
Վրաստանը պատրաստ կլինի 2030 թվականին անդամակցել Եվրամիությանը. վարչապետ Կոբախիձե

Վրաստանը 2030 թվականին պատրաստ կլինի անդամակցել Եվրամիությանը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունը:
«Մի բան կարելի է ասել՝ մենք հավակնոտ ծրագրեր ունենք Վրաստանի՝ Եվրամիությանն ինտեգրվելու համար։ 2030 թվականին, որը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն անվանեց ընդլայնման տարի, Վրաստանը մյուս թեկնածու երկրների համեմատությամբ ավելի պատրաստ կլինի անդամակցությանը: Մենք ունենք հավակնոտ ծրագիր, և մենք հավատարիմ ենք անդամակցության համար անհրաժեշտ բարեփոխումների ծրագրին», – ասել է Կոբախիձեն Բրյուսելում Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ համատեղ ասուլիսում։
Բորելի հայտարարության համաձայն ՝ Վրաստանին անհրաժեշտ է ավարտել բարեփոխումներն այս տարի ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար:
«Ինչ վերաբերում է հեռանկարին, ապա Եվրամիության դռները Վրաստանի համար բաց են», – ասել է Բորելը: