Բլինքեն ընդգծել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև բանակցային ու խաղաղ գործընթացում ջանքերը շարունակելու ԱՄՆ պատրաստակամությունը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ընդգծել է ԱՄՆ պատրաստակամությունը` շարունակելու ջանքերը բանակցային ու խաղաղ գործընթացում և երկխոսությունը շարունակելու հույս է հայտնել:
ՀՀ կառավարությունը մանրամասներ է ներկայացրել Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Փաշինյան-Բլինքեն հանդիպումից:
Ողջույնի խոսքում Փաշինյանը հանդիպումը համարել է շատ լավ հնարավորություն՝ քննարկելու տարբեր հարցեր: «Իհարկե, տարածաշրջանային հարցերը ևս շատ կարևոր են մեր օրակարգի համար։ Դժբախտաբար, այս պահին Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա է լարվածության նոր փուլ, վերջերս տեղի ունեցավ լարվածության նոր աճ, որը պատճառ դարձավ մեծ կորուստների։ Հայ դիրքապահներ սպանվեցին Ադրբեջանի հետ սահմանին։ Ես կցանկանայի այս իրավիճակը ևս քննարկել Ձեզ հետ»,-ասել է Հայաստանի վարչապետը:
Իր հերթին Էնթոնի Բլինքենը նշել է, որ ԱՄՆ-ն գնահատում է Հայաստանի՝ կայուն խաղաղության հանդեպ հանձնառությունը։
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել անձամբ Բլինքենի ջանքերը` բանակցային գործընթացին ու երկխոսությանն աջակցելու, Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման ուղղությամբ: Վարչապետը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը՝ գնալ կոնկրետ լուծումների, մասնավորապես, արդեն իսկ միջազգային հարթակներում գրավոր կերպով հրապարակային արձանագրված սկզբունքների հիման վրա:
Էնթոնի Բլինքենն ընդգծել է ԱՄՆ պատրաստակամությունը` շարունակելու ջանքերը բանակցային ու խաղաղ գործընթացին և երկխոսությունը շարունակելու հույս հայտնել: