ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում 2023 թվականին 30 անգամ աճել են կարմրուկի դեպքերը
2023 թվականին կարմրուկով հիվանդացությունն Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանում աճել է 30 անգամ։ Այս մասին հաղորդել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային բյուրոն (ԱՀԿ-ի ԵվՏԲ):
«ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում կարմրուկով հիվանդացության տագնապալի աճ է նկատվում: 2023 թ. հունվարից մինչև հոկտեմբեր ընկած ժամանակաշրջանում կարմրուկի ավելի քան 30 հազար դեպք է գրանցվել տարածաշրջանի 53 պետություններից 40-ում: Դա ավելի քան 30 անգամ ավելի է ամբողջ 2022 թ. գրանցված 941 դեպքի համեմատությամբ: Վերջին ամիսներին դեպքերի աճն արագացել է, և սպասվում է, որ այս միտումը կպահպանվի, եթե տարածաշրջանում շտապ միջոցներ չձեռնարկվեն հետագա տարածումը կանխելու համար», – հայտնել է տարածաշրջանային բյուրոն մամուլի տեղեկագրում:
ԱՀԿ-ի ԵվՏԲ-ի տնօրենի խոսքով՝ պատվաստումը կարմրուկի դեմ պայքարի միակ միջոցն է։
«Տարածաշրջանում մենք տեսնում ենք ոչ միայն կարմրուկով հիվանդացության դեպքերի 30 անգամ աճ, այլև գրեթե 21 հազար հոսպիտալացում և կարմրուկի հետ կապված մահվան 5 դեպք. սա մտահոգություն է առաջացնում: Պատվաստումը երեխաներին այս հնարավոր վտանգավոր հիվանդությունից պաշտպանելու միակ միջոցն է: Անհրաժեշտ են պատվաստման ուղղությամբ շտապ ջանքեր՝ փոխանցումը դադարեցնելու և հետագա տարածումը կանխելու նպատակով», – նշել է նա։
Տարածաշրջանում կարմրուկի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացածների թիվը 2019 թ․-ի 96 %-ից իջել է մինչև 2022 թ․-ին` 93 %, իսկ երկրորդ չափաբաժինը ստացածների թիվը՝ համապատասխանաբար 92 %-ից մինչև 91%. նորածիններն այդ պատվաստումն ընդհանրապես բաց են թողել 2020-ից մինչև 2022 թթ. ընկած ժամանակաշրջանում:
Քանի որ կարմրուկի դեպքեր են գրանցվել նույնիսկ շատ երկրներում, որտեղ այս հիվանդությունը հայտարարվել էր վերացած, ԱՀԿ-ում կոչ են անում տարածաշրջանի պետություններին պահպանել մանկական պլանային պատվաստումների շատ բարձր մակարդակը՝ առնվազն 95 %: