Թուրքիայի ամբիցիաները շատ ավելի մեծ են, քան նրա իրական հնարավորությունները․ թուրքագետը՝ Անկարայի արտաքին քաղաքականության մասին
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը, մեկնաբանելով Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությունը, կարծում է, որ այդ երկրի ամբիցիաները շատ ավելի մեծ են, քան նրա իրական հնարավորությունները։
«Արմենպրես»-ի հետ զրույցում թուրքագետը նշել է, որ Անկարան, այնուամենայնիվ, քայլեր կատարում է, որպեսզի այդ ամբիցիաներին մոտենա իրական հնարավորություններով։
Նրա խոսքով՝ այս պահին Թուրքիան, թեև շարունակում է մնալ որպես միջին տերություն, բայցևայնպես, ուզում է հանդես գալ որպես աշխարհի ամենահզոր պետություններից մեկը։
«ՆԱՏՕ-ին անդամագրվելու գործում կանաչ լույս վառելով Շվեդիայի ճանապարհին՝ Թուրքիան, ըստ էության, գործարք իրականացրեց ԱՄՆ-ի հետ և կարողացավ ստանալ այն, ինչի համար պայքարում էր շուրջ երեք տարի։ ԱՄՆ-ն տևական ժամանակ չէր համաձայնում վավերացնել նորացված ռազմական ինքնաթիռներին առնչվող 23 միլիարդ դոլարի գործարքը։ Շվեդիայի անդամակցության վավերացումը լոկ պատրվակ էր այդ գործարքում, մինչդեռ խոսքն իրականում ամերիկյան քառասուն F-16 կործանիչների մատակարարման ռատիֆիկացիայի մասին է։ Թուրքական բանակն արդեն իսկ ունի մոտ ութսուն նման կործանիչ և ամերիկյան կողմը պետք է դրանք նույնպես մոդիֆիկացնի։ ԱՄՆ-ի համար կարևոր է, որ Թուրքիան շարունակի մնալ իր հավատարիմ դաշնակիցը Մերձավոր Արևելքում, քանի որ վերջինիս աշխարհագրական դիրքն ու մարտունակ բանակի առկայությունն ունեն մեծ նշանակություն՝ ՆԱՏՕ-ի ծրագրերն այդ տարածաշրջանում կյանքի կոչելու տեսանկյունից»,- ասաց թուրքագետը։
Սաֆրաստյանի դիտարկմամբ՝ Թուրքիան Շվեդիայից նույնպես ստացավ այն, ինչին ձգտում էր, քանի որ պաշտոնական Ստոկհոլմը սկսեց ավելի խիստ պայմաններ հաստատել և սահմանափակումներ դնել Շվեդիայում գտնվող քուրդ վտարանդի գործիչների հրապարակային ելույթների վրա ու դրանով իսկ հրաժարվեց իր քաղաքականությունից, որի նպատակն էր մարդկանց ազատ արտահայտվելու և ակցիաներ իրականացնելու հնարավորության ընձեռումը։
«Թուրքիայի որոշումը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ հակամարտող Ռուսաստանի համար անակնկալ չէր։ Ի սկզբանե բոլորի, այդ թվում՝ Մոսկվայի համար պարզ էր, որ Անկարան վաղ թե ուշ գնալու էր այդ քայլին և մեծ հաշվով չէր կարող խոչընդոտել դաշինքին նոր անդամների միանալուն, պարզապես Թուրքիան այդ ողջ ժամանակահատվածում փորձում էր լուծել իր խնդիրները։ Պատահական չէ, որ ռուսական կողմի պաշտոնական արձագանքն էլ բավականին հանգիստ էր»,- ասաց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով այն հարցին, թե չե՞ն բացառվում արդյոք թուրքական կողմի քաղաքական սակարկումները նաև հարավկովկասյան ուղղությամբ՝ հաշվի առնելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին պարբերաբար բարձրաձայնումը, որին դեմ է Իրանի Իսլամական հանրապետությունը, թուրքագետը նշեց, որ թեև Էբրահիմ Ռայիսին Թուրքիա կատարած այցի ընթացքում ևս մեկ անգամ խոսեց կարմիր գծերի և տարածաշրջանում սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին, այդուհանդերձ, պաշտոնական Անկարան կշարունակի վարել իր քաղաքականությունը, որի նպատակն այն է, որ Թուրքիան և Ադրբեջանը, խախտելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ուղիղ ցամաքային կապ հաստատեն միմյանց միջև։
«Այս հարցում Թուրքիայի ճնշումները կշարունակվեն, իսկ Իրանը դժվար թե այս փուլում գնա Թուրքիայի հետ առճակատման կամ ռազմական բախման, քանի որ խուսափում է իր տարածքից դուրս կոնֆլիկտներից և հնարավոր հարձակումներից։ Ավելի շուտ կարելի է արկածախնդրություն ակնկալել Ադրբեջանից, որովհետև այդ երկիրը Թուրքիայի դաշնակիցն է և ցանկանում է առաջ տանել իրենց համատեղ շահերը։ «Զանգեզուրի միջանցքը» ռազմավարական առումով առաջին հերթին անհրաժեշտ է Թուրքիային, քանի որ վերջինս այդ կերպ կկապվի Կենտրոնական Ասիայի թուրքալեզու երկրներին՝ ամբողջ աշխարհում կտրուկ բարձրացնելով իր քաղաքական կշիռը։ Թուրքալեզու երկրների ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով կազմում է ավելի քան մեկ տրիլիոն դոլար, ինչը պակաս կարևոր հանգամանք չէ։ Մյուս կողմից Թուրքիան ձգտում է էական դեր ունենալ Լոնդոն-Պեկին լոգիստիկ առանցքում, որի հետ ապագայում կապվում է համաշխարհային տնտեսության մի զգալի մասը»,- պարզաբանեց Սաֆրաստյանը։
Այդուհանդերձ, ըստ նրա, կա մի պարզ իրողություն, որը չպետք է աչքաթող անել։ Որքան էլ Թուրքիան փորձում է միանալ լոգիստիկ մեգա ծրագրերի իրականացման գործընթացին, մինչ օրս չի կարողացել ավարտին հասցնել երկաթգծի 200 կմ հատվածի շինարարությունը, որը պետք է Կարսը Նախիջևանով կապի Ադրբեջանին։ Տարիներ շարունակ խոսում են այդ մասին, բայց այն չի կառուցվում։ Թուրքիան հիմա փորձում է հարցը լուծել Ադրբեջանի օգնությամբ, որի հետ անցյալ տարի ստորագրեց համատեղ ֆինանսավորում ապահովող համաձայնագիր՝ փաստորեն ներգրավելով Ադրբեջանի կողմից նավթի ու գազի վաճառքից ստացված ազատ գումարները։ Սաֆրաստյանի տեղեկացմամբ՝ տենդերի հաղթողն արդեն հայտնի է, և շուտով կմեկնարկեն նախապատրաստական աշխատանքները։
«Թուրքիան երբեմն հանդես է գալիս բավականին մեծ նկրտումներով, որոնց տակ, սակայն, բավարար ռեսուրսներ չկան, այսինքն՝ Թուրքիայի ամբիցիաները շատ ավելի մեծ են, քան նրա իրական հնարավորությունները»,- եզրափակեց ակադեմիկոս, թուրքագետը։
Մանվել Մարգարյան