Ալիևն օգտագործեց քարոզչական ամբողջ ռեսուրսը, իմիջի խնդիր ունի, դա էլ փողի հարց է, 1-2 մլրդ կներդնի՝ հարցը կլուծվի. Արմինե Ադիբեկյան
Այսօր վաղ առավոտից Ադրբեջանում մեկնարկել են արտահերթ նախագահական ընտրությունները։
Ընտրություններին մասնակցում է գործող նախագահ Ալիևը, ինքնառաջադրված թեկնածուներն են նաև Զահիդ Օրդուժը և Ֆուադ Ալիևը, «Ազգային ճակատ» կուսակցության թեկնածու Ռազի Նուրուլաևը, «Մեծ արարում» կուսակցության թեկնածու Ֆազիլ Մուստաֆան, «Մեծ Ադրբեջան» կուսակցության թեկնածու Էլշադ Մուսաևը, «Միասնական ազգային ճակատ» կուսակցության թեկնածու Հուդրաթ Հասանգուլիևը։
Արտահերթ նախագահական ընտրությունների մասին Ալիևը հայտարարել էր դեռևս նախորդ տարվա վերջին՝ դեկտեմբերի 7-ին համապատասխան հրամանագիր ստորագրելով։
Ալիևն իր ընտանիքով քվեարկել է օկուպացված Ստեփանակերտում։
168.am–ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանն ասաց՝ արտահերթ ընտրություններով Ալիևն իրեն ապահովել է ևս չորս տարի, որպեսզի հանգիստ իր նախատեսած ծրագրերը կյանքի կոչի։
«Ակնկալելի էր, որ նա հաղթելու է, և կհաղթի, նա այդ քարոզչական ամբողջ ռեսուրսն օգտագործեց՝ Ստեփանակերտում քվեարկելով։ Նա սրանով ցույց տվեց իր 20-ամյա գործունեության արդյունքը, այն, հանուն ինչի Ալիևն Ադրբեջանը պահում էր ռեպրեսիաների, աղքատության, կոռուպցիայի մեջ։ Ստեփանակերտում քվեարկելն այդ վճարն է, որն ադրբեջանցի ժողովուրդը վճարել է այդ ամենի համար»,- նշեց Արմինե Ադիբեկյանը։
Հարցին՝ արտահերթ ընտրություններով Ալիևը միջազգային հանրության մոտ արդյո՞ք լեգիտիմացնում է իր պատերազմական հանցագործությունները, Արմինե Ադիբեկյանը պատասխանեց՝ «Ալիևը թքած ունի» միջազգային հանրության կարծիքի վրա։
«Նա սա ոչ միայն բազմիցս ասել է, այլև ցուցադրել է։ Նրա համար բացարձակապես միևնույն է՝ ինչ է մտածում եվրոպացին, ամերիկացին, ռուսը։ Նա շատ լավ գիտի, որ իր նավթն ու գազը կառնեն, բիզնեսները չեն փակվի։ Նա իր հանցագործությունների համար որևէ պատիժ չի կրելու, այնպես որ, նա շատ հանգիստ իր գործն առաջ է տանում։ Նա միջազգային հանրությանը ոչինչ ո՛չ ասելու, ո՛չ էլ ցույց տալու խնդիր ունի։ Նա մի քիչ իմիջի խնդիր ունի, դա էլ փողի հարց է, 1-2 մլրդ կներդնի, ֆիլմեր, հաղորդումներ կնկարի, կենտրոնական հեռուստաընկերություններով կցուցադրեն, ու խնդիրը կլուծվի»,- եզրափակեց Արմինե Ադիբեկյանը։