Դոմինիկյան Հանրապետությունն սկսել է քառօրյա աշխատանքային շաբաթվա ներդրման փորձը
Դոմինիկյան Հանրապետությունը դարձել է Կարիբյան ավազանի առաջին երկիրը, որն սկսել է խրախուսել ձեռնարկություններին քառօրյա աշխատանքային շաբաթ սահմանել աշխատակիցների համար: Այս մասին հաղորդել է Pagina 12 պարբերականը։
Դոմինիկյան Հանրապետության աշխատանքի նախարարությունը գործարկել է աշխատանքային շաբաթվա կրճատման փորձնական ծրագիր, որի պայմաններով ձգտում է քաղաքացիների աշխատանքային ժամանակը կրճատել շաբաթական 44-ից մինչև 36 ժամ: Ծրագիրը նախատեսված է վեց ամսվա համար։ Այդ ժամանակահատվածում կամավոր միացած ընկերությունները կկարողանան գնահատել աշխատաժամանակի կրճատման ազդեցությունն աշխատանքի արտադրողականության վրա:
Նշվում է, որ երեք ամսվա ընթացքում աշխատողները կստանան աշխատավարձի 100 տոկոսը՝ աշխատաժամանակի 20 տոկոս կրճատման դեպքում։ Նպատակն է գնահատել՝ արդյոք աշխատողները հասնում են նույն արտադրողականությանը կրճատված աշխատաժամանակի դեպքում:
Մնացած ամիսներին իշխանությունները կգնահատեն ծրագրի արդյունքները։ Նկատի են առնվելու աշխատողի առողջական վիճակը, նրա բավարարվածությունն աշխատանքի և ընտանեկան կյանքի միջև հավասարակշռությունից, գործալքումները, ինչպես նաև փոփոխությունների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:



