«Դիզելի» շինծու գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր ընթանում է դիզվառելիքի գործով հերթական նիստը:

Այսօրվա դատական նիստին նույնպես ներկա էր Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ իր փաստաբանների հետ, նրա կուսակիցները և աջակիցները: Դատական նիստին ներկա էր նաև այս գործով մյուս մեղադրյալը՝ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը:

Նախորդ դատական նիստին պաշտպանական խոսքով հանդես եկավ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը:

«Իմ խոսքի մեջ քաղաքական կոմպոնենտ շատ է լինելու, որովհետև այստեղ իրավական կոմպոնենտ չկա: Սերժ Սարգսյանն այս գործով որպես ինստիտուտ է մեղադրվում, ոչ թե՝ որպես Սերժ Սարգսյան անձ: Այս գործը, համոզված եմ, ուսուցանվելու է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում»,- ասաց Ամրամ Մակինյանն իր խոսքի սկզբում:

Կարդացեք նաև

Նա նաև հիշեցրեց, որ Ադրբեջանին պարտադրված հրադադարի, Շուշիի ազատագրման օպերացիայի տակ Սերժ Սարգսյանի ստորագրությունն է դրված, նշեց, որ հիմա մենք մեր պատմության մեծագույն ամոթն ենք ապրում, բայց այս գործը դրա հետ կապ չունի:

Ամրամ Մակինյանը հաջորդիվ ներկայացրեց գործի պատմությունը:

«Երբ ՀՔԾ-ում Սերգո Կարապետյանի հետ Սերժ Սարգսյանի առերես հարցաքննությունն ավարտվեց, 16:10 էր: Ուղիղ երկու րոպե անց քննիչ Մայիլյանը մեզ տվեց 6 էջանոց մեղադրական: Կանչել էին՝ որպես վկա հարցաքննելու: Քննիչ Մայիլյանը տեքստ հավաքելու աշխարհի չեմպիո՞ն էր»,- ասաց Ամրամ Մակինյանը:

Իր խոսքի վերջում Ամրամ Մակինյանը դատարանին խնդրեց կայացնել միակ ճիշտ որոշումը ու հռչակել Սերժ Սարգսյանի անմեղությունը:

Այսօրվա դատական նիստին հանրային մեղադրողը հանդես եկավ եզրափակիչ խոսքով, ինչից հետո դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 18-ին:

Հիշեցնենք, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել հին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489 միլիոն 160 հազար ՀՀ դրամի հափշտակության կատարումը:

Հատուկ քննչական ծառայության կարծիքով՝ Սերժ Սարգսյանը հանձնարարել է իրենից փաստացի ծառայողական կախվածության մեջ գտնվող պաշտոնատար անձանց՝ անկախ ստացված էժան գնային առաջարկներից, որպես պետական մարմնի վառելիքի մատակարար՝ ընտրել «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը և մատակարարման պայմանագիրը կնքել այդ ընկերության հետ:

Ըստ մեղադրանքի՝ արդյունքում` հիշյալ ծրագրի իրականացման ընթացքում, 2013 թվականի փետրվարի 14-ից մինչև հունիսի 28-ն ընկած ժամանակահատվածում իրացվել է 12 մլն 88 հազար 334 լիտր դիզելային վառելիք, ինչի համար տրամադրված սուբսիդիայի գումարի չափը  կազմել է 1 մլրդ 269 մլն 275 հազար ՀՀ դրամ: Մինչդեռ մատակարարման իրական հնարավորություններ ունեցող «Մաքսհուր» ՍՊ ընկերության առաջարկած գնով նույն քանակը մատակարարելու դեպքում սուբսիդիայի գումարը կկազմեր ընդամենը 846 մլն 183 հազար ՀՀ դրամ, այսինքն՝ փաստացի վճարված սուբսիդիայի գումարից վատնվել է 423 մլն 91 հազար ՀՀ դրամ ավելի վճարված գումարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս