Փաշինյանը Իրանի հոգևոր առաջնորդին և Իրանի նախագահին շնորհավորել է Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի առթիվ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի առթիվ:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում նշված է.
«Ձերդ վսեմություն,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի առթիվ։
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և հայ ժողովուրդը մեծապես կարևորում են հարուստ անցյալ ունեցող երկկողմ հարաբերությունները, որոնք բազմադարյա պատմության ընթացքում ունեցել են զարգացման անշեղ ուղի:
Ուրախ եմ արձանագրել, որ ներկայում Հայաստանի և Իրանի միջև առկա է սերտ ու փոխշահավետ համագործակցություն, որը վստահաբար առավել կամրապնդվի՝ ի նպաստ հարևան երկու ժողովուրդների բարօրության և տարածաշրջանային հարատև խաղաղության։
Ընդգծելով մեր երկրների հանձնառությունը տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու ուղղությամբ՝ կարևորում ենք առկա մարտահրավերները համատեղ ջանքերով հաղթահարելու վճռականությունը։
Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և արևշատություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։
Իրանի նախագահին ուղղված ուղերձում ասված է.
«Ձերդ գերազանցություն,
Ջերմորեն շնորհավորում եմ Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի կապակցությամբ:
Հայաստանն ու Իրանը, անցնելով պատմության բազմադարյա քառուղիներով, շարունակում են աշխարհին ներկայանալ որպես փոխվստահության և հարգանքի մթնոլորտում համագործակցող երկրների լավագույն օրինակ:
Մեզ համար Իրանը եղել և շարունակելու է լինել առանձնահատուկ գործընկեր, որի հետ համատեղ ջանքերով կարող ենք հասնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը:
Լիահույս ենք, որ Հայաստանի և Իրանի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու պարբերական շփումները կլինեն շարունակական՝ ի շահ մեր երկու բարեկամ ժողովուրդների բարեկեցության:
Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ արգասաբեր գործունեություն, իսկ մեր հարևան և բարեկամ Իրանի ժողովրդին՝ հարատև խաղաղություն և նորանոր ձեռքբերումներ»: