Միրզոյանի տոնայնությունը ափսոսանք է հարուցում, դրանք մեր սխալները չեն, այլ հայկական կողմի սխալներն են․ Զախարովա
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի ասուլիսի բովանդակությունն ու տոնայնությունը ափսոսանք են առաջացնում։ Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ավելի վաղ Միրզոյանը ռուս գործընկերներին կոչ էր արել ճիշտ մեկնաբանել Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների պատճառահետևանքային կապերն ու ժամանակագրությունը:
«Արարատ Միրզոյանի ամփոփիչ ասուլիսի բովանդակությունն ու տոնայնությունը չեն կարող ափսոսանք չառաջացնել։ Սեփական սխալներից ու սխալ հաշվարկներից օբյեկտիվ հետևություններ անելու փոխարեն փորձ է արվում ամբողջ պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա։ Բայց դա ոչ մի հիմք չունի, քանի որ այդ սխալները մերը չեն։ Ցավոք, ես դա պետք է ասեմ, դրանք սխալներ են պաշտոնական Երևանի կողմից»,- ասել Է Զախարովան։
Նրա խոսքով՝ այս ամենը վերաբերում է և՛ ՌԴ-ի հետ հարաբերություններին, և՛ հայ-ադրբեջանական կարգավորման համատեքստին։
Զախարովան նշել է, որ հայտարարությունների գրեթե յուրաքանչյուր մասում կարելի է հանդիպել փաստերի խեղաթյուրումների: Նա չի բացառում, որ ՌԴ ԱԳՆ-ն, այնուամենայնիվ, լրացուցիչ մեկնաբանություն հրապարակի այդ կապակցությամբ։