Բարդակը խորանում է, հիմա մարդկային կորուստներ ենք ունենում, վաղը կունենանք տարածքային կորուստներ. Հայկ Նահապետյան
Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ:
Սրան նախորդել էր ադրբեջանական կողմի երեկվա հաղորդագրությունը, թե «հայկական կողմից է եղել սադրանք»։
Այս ամենին ի պատասխան՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով.
«Վերադաս հրամանատարության կողմից գրավոր հրամաններով հստակ սահմանված են այն դեպքերը, երբ զինծառայողը իրադրությունը գնահատելով կարող է և/կամ պարտավոր է կրակ բացելու որոշում կայացնել: Նախնական տեղեկատվությամբ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել:
Այս հանգամանքը հաստատվելու պարագայում հրամանը խախտելու դեպքի մեղավորները կենթարկվեն պատասխանատվության»:
168.am-ի հետ զրույցում անվտանգության, ռազմական հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանն իրավիճակին տվեց «բարդակ» բնորոշումը։
«Ես ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրություններին չեմ հավատում, մեկը մյուսին հակասող է։ Եթե ես տեղի ունեցածի մանրամասներն իմանամ, չեմ կարող բարձրաձայնել, բայց որ բանակում իսկական բարդակ է՝ փաստ է։
Պատերազմի ժամանակ՝ 1993-2000 թվականներին, եղել եմ ՊՆ քարոզչության և տեղեկատվության կառույցի ղեկավարի տեղակալ, ՊՆ քարոզչության քարոզչության վարչության պետ, հրաշալի ամեն հաղորդագրության տողատակը հասկանում եմ։
Պապիկյան Սուրոն ընդամենը պետք է բանակում բարդակը վերացնի»,- նշեց Հայկ Նահապետյանը։
Նա հիշեցրեց, որ սահմանում ծառայել է 7 տարի և գիտի, որ չգրված օրենք կար՝ եթե հակառակորդն առաջինն ինքն էր կրակում, ու հայկական կողմն ունենում էր զոհեր, ապա այդ չգված օրենքով հակառակորդը պետք է մեկին հինգ կորուստ ունենար, վիրավոր ու զոհ։
«Սա կանխարգելիչ գործիք էր դառնում ապագայի համար։ Ահավասիկ այսօր ինչ իրավիճակ ունենք, շատ մոտ է այն իրավիճակին, որի մասին բազմիցս խոսել եմ։ ՊՆ-ի հաղորդագրություններն իրար հակասող ու արդարացնող են, չգիտեն՝ ինչ տան ու ինչպես տան։ Ամենավերջում պարզվում է, որ ամեն ինչի հետ մենք կապ չունենք, բայց դրանից առաջ հաղորդագրություններում տեսեք՝ ինչ են գրում, դիլետանտ են ամեն ինչում։
Եթե գոնե ամեն ինչ կեղծում են, գոնե պրոֆեսիոնալ ձևով կեղծեն։ Պապիկյան Սուրո՛, Նիկոլ Փաշինյանից սովորիր պրոֆեսիոնալ ձևով կեղծելը»,- ընդգծեց Հայկ Նահապետյանը։
Ըստ նրա, բարդակի պատճառով մարդիկ որդի ու ամուսին են կորցնում, որոնց համար որևէ մեկը պատասխանատվություն չի կրում։ Գուցե հենակետի որևէ ավագի կամ գումարտակի հրամանատարի խիստ նկատողություն տան, և վերջ։
«Բարդակը 2020 թվականից ավելի է խորանում, դրա արդյունքում ունենում ենք կորուստներ։ Հիմա մարդկային կորուստներ ենք ունենում, վաղը կունենանք տարածքային կորուստներ, երկիրը փոքրանալու է։ Մեր գլխին միշտ կախված է մահացու վտանգ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, որովհետև անպաշտպան է։ Այս երկրի դեգեներատ ղեկավարը մեկ խնդիր է լուծում՝ իր փառասիրությունը բավարարելու համար պատրաստ է բոլորին զոհել՝ ընդհուպ իր ընտանիքի անդամներին։ Չե՞ք հավատում, կարդացեք նրա «Երկրի հակառակ կողմը»»,- եզրափակեց Հայկ Նահապետյանը։