Ինչպես է Նիկոլ Փաշինյանը խեղաթյուրում փաստերը. Անգրագիտություն կամ միտումնավորություն

Կառավարության նախավերջին նիստում Նիկոլ Փաշինյանը կրկին իր տարերքի մեջ էր. աշխատատեղերի ու աշխատավարձերի աճերից էր խոսում, թվեր էր հնչեցնում, համեմատություններ էր անում, հերթական ռեկորդներով փորձում լցնել մարդկանց ուղեղները, համոզել, որ հիմա շատ ավելի լավ են ապրում, որ հարյուր-հազարներով աշխատատեղեր են ստեղծել ու աշխատավարձերն են կրկնապատկել, որ ցածր աշխատավարձ ստացողների քանակը կրճատվել է, իսկ բարձր ստացողներինը՝ շատացել։

«Ամփոփվել է 2023թ. դեկտեմբերին Հայաստանում գրանցված և եկամտային հարկով ապահովված աշխատատեղերի թիվը, և մենք, ըստ էության, ունենք աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ Հայաստանում։

2023 թվականի դեկտեմբերին աշխատատեղերի թիվը կազմել է ռեկորդային 741 հազար 726, որը 2018 թվականի մայիսի ցուցանիշից ավել է 193 հազար 737-ով»,- հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը։

Մեկ այլ «կարևոր» արձանագրում էլ արեց միջին աշխատավարձի հետ կապված. ասում է՝ միջին աշխատավարձը 2023թ. դեկտեմբերին կազմել է 356,180 ՀՀ դրամ, ինչը 2018թ. մայիսի նկատմամբ ավելի է 179,741 դրամով կամ 101,9 տոկոսով. «Այսինքն՝ 2018թ. մայիսից ի վեր միջին ամսական աշխատավարձը դրամային ցուցանիշով կրկնապատկվել է»։

Առաջին հայացքից թվում է, թե Նիկոլ Փաշինյանի ասածների մեջ արտառոց ոչինչ չկա։ Այն է, ինչ կա։ Բայց իրականում ամբողջը խեղաթյուրում է։

Քիչ է, համեմատում է անհամադրելի ցուցանիշները, մի բան էլ դրանց հիման վրա եզրակացություններ է անում։ Խառնում է ժամանակագրությունը. անցած տարվա դեկտեմբերը համեմատում է 2018թ. մայիսի հետ ու հայտարարում, թե աշխատավարձերն այդ ընթացքում կրկնապատկել են։ Այն պարագայում, երբ դետեմբերն ու մայիսն անհամադրելի ամիսներ են՝ ինչպես աշխատատեղերի, այնպես էլ՝ աշխատավարձերի առումով։

Դեկտեմբերին միշտ էլ միջին աշխատավարձը շատ ավելի բարձր է լինում ընդհանրապես տարվա մյուս ամիսների համեմատ։

Նախ, որ դեկտեմբերին սովորաբար, այսպես կոչված, 13-րդ աշխատավարձեր են վճարում։ Բացի այդ էլ, ամանորյա տոնների հետ կապված, պարգևավճարներ ու հավելավճարներ են բաժանվում։ Արդյունքում՝ միջին աշխատավարձի թվերն այդ ամսին կտրուկ բարձրանում են։

Դա է պատճառը, որ նոյեմբերի 274 հազարից դեկտեմբերին միջին աշխատավարձը դարձել է 356 հազար՝ միանգամից ավելանալով 82 հազար դրամով։

Այն դեպքում, երբ մինչ այդ կամ 11 ամսում ավելացել էր ընդամենը 25 հազար դրամով։

Միշտ էլ այդպես է եղել։

Վերցնել դեկտեմբերի միջին աշխատավարձն ու համեմատել, այն էլ՝ 2018թ. մայիսի հետ, երբ ոչ միայն ժամանակագրական մեծ տարբերություն, այլև սեզոնայնության էական գործոն կա, առնվազն անգրագիտություն է կամ միտումնավորություն։

Երբ ամփոփվեն այս տարվա հունվար ամսվա աշխատավարձի ցուցանիշները, կտեսնենք, որ միջին աշխատավարձը շատ ավելի ցածր է լինելու, քան Նիկոլ Փաշինյանի հայտարարած դեկտեմբերի 356 հազար դրամն է։ Ունենալու ենք միջին աշխատավարձի նվազում՝ տասնյակ հազար դրամների չափով։

Բայց, բնականաբար, Նիկոլ Փաշինյանն այդ մասին նույնպիսի էնտուզիազմով չի խոսելու կառավարության նիստերում ու համեմատություններ չի անելու 2018թ. մայիսի հետ։ Եթե համեմատելու լինի, ապա ստիպված կլինի միջին աշխատավարձի շատ ավելի համեստ աճեր արձանագրել։

Նույնը նաև աշխատատեղերի պարագայում է։

Անթույլատրելի է դեկտեմբերի աշխատատեղերը համեմատել 2018թ. մայիսի աշխատատեղերի հետ։

Կասկած չկա, որ հունվարին, չի բացառվում՝ նաև փետրվարին ու մարտին, աշխատատեղերն ավելի քիչ են լինելու, քան անցած տարվա դեկտեմբերին։

Սեզոնայնությամբ պայմանավորված՝ այդ ամիսներին սովորաբար աշխատատեղերը տասնյակ-հազարներով կրճատվում են։ Բայց այդ ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանը նման համեմատություններ չի անցկացնի աշխատատեղերի ավելացումների վերաբերյալ։

Աշխատատեղերի ավելացումները, որոնց մասին այդքան խոսվում է, իրականում շատ քիչ դեպքերում են կապված նոր աշխատատեղերի ստեղծման հետ։

Իհարկե, վաղուց Նիկոլ Փաշինյանը դադարել է ասել, որ դրանց մի մասը նախկինում եղած աշխատատեղերն են, որոնք դուրս են եկել ստվերից։ Այդ է պատճառը, որ շատ դեպքերում աշխատատեղերի ավելացումները, սոցիալական առումով, որևէ ազդեցություն ու նշանակություն չեն ունենում։

Զարմանալի չէ, որ Նիկոլ Փաշինյանի ասած 193-194 հազար աշխատատեղերի ստեղծման, միջին աշխատավարձի կրկնապատկման պայմաններում սոցիալական իրավիճակը մեր երկրում գրեթե չի բարելավվում, աղքատությունը չի կրճատվում, ծայրահեղ աղքատներն էլ ավելանում են։

Աշխատավարձերի ու աշխատատեղերի ավելացումից են խոսում, չեն ասում, թե կյանքը Հայաստանում ինչքանով է թանկացել, ապրելը՝ դժվարացել, ծախսերը՝ շատացել։ Հարկերն ու տուրքերն են մի գլուխ ավելացնում ու ծանրացնում մարդկանց ֆինանսական բեռը։ Միայն գնաճն են հաշվի առնում, այն էլ՝ միջին գնաճը, որը ոչ մի աղերս չունի իրական թանկացումների ու մարդկանց վրա դրա ազդեցությունների հետ։

Չեն ասում, որ վերջին տարիներին Հայաստանը թանկության աստիճանով բազմաթիվ երկրներից առաջ է անցել։ Գներն արդեն նույնիսկ Մոսկվայի հետ համեմատվելու չեն։

Այսքան թանկացումներից հետո հպարտանում են, որ 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների քանակն աշխատողների մեջ կրճատվել է՝ 60-ից իջել է 43 տոկոսի։ Դրանով հանդերձ, խոսքն ավելի քան 318 հազար աշխատողների մասին է, որոնք լավագույն դեպքում մինչև 150 հազար դրամ են ստանում, այն էլ՝ առանց հարկելու։ Հարկելուց հետո կմնա հազիվ 100-110 հազար դրամ։

Դեռ չհաշված, թե այդ 318 հազարի մեջ քանիսն են նվազագույն աշխատավարձի հույսին։

Միջին աշխատավարձերի աճերը հաշվելուց, լավ կլինի հաշվել, թե այս մարդկանց աշխատավարձերը վերջին տարիներին ինչքանո՞վ են բարձրացել ու այդ բարձրացումը որքանո՞վ է համարժեք թանկացումներին։

Թե չէ մի քանի հազար մարդու աշխատավարձերի կտրուկ ավելացումների արդյունքում, որ միջին աշխատավարձերի աճեր կան, դա դեռ չի նշանակում, թե այդ աճերը բոլորին են բաժին ընկել։ Հայտնի է, թե որ ոլորտներում են հիմնականում տեղի ունեցել աշխատավարձերի աճեր՝ ՏՏ, ֆինանսական, բանկային համակարգ, նաև բարձրաստիճան պաշտոնյաներ, իրավապահ համակարգ՝ ոստիկանություն, դատավոր-դատախազներ, քննչական մարմիններ։ Հասարակ աշխատողների աշխատավարձերի բարձրացումներ, եթե նույնիսկ եղել են, ապա շատ քիչ, ավելի քիչ, քան համատարած թանկացումներն են ու գների բարձրացումները։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս