Իրանի հետևողականությունը ՀՀ տարածքային ամբողջականության և անվտանգության հարցում հնարավոր չէ անտեսել․ վերլուծաբան

Իրանական կողմը գոհ է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսիի Թուրքիա կատարած այցի արդյունքներից։ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանն իր X-ի էջում գրել է, որ Իրանի նախագահի պաշտոնական այցը Թուրքիա և այդ այցի արդյունքները Թեհրանի և Անկարայի միջև երկկողմ և տարածաշրջանային համագործակցության նոր էջ են բացում։ Չորեքշաբթի օրն Իբրահիմ Ռաիսին մեկնել էր Անկարա, այցի շրջանակում Անկարա-Թեհրան համագործակցության 10 փաստաթուղթ ստորագրվեց, այդ թվում՝ մշակութային, երկաթուղային և օդային տրանսպորտների հաղորդակցության, էներգետիկ և տնտեսական ոլորտներին վերաբերող։

«Այդ համաձայնագրերը երկկողմ հարաբերությունների դիվերսիֆիկացման քաղաքականության շրջանակներում են, այդ թվում՝ առևտրի, ներդրումային, տնտեսական, մաքսային, արդյունաբերության, ազատ առևտրային գոտիների ընդլայնման, մշակութային, զբոսաշրջության, սահմանների անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ»,- գրել էր Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը։ Երկկողմ հանդիպումից և համագործակցության խորհրդի նիստից հետո Ռաիսին և Էրդողանը համատեղ հայտարարություն էին տարածել՝ անդրադառնալով նաև հարավկովկասյան տարածաշրջանին։ IRNA-ի կողմից հրապարակված հայտարարության տեքստում ասվում էր, որ ընդգծելով կովկասյան տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը՝ երկու երկրները 3+3 երկխոսության մեխանիզմը գնահատել են՝ որպես անդամ երկրների միջև խորհրդակցությունների և կառուցողական համագործակցության հարմար հարթակ։

Փաստաթղթում կողմերը նաև դատապարտել էին Իսրայելի ռազմական գործողությունները Գազայի հատվածում, ընդգծել են երկու երկրների փոխադարձ կամքը՝ Սիրիայում խաղաղություն պահպանելու համար, իրենց աջակցությունն են հայտնել Եմենի տարածքային ամբողջականությանը, միևնույն ժամանակ շեշտել են միջազգային ջրերում, այդ թվում՝ Կարմիր ծովում նավագնացության անվտանգության կարևորությունը, ինչպես նաև Ուկրաինայում կայուն խաղաղության կոչ են արել՝ հակամարտող կողմերի միջև քաղաքական երկխոսության միջոցով։

168am-ի հետ զրույցում թուրք վերլուծաբան Ջենգիզ Աքթարն ասաց, որ Իրանն ու Թուրքիան փորձեցին այս այցով խորացնել համագործակցության մակարդակը, որի համար կա մի քանի պատճառ։

Ըստ նրա, առաջինն Իսրայելի և դաշնակիցների գործողություններն են Պաղեստինի դեմ, որը ստիպում է երկրներին, որոնք խնդիրներ ունեն Իսրայելի հետ, միավորվել և ավելի լայն ճակատով պայքարել, մյուս պատճառը Ռուսաստան-Արևմուտք ներկայիս հարաբերություններն են և դրանից բխող՝ Արևմուտքի, ինչպես նաև՝ Ռուսաստանի քաղաքականությունը։

«Կարծում եմ՝ իրանական կողմի համար այցը պետք է դիտարկել ավելի գլոբալ կոնտեքստում՝ Իրանի դերը և Իրանի ընկալմամբ՝ նոր ձևավորվող աշխարհակարգում Իրանի և Թուրքիայի դերը։ Անկարայում Ռաիսին խոսեց նոր աշխարհակարգի մասին, որը, ըստ նրա, պետք է լինի արդար, քանի որ ներկայիս աշխարհակարգը, որում կենտրոնական է ԱՄՆ դերակատարությունը, անարդար է, և աշխարհաքաղաքական պայքարն այդ կարգը փոխելու համար է։ Եվ այդ գործընթացում Իրանը փորձում է անցնել իր նոր դերի, ազդեցության իրացմանը, որը նախկինի համեմատ՝ շատ ավելի ընդարձակ է ու համարձակ։ Իրանի այս քաղաքականությանը նպաստել են նաև ռուս-իրանական շփումները, որովհետև Ռուսաստանի համար ավելի հարմար է պայքարել Արևմուտքի դեմ մի շարք երկրների հետ միասին, և Իրանն այս առումով բավականին հարմար գործընկեր է Ռուսաստանի համար, քանի որ շատ կետերում ՌԴ-ի և Իրանի շահերը համընկնում են»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։

Նա նաև այն կարծիքին է, որ Հարավային Կովկասի մասով Ռաիսի-Էրդողան հայտարարությունն իրանական կողմի համար առաջընթաց էր, քանի որ հենց Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանություններն են կիրառում «միջանցք» տերմինը։ «Հայտարարությունն ինքնին պարտադիր կատարման ենթակա փաստաթուղթ չէ, այն պարզապես ամրագրում է կարևոր բանակցությունների արդյունքները, սովորաբար համատեղ հայտարարություններ տարածվում են մի շարք կարևոր հարցերով կողմերի կոնսենսուսի ամրագրումից հետո։ Բնականաբար, նման հայտարարությունից հետո դրան հակառակ քայլերը ենթադրում են, որ երկկողմ հարաբերություններում խնդիրներ կառաջանան։ Կարծում եմ՝ նման հայտարարությունը և Թուրքիայի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության սկզբունքի ճանաչումը հայտարարության միջոցով Ադրբեջանի համար առանձնապես մեծ նշանակություն չունի։

Թուրքիայի քաղաքականությունը Հարավային Կովկասում մեծապես պայմանավորված է Ադրբեջանի որոշումներով, այսինքն՝ նույնիսկ կախված է Ադրբեջանից։ Ես մշտապես պնդում եմ, որ Թուրքիան Ադրբեջանից լուրջ կախվածության մեջ է գտնվում։ Սակայն ընդհանուր առմամբ Իրանի հետևողական դիրքորոշումը հանուն ՀՀ տարածքային ամբողջականության և անվտանգության զսպող գործոն է շատ երկրների և գլխավորապես Ադրբեջանի համար։

Իսկ այս հայտարարությունը ցույց է տալիս Իրանի հետևողականությունը, որի հետ հաշվի են նստում ռեգիոնալ բոլոր երկրները։ Այսինքն՝ միայն հայտարարությունը և դրանում ամրագրվածը չէ կարևոր, այլ այն, թե Թեհրանն ինչ քաղաքականություն է վարում վերջին տարիների ընթացքում»,- նման կարծիք հայտնեց փորձագետը։

Աքթարի կարծիքով, Մերձավոր Արևելքում Թուրքիա-Իրան-Ռուսաստան խորացող համագործակցությունն անդրադառնում է նաև Հարավային Կովկասի շուրջ այս երկրների համագործակցության որակի վրա։ «Սակայն այստեղ Ռուսաստանն այլևս չունի նախկին ազդեցությունը, այս ռեգիոնում ավելի ազդեցիկ են ներկայումս Թեհրանն ու Անկարան, սա հաշվի առնելով՝ Անկարայի բանակցությունները կարևոր էին նաև Կովկասի համար»,- նշեց նա։

Ջենգիզ Աքթարը, սակայն, կարծում է, որ ռեգիոնալ 3+3 ձևաչափը մեծ «ապագա» չունի։

«Մենք տեսնում ենք շահագրգռություն Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի կողմից, սակայն Ադրբեջանը, Հայաստանն ու Վրաստանն այլ առաջնահերթություններ ունեն։ Վրաստանը մերժում է այս ձևաչափը ՌԴ-ի ներկայության և Արևմուտքի հետ հարաբերությունների պատճառով, ՀՀ-ն մեծ ոգևորություն չի ցուցաբերում, Ադրբեջանն այս փուլում՝ ևս, քանի որ ՀՀ-Ադրբեջան բանակցությունները չի ցանկանում դարձնել այս ձևաչափում քննարկման առարկա։ Սա է պատճառը, որ տարածաշրջանային ուժերը ցանկանում են, սակայն այս ընդլայնված ձևաչափը դեռ չունի լուրջ ձեռքբերումներ և տեղում դոփում է»,- ասաց նա։

 

Տեսանյութեր

Լրահոս