Աբդոլլահիան. Եթե ԱՄՆ-ն խաղաղության է ձգտում տարածաշրջանում, Իսրայելի հանցագործությունները պետք է դադարեցվեն
Եթե Միացյալ Նահանգները խաղաղության է ձգտում տարածաշրջանում, Իսրայելի հանցագործությունները Գազայում պետք է դադարեցվեն, հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը շաբաթ օրը Բեյրութում Լիբանանի արտգործնախարարի պաշտոնակատար Աբդալլահ Բու Հաբիբի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է Mehr-ը։
Ըստ Աբդոլլահիանի, Իրանը երբեք չի ողջունել պատերազմի տարածումը տարածաշրջանում։
Նա ընդգծել է, որ «եթե Միացյալ Նահանգները խաղաղության է ձգտում տարածաշրջանում, լուծումը Գազայում և Արևմտյան ափի հանցագործություններին և ցեղասպանությանը վերջ տալն է»։
«Մենք կարծում ենք, որ Պաղեստինի դիմադրության խմբերը, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ը, գործել են խելամիտ և ճշգրիտ՝ ինչպես սիոնիստական ռեժիմի հանցագործություններին ու ցեղասպանությանը հակազդելու, այնպես էլ քաղաքական ճանապարհին։
Նաթանյահուն և սիոնիստական ռեժիմն իրենց գոյատևումը տեսնում են պատերազմի տարածման մեջ: Ամերիկացիները հակասական մոտեցում են ցուցաբերում․ չնայած պատերազմի տարածման հետ իրենց անհամաձայնության հայտարարությանը, ԱՄՆ կառավարությունը լիովին աջակցում է Իսրայելի ռեժիմին և ոչ մի օր չի դադարում զենք ուղարկել նրան»,- ասել է Իրանի արտգործնախարարը։
Նրա կարծիքով, պատերազմի ավարտը կնշանակի վարչապետ Բենիամին Նաթանյահուի և «կեղծ օկուպացիոն ռեժիմի կոշտ գծի կողմնակիցների կաբինետի» վերջը։
«Եվ մեր փաստարկն այն է, որ Նաթանյահուն փորձում է պատանդ պահել Սպիտակ տունը, որպեսզի կարողանա մնալ իշխանության ղեկին ևս մի քանի ամիս», – ասել է Իրանի արտգործնախարարը:
Նա նաև ընդգծել է Լիբանանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը։
«Ինչ վերաբերում է Լիբանանի ներքին խնդիրներին, մենք վստահ ենք, որ Լիբանանի քաղաքական առաջնորդները բավական խելացի են երկրի ներքին խնդիրները լուծելու համար, և Իրանը աջակցում է Լիբանանի ցանկացած որոշմանը: Ավելին, Իրանի Իսլամական Հանրապետությունը միայն լավն է մաղթում Լիբանանին»,- ասել է Ամիր Աբդոլլահիանը: