Բաժիններ՝

Մեծ Պահք. 5 հարց ու պատասխան

– Եթե սկզբից չենք պահել Պահքը, կարո՞ղ ենք այն պահել ընթացքում. եթե խախտել ենք կարգը, կարո՞ղ ենք շարունակել պահեցողությունը։

– Պահքը մեր ազատ որոշումն է՝ դեպի Աստված վերադառնալու: Ցանկացած ժամանակահատվածից կարելի է պահքի մեջ մտնել, եթե ինչ-որ պատճառով չի ստացվել պահեցողության առաջին օրվանից այն պահել: Պահքը խախտելու դեպքում՝ չիմացության կամ այլ հանգամանքներով պայմանավորված, կարելի է զղջալ ու շարունակել պահեցողությունը, բայց լինել ավելի ուշադիր: Կարևոր է անկեղծ լինել, որպեսզի որևէ բան չլինի ձևական:

– Կարելի՞ է օգտագործել մեղր։

– Մեծ Պահքի ընթացքում կարելի է մեղր ճաշակել, քանի որ այն բուսական ծագման սննդամթերք է:

Կարդացեք նաև

– Կարելի՞ է օգտագործել ծխախոտ, ալկոհոլ, այցելել զվարճանքի վայրեր

– Պահոց շրջանը մարմնական զսպվածության, աշխարհիկ հաճույքներից հրաժարվելու ու աղոթքի միջոցով Աստծուն մոտենալու հնարավորություն է:

Մեծ Պահքի ընթացքում պետք է հեռու մնալ մոլություններից՝ ծխախոտ, ոգելից խմիչք, թմրադեղ, թղթախաղ: Ցանկալի չէ օգտագործել անգամ ոգելից խմիչք, քանի որ այն թմրեցնող է, իսկ Քրիստոս Ավետարանում ասում է.

«Արթուն մնացեք և աղոթք արեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք» (Մատթ. 26.41):

Պետք է խուսափել նաև զվարճանքի վայրեր այցելելուց, զուսպ լինել: Պահքի ամբողջ նպատակն ու իմաստն ապաշխարությամբ ու զղջմամբ մեր անձը պատրաստելն է Սուրբ Հաղորդություն ստանալուն: Պետք է զսպել մեր մարմնական ցանկությունները, որպեսզի հոգևոր ցանկություններն առաջ գան, որպեսզի մարդը հիշի, որ ինքը մարմնավոր էակ լինելուց բացի՝ նաև հոգևոր էակ է, և հոգևոր կյանքն ավելի կարևորություն ստանա:

– Կարելի՞ է հայհոյել, կռվել, վիճաբանել

– Մեծ Պահքը հոգևոր մաքրագործման ճանապարհն է: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անօգուտ է: Պետք է մաքրել մտքերը, հրաժարվել լեզվի «հիվանդություններից»` ստախոսությունից, հայհոյանքից, շատախոսությունից, որոնք դեմ են մարդկային արժանապատվությանն ու պղծում են մարդուն։ Պետք է հրաժարվել վիճաբանություններից, կռիվներից, որոնք խանգարում են մեր ու մեր շուրջ եղողների խաղաղությունը: Դրա փոխարեն պետք է բարիք գործել, դիմացինին օգնել: Զղջումը, աղոթքն ու ապաշխարությունը պետք է ուղեկցեն մեզ ողջ Պահքի շրջանում։

– Կարելի՞ է օգտագործել դեղամիջոցներ

– Հաճախ մարդիկ հարցնում են՝ արդյո՞ք կարող են Մեծ Պահքի ընթացքում օգտագործել դեղամիջոցներ, որոնք պատրաստված են կենդանական ծագման յուղերից՝ օրինակ՝ ձկան յուղից: Դեղորայք օգտագործելու արգելք չկա, անկախ նրանից, թե ինչ բաղադրություն ունի: Եթե վտանգված է առողջությունը, ապա պետք է օգտագործել դեղամիջոցը:

– Կարելի՞ է մկտրվել

– Մկրտության համար տարվա ընթացքում ոչ մի արգելված օր չկա: Մեծ Պահքի ժամանակ սովորաբար չի կատարվում պսակադրություն, սակայն հաշվի առնելով մարդկանց անտեղյակությունը՝ եկեղեցին ընդառաջում է ու կատարում է պսակը՝ նախընտրելով օրհնել զույգերին ու բացառել առանց օրհնության ընտանիք կազմելու հանգամանքը:

Արգելքներից զատ պետք է հիշել Մեծ Պահքի գլխավոր նպատակը՝ վերադառնալ դեպի Աստված, հայացքով դառնալ դեպի Տերը:

qahana.am

Տեսանյութեր

Լրահոս