցություն թողնել, վկայում է Ավետարանում նկարագրվող այրի կնոջ պատմությունը, որ տաճարի գանձանակում երկու լումա գցեց, և Տերը նրան հայտնի դարձրեց որպես ճշմարիտ գթասրտության օրինակ:

Ոչ ոք չի կարող ասել, որ ինքը հասարակության մեջ այնպիսի դիրք չի զբաղեցնում, որ իր կյանքով ու գործով հետք թողնի Աստծու այգում: Մի փոքր լույսն անգամ մոլորված ճամփորդին կարող է առաջնորդել և փրկել մահվանից: Մի խոսքով՝ բարի գործի ազդեցությունը միշտ իրական է, բայց ոչ միշտ զգալի: Քրիստոնյայի աստվածահաճո կյանքը կարող է ազդել նաև նրանց վրա, ովքեր չեն ճանաչում ճշմարիտ Աստծուն:

Որքան բարձր է մարդու զբաղեցրած պաշտոնը, այնքան մեծ է նրա ազդեցությունը մարդկանց վրա, այսինքն՝ բարձր պաշտոն կրողը պետք է ուշադիր լինի իր գործունեության մեջ, քանի որ մեծ պատասխանատվություն է կրում Աստծու և մերձավորների հանդեպ: Որքան բարձր է տեղանքը, այնքան ավելի լայն է հորիզոնը, այնքան աչքը կարող է ավելի հեռուն տեսնել: Հասարակական կյանքում բարձր դիրք զբաղեցնողը կարող է հավատքի և առաքինության լույսը տարածող լինել՝ նպաստելով Աստծու անվան փառքի տարածմանը:

Ըստ հայրաբանության՝ քրիստոնյաները, լինելով աշխարհի լույսը, չպետք է թաքցնեն իրենց քանքարները (Մատթ. 25:18), այսինքն՝ իրենց առաքինությունները: Ինչպես լեռան վրա կառուցված քաղաքը չի կարող թաքնվել, այնպես էլ Աստծուն մոտեցած հոգին, որ զարդարված է առաքինություններով, չի կարող թաքնվել ուշադիր աչքերից:

Կազմեց Կարինե Սուգիկյանը

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս