Ալիևն Արևմուտքին դուրս է մղում գործընթացից
Նախօրեին Ադրբեջանում կայացան դեկտեմբերի 7-ին Իլհամ Ալիևի հայտարարած արտահերթ նախագահական ընտրությունները։ Այս ընտրություններն Ադրբեջանում անցկացվեցին առանձնակի ոգևորությամբ, հաշվի առնելով այն փաստը, որ իշխանություններն ընտրատեղամասեր էին բացել նաև Արցախում։
Իսկ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում Իլհամ Ալիևն իրական շոու կազմակերպեց՝ իր ընտանիքի քվեարկությունը կազմակերպելով հենց այնտեղ։ Իշխանական կոշտ քարոզչամեքենան ընտրարշավն ու ընտրությունների օրը վերածեց Ալիևի գովազդային արշավի՝ սրանք որակելով պատմական ընտրություններ, քանի որ դրանք անցկացվում են նաև Արցախում՝ անձամբ Ալիևի շնորհիվ։ Սրան զուգահեռ՝ հարկ է նշել, որ ընդդիմությունն այս բեմականացված ֆարսին հրաժարվել է մասնակցել, բացառելով արդար քվեարկությունն այս ընտրության ժամանակ՝ կանխատեսելով ընտրակեղծիքներով կազմակերպված հաղթանակ Ալիևի համար։
Ադրբեջանի իշխանությունները, իհարկե, փորձեցին քվեարկությունը ներկայացնել՝ որպես թափանցիկ, արդար, ժողովրդավարական, ներկայացնելով նաև այն դիտորդական կազմակերպություններին, որոնք հետևում են ընտրական ընթացքին։ Սակայն սրանք, ըստ էության, ադրբեջանական առաջին ընտրություններն էին, որոնց եվրոպական հեղինակավոր կազմակերպությունները չմասնակցեցին, քանի որ ալիևյան իշխանությունը հարկ չհամարեց նրանց հրավիրել և հետո լսել նրանց եզրակացությունները։ Խոսքը, մասնավորապես, ԵԽԽՎ-ի և Եվրոպական խորհրդարանի մասին է։
Տեղում դիտորդություն իրականացնում են միայն մի քանի հայտնի կազմակերպությունների դիտորդներ, օրինակ՝ Թյուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովի (TurkPA), ԱՊՀ, ԵԱՀԿ և ԵԽ դիտորդները, ինչպես նաև բազմաթիվ այլ ոչ հայտնի կազմակերպություններից դիտորդներ։ ԵԽԽՎ-ում Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից պատգամավոր Ֆրանկ Շվաբեն օրերս իր X-ի էջում գրել էր, թե Ադրբեջանում 512 միջազգային «դիտորդների» մեծ մասն «ընտրությունների կեղծ դիտորդներ» են, պատվիրել և վճարել է երկրի նախագահը, մինչ այժմ Եվրախորհրդի 30 դիտորդների երկիր չեն թողել, ուստի ֆարսին ԵԱՀԿ-ն չպետք է մասնակցի։ «Գիտե՞ք, թե քանի կեղծ դիտորդական առաքելություն է հրավիրվել փետրվարի 7-ի ընտրություններին։ Դա կազմակերպված քարոզարշավ էր ադրբեջանական կողմից։ Հետո երկուշաբթի առավոտյան նրանց կարող եք տեսնել հեռուստացույցով, և նրանք կասեն, որ ընտրությունների հետ կապված ամեն ինչ կարգին է»,- իր հարցազրույցներից մեկում նշել էր Շվաբեն։
Սակայն իր հաղթանակներից «կուրացած» Ադրբեջանի բռնապետին առանձնապես չեն հուզում, այսպես կոչված, ժողովրդավարական Արևմուտքի գնահատականները, Արևմուտքի հետ հարաբերությունները, Ադրբեջանը քաղաքակրթական այլ ընտրություն է կատարել և պատրաստվում է շարունակել իր ընթացքն այդ ուղղությամբ։ Եվ սա չափազանց կարևոր նրբություն է՝ հաշվի առնելով այն ընտրությունը, որը կատարել է Փաշինյանի իշխանությունը՝ իրեն դիրքավորելով՝ որպես ժողովրդավարության բաստիոն և արևմտյան նկրտումներ ունեցող իշխանություն։ Սակայն Փաշինյանի այդ ընտրությունը ՀՀ-ին ու Արցախին «չպաշտպանեց» ողբերգություններից։ Ինչ է սպասվում Հայաստանին ու Ադրբեջանին ընտրություններից հետո։ Սա, թերևս, Հարավային Կովկասի ապագա զարգացումների հարապատկերում գլխավոր հարցն է։ Այս տարի Ադրբեջանը մերժել է բոլոր հանդիպումները, միջնորդների այցերը, պատճառաբանելով իր որոշումները նախընտրական փուլով։ Խոսքը, մասնավորապես, ամերիկացի դիվանագետ Լուիս Բոնոյի և Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի մասին է։ Նրանք ժամանեցին Երևան, սակայն Բաքու չմեկնեցին, ըստ որոշ տվյալների՝ Բաքվի մերժման պատճառով։ Միջնորդները հույս էին հայտնել, որ Ադրբեջանը գործընթացին կվերադառնա անմիջապես ընտրություններից հետո։
«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Անդրեյ Արեշևն ասաց, որ Ադրբեջանի իշխանությունները հասկանում են, որ նախընտրական շրջանում բոյկոտելով թե դիտորդներին, թե Ղարաբաղյան հարցով միջնորդներին, ընտրություններից հետո ստանալու են բավականին բարդացած հարաբերություններ Արևմուտքի հետ։
Սակայն, ըստ նրա՝ այդ հեռանկարն ակնհայտորեն չի մտահոգում Իլհամ Ալիևին, որի համար գլխավորը ոչ թե Արևմուտքում հովանավորներ ունենալն է, այլ իր նպատակներին հասնելը և իր գլխավոր գործընկերների աջակցությունը ստանալը, որոնք Արևմուտքում չեն։
«Սա նշանակում է, որ քիչ է հավանականությունը, թե ընտրություններից հետո միանգամից Արևմուտքի միջնորդները ժամանելու են Բաքու, և Ադրբեջանը համաձայնելու է բանակցել Վաշինգտոնում և Բրյուսելում։ Շատ քիչ է նման ուղղությամբ զարգացման հավանականությունը։ Եթե Արևմուտքն աննախադեպ ճնշումներ բանեցնի, ինչը քիչ հավանական է, ապա հնարավոր է որոշակի գործընթաց նրանց միջնորդությամբ։ Ներկայումս Ադրբեջանը հակված է բոլոր հարցերը լուծել, քննարկել երկկողմ ձևաչափով՝ առանց անգամ Մոսկվայի միջնորդության։ Եթե Արևմուտքի միջնորդությունը, ի վերջո, հաջողվի, ապա հնարավորություն կա, որ ստորագրվի Խաղաղության համաձայնագիր, սակայն այն չի ունենա մեծ ու լուրջ բովանդակություն։
Հարցերի մեծ մասը կպահպանվեն, Արևմուտքը կարձանագրի, որ Խաղաղության համաձայնագիրը ստորագրված է, որ կողմերի միջև խնդիրներ չկան, միջնորդությունն ընդհանուր առմամբ կդադարի, իսկ Ադրբեջանի հետ Հայաստանը ստիպված կլինի բանակցել հարցերի մյուս մասն արդեն երկկողմ ձևաչափում կամ փնտրելով այլ ձևաչափեր։ Հենց դա էր պատճառը, որ կողմերը նշում էին, թե հարցերի մեծ մասը բանակցված է, կարող են ստորագրել փաստաթուղթը, սակայն չստորագրեցին, և ադրբեջանական կողմը նոր պահանջներ դրեց սեղանին։ Ըստ իրավիճակի, այդ պահանջները և օրակարգը, կարծում եմ, կփոփոխվեն»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։ Քաղաքագետը կանխատեսում է Ադրբեջանի հռետորաբանության և քաղաքականության որոշակի փոփոխություններ ընտրություններից հետո։
«Բնականաբար, Ադրբեջանը Ալիևի հաղթանակի դեպքում, որն ամենահավանականն է, կշարունակի ավելի վստահ իրականացնել իր քաղաքականությունը, ավելի թելադրող դիրքերից։ Կարծում եմ, վերջին ամիսների խոսույթն էլ ավելի կամրապնդվի»,- ասաց Արեշևը։ Նրա կարծիքով, ՀՀ իշխանությունները մտածելու բան ունեն, քանի որ Ադրբեջանն իր համար որևէ կարևոր հարց Արևմուտքում չի քննարկելու։
«Հայաստանին պետք է ռեգիոնալ ակտիվ քաղաքականություն, սակայն այլ ընտրություն է կատարվել։ Առաջիկայում, կարծում եմ, բավականին ակտիվ զարգացումներ են սպասվում, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ՀՀ-ում են սահմանադրական փոփոխություններ նախաձեռնվելու, որոնք ենթադրում են, իրենց հերթին՝ ներքին զարգացումներ։ Ուստի մոտ ապագան հարուստ է լինելու տարատեսակ՝ թե ռեգիոնալ, թե ներքին զարգացումներով»,- ասաց նա։
Մեզ հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Ուվե Հալբախն ասաց, որ ընտրություններին եվրոպացի դիտորդների մեծ մասի բացակայությունը խնդրահարույց հանգամանք է Ադրբեջան-ԵՄ հարաբերությունների ապագայի տեսանկյունից։
Ըստ նրա, բնականաբար, ԵԱՀԿ-ն ու ԵԽ-ն, որոնք ունեն դիտորդներ, կգնահատեն ընտրությունների որակը։ «Սակայն ընդհանուր առմամբ առանձին սրա ազդեցությունը հարաբերությունների վրա քիչ է լինելու, հաշվի առնելով Ադրբեջանի քաղաքականությունն ու դիրքավորումը։ Ադրբեջանի իշխանություններն ունեն վստահելի ու սերտ հարաբերություններ Մեծ Բրիտանիայի, մի շարք եվրոպական այլ երկրների հետ և կարծես թե դա բավարար են համարում»,- ասաց վերլուծաբանը։
Նրա կարծիքով, հաշվի առնելով Ալիևի նախընտրական հռետորաբանությունը, Խաղաղության համաձայնագիրը մի քանի խնդրահարույց կետ ունի, և բավականին ժամանակ կպահանջվի այդ ամենը համաձայնեցնելու համար։
«Ընդհանուր առմամբ բարդ է լինելու հետընտրական փուլը ռեգիոնի համար, շատ հարցեր դեռ պահպանվում են, իսկ նախորդիվ քիչ առաջընթաց է արձանագրվել»,- ասաց նա։