«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն անդրադարձել է Ադրբեջանի կողմից «Շուշին՝ 2024 թվականի իսլամական աշխարհի մշակութային մայրաքաղաք» հռչակելուն
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ անդրադարձել է Ադրբեջանի կողմից «Շուշին՝ 2024 թվականի իսլամական աշխարհի մշակութային մայրաքաղաք» հռչակելուն։
Հայտարարության մեջ նշված է. «Ինչպես հայտնի դարձավ Ադրբեջանի կառավարությունը հաստատել է Շուշին «Իսլամական աշխարհի մշակութային մայրաքաղաք» հռչակելու վերաբերյալ Գործողությունների ծրագիր, որը նաև նախատեսում է իսլամական երկրներում անցկացնել «Շուշիի օրեր» և բազմաթիվ այլ «մշակութային» միջոցառումներ։ Ադրբեջանը փաստորեն հայկական Շուշին «Ադրբեջանի մշակութային մայրաքաղաքից» վերածում է «իսլամական աշխարհի մշակութային մայրաքաղաքի»՝ զուգահեռաբար ոչնչացնելով և խեղելով քաղաքի ողջ հայկական ժառանգությունը՝ այլափոխելով պատերազմի ժամանակ հրետանակոծության ենթարկված Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, պղծելով եկեղեցու հոգևոր-ճարտարապետական հորինվածքը, ճանապարհային շինարարության պատրվակով վանդալիզմի ենթարկելով Շուշիի գերեզմանատունը։
Այս ամենը տեղի է ունենում հայաթափված Շուշի հայերի վերադարձը թույլ չտալու գործողությունների ծրագրի շրջանակներում, մինչդեռ դեռևս մինչև 2023թ․ սեպտեմբերի 19-20-ի պատերազմը և հաջորդած էթնիկ զտումը, համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի 7-րդ կետի, Ադրբեջանը պարտավոր էր թույլատրել փախստականների, այդ թվում շուշեցիների վերադարձ իրենց հայրենի ծննդավայր։
Ռասիզմի քաղաքականության ճիրաններում հայտնված հայկական Շուշին, ցավոք, մեկ անգամ չէ, որ ականատես է եղել հայկական ջարդերի։ 104 տարի առաջ Շուշիի հայությունը կրկին կանգնած էր գոյութենական վտանգի առաջ՝ ի դեմս ծայրահեղ պանթյուրքիստ, պանիսլամիստ և համոզված հայատյաց Խոսրով բեկ Սուլթանովի գեներալ-նահանգապետության, որը 1919 թ․ առաջին փորձերն էր կատարել հրահրելու հայկական կոտորածներ։ Խոսրով բեկ Սուլթանովը, լինելով նաև Բաքվի 1918 թ․ ավելի քան 30 հազար հայության կոտորածի պատասխանատուներից մեկը, լավ էր յուրացրել ջարդի պրակտիկան և անպատժելիության հնարավորությունը, ինչը և ամբողջությամբ կիրառեց Շուշին հայաթափելու գործընթացում։ Մինչ քաղաքի հայության կոտորածին անցնելը՝ Խոսրով բեկ Սուլթանովը քաղաքի հայկական հատվածից հեռացրել էր գանձարանն ու հեռագրատունը, փակել Շուշի-Գորիս ճանապարհը։ 1920 թ․ Շուշիի ջարդերին զոհ գնաց ավելի քան 20 հազար հայ։ Շուշին գործնականում հայաթափվեց։ Սա Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին ամբողջապես ենթարկեցնելու մուսավաթական Ադրբեջանի ծրագրի բաղկացուցիչ մասն էր։
Պատմական անցյալի մանրազնին ուսումնասիրությունը թույլ է տալիս պնդել, որ Ադրբեջանի ներկայիս վարչակարգը վերջին երեք տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի հայության դեմ իրականացված բռնությունների հարցում մեծապես «օգտվել» է անցյալի փորձից՝ մասնավորապես, ճանապարհների ապօրինի շրջափակում, բիրտ ուժի կիրառում, ոչնչով չերաշխավորված ապահովության հավաստիացումներ, որոնց ավարտը էթնիկ զտում է ինչպես 104 տարի առաջ, այնպես էլ այսօր։
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խստորեն քննադատում է Ադրբեջանի քստմնելի վարքը։ Ավելի քան կես միլիոն բռնագաղթեցված գարդմանահայության, շիրվանահայության, նախիջևանահայության ոտնահարված իրավունքները վերականագնելու, էթնիկ զտման ենթարկված ավելի քան 100 հազար արցախահայության միջազգայնորեն երաշխավորված վերադարձի գործընթաց նախաձեռնելու և հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրներով մտահոգվելու փոխարեն, Ադրբեջանը չի դադարեցնում նեղկլանային շահեր սպասարկող իր էթնոֆոբ, նեոազգայնական քաղաքականությունը։ Սա ամոթալի իրողություն է, որին միջազգային հանրությունը պետք է անհապաղ համարժեք և գործնական արձագանք տա»։