Տիգրան Աբրահամյանը պարբերաբար գնում է առաջնագիծ, չենք խոսում՝ ազգային անվտանգությունից ելնելով. Գեղամ Մանուկյան
Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անդրադարձավ Հանրային հեռուստաընկերության եթերում հանձնաժողվի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը։
Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանն ասել էր, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն ավելի շատ ծանոթ են առաջնագծի աշխատանքներին, դրա համար վատ բան չեն ասում, չեն քննադատում։
«Առնվազն ասեմ, որ առաջնագիծ գնալու, ավելի շատ երկրորդ գծում կատարվող աշխատանքներին հետևել է նաև Տիգրան Աբրահամյանը, նա պարբերաբար լինում է զորամասերում։
Ինչ վերաբերում է վատ բան չասելուն՝ շատ բաներ կան, որոնց մասին ուղղակի չենք հայտարարում, չենք խոսում՝ ելնելով ազգային անվտանգությունից, պաշտպանության մասին մտահոգություններից։ Օրինակ, դեկտեմբերին մեր այցից հետո՝ Սեյրան Օհանյանի, Տիգրան Աբրահամյանի ու իմ, Պաշտպանության նախարարին կետ առ կետ, մանրամասն գրել ենք։
Ի դեպ, վերջին կետը, որ գրել ենք, հետևյալն է՝ սահմանափակել քարոզչական առումով ամրաշինական աշխատանքների մասին քաղաքական շրջանակների, ԱԺ իշխանական պատգամավորների կողմից տարաբնույթ հարցազրույցներում, հայտարարություններում գաղտնիության թույլատրելիության սահմանն անցնելը և դա ներքաղաքական գործունեության մեջ շահարկելը»,- նշեց Գեղամ Մանուկյանը։
Շարունակելով թեման՝ Գեղամ Մանուկյանն ասաց՝ ինչպե՞ս է ստացվում, որ երկու ամիս զինվորները մարտական հենակետից հերթափոխի չեն ենթարկվում։
«Եղե՞լ է այդպիսի դեպք, որ զինվորները 15 օրից ավելի մարտական հերթափոխ չանեն»,- շեշտեց Գեղամ Մանուկյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում