Ինչպես Երևանն ակնկալիքներ ունի Բրյուսելից, այնպես էլ Բրյուսելը՝ Երևանից․ եվրոպացի վերլուծաբան

Վերջերս ԵՄ-ն Ադրբեջանին ուղղված երկու հայտարարությամբ հանդես եկավ։ Առաջինը տարածել էր ԵՄ խոսնակներից Պիտեր Ստանոն Իլհամ Ալիևի՝ սպառնալիքներով և վերջնագրերով լի վերջին հարցազրույցից հետո, երկրորդը՝ հանձնակատար Բորելը։ Բրյուսելում օրերս կայացավ ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստը, որի ընթացքում բազմաթիվ հարցերի շարքում քննարկվել էին Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները։

Նիստի ավարտին ԵՄ արտաքին հարաբերությունների բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը նշեց` ԵՄ անդամ պետությունները համաձայն են այն մտքի հետ, որ Ադրբեջանը պետք է վերադառնա Հայաստանի հետ առարկայական խաղաղության և հարաբերությունների կարգավորման բանակցություններին։

«Նախագահ Ալիևի վերջին տարածքային պահանջները խիստ մտահոգիչ են։ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի կլինի և լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների համար»,- նշել էր Ժոզեպ Բորելը։

168am-ի հետ զրույցում, մեկնաբանելով ԵՄ-ի ներկայիս դիրքավորումը Երևան-Բաքու գործընթացում, եվրոպացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը նշեց, որ ԵՄ-ն փորձում է զսպել, հավասարակշռել Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Առաջնային պատճառներից մեկն այն է, ըստ վերլուծաբանի, որ բանակցային գործընթացի նախկին ինտենսիվությունն ընդհատվել է, կան սուր հայտարարություններ, հետևաբար՝ մտավախություններ, որ ռեգիոնում կրկին իրավիճակի էսկալացիա կլինի։

Մյուս պատճառը, նրա խոսքով, այն է, որ Ադրբեջանը կարծես հրաժարվում է մասնակցել Արևմուտքում կազմակերպվող հանդիպումների, խոսքը դեռևս նախորդ տարվա նախաձեռնությունների, ինչպես նաև արդեն իսկ այս տարի արձանագրված նախաձեռնությունների մասին է։

«Կա նաև մեկ այլ պատճառ, դա Հայաստանի որոշակի ձգտումն է դեպի ԵՄ և ԱՄՆ, հարաբերությունների շարունակական խորացման դեպքում Երևանը պետք է զգա քաղաքական աջակցություն։ Կարծում եմ՝ սա դրա դրսևորումն է։ Այդպիսի դրսևորում են նաև ԵՄ դիտորդները, որոնք քաղաքացիական են, սակայն որոնց ներկայությունը որոշակի ներդրում է ռեգիոնում ԵՄ-ի կողմից։ Հատկապես, երբ խոսքը երկրի տարածքային ամբողջականության մասին է, ԵՄ-ն կաշկանդված չէ դիրքորոշում հայտնել։ Սակայն, ինչպես Երևանը, այնպես էլ Բաքուն ԵՄ-ի համար կարևոր երկիր է՝ թե էներգետիկ, թե մի շարք այլ առումներով։ Ուստի կարծում եմ, որ ԵՄ շահերից է բխում և ԵՄ-ում հակված են պահպանել հայտարարությունների հավասարակշռությունը, չանելով որևէ կողմին քննադատող, հասցեագրող հայտարարություն»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը 2023 թվականի արտաքին քաղաքական տարին ամփոփելիս՝ ասաց, որ ՀՀ-ԵՄ  քաղաքական երկխոսությունն անցած տարի զգալիորեն խորացել է` էապես բարձրացնելով այդ երկխոսության մակարդակը, ընդգրկելով նոր բաղադրիչներ, այդ թվում նաև՝ անվտանգության ոլորտում: «2023թ. հունվարի 23-ին, կհիշեք, Եվրոպական միությունը որոշում ընդունեց Հայաստանում երկարաժամկետ քաղաքացիական առաքելության տեղակայման վերաբերյալ, և առաքելության գործունեության մեկնարկը տրվեց արդեն փետրվարի 20-ին: Առաքելությունը նպատակ ունի մշտադիտարկում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին` սահմանամերձ գոտում հայկական կողմից, և մեծ հաշվով նպատակ ունի նպաստել սահմանամերձ գոտիներում կայունությանը, կառուցել վստահություն և մարդկային անվտանգություն հակամարտությունից տուժած տարածքներում և ապահովել այնպիսի միջավայր, որը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին»,- ասաց Միրզոյանը։

Եվրոպացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնն ասաց, որ ՀՀ-ԵՄ հարաբերություններում կան որոշակի փոփոխություններ։

Ըստ նրա, քանի դեռ ՀՀ-ն շարունակում է մնալ ՌԴ ռազմավարական գործընկերը, ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամը, կողմերը երկխոսում են՝ հասկանալու, թե ինչպես են տեսնում այդ հարաբերությունների ապագան։

«Աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում, որը բազմիցս քննարկում ենք, մեծ է՝ ինչպես բևեռացումը, այնպես էլ՝ իրավիճակները, որպիսիք երբևէ չեն եղել, ինչպիսին ՀՀ պարագան է, որը լինելով ՌԴ-ի հետ ինտեգրացիոն կառույցներում՝ հայտարարում է ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու մասին։ Միևնույն ժամանակ Երևանը չի հայտարարում այդ կառույցներից դուրս գալու մասին, այլ միայն քննադատում է։ Եվ ԵՄ-ն ունի ակնկալիքներ Հայաստանից, և Հայաստանը՝ ԵՄ-ից, սակայն միայն ժամանակը ցույց կտա, թե որքանով այդ ակնկալիքները կբավարարվեն»,- ասաց նա։ Վերլուծաբանն ասաց, որ ԵՄ ակնկալիքները վերաբերում են ԵՄ ազդեցության խորացմանը Հարավային Կովկասում։

«Բնականաբար, եթե ՀՀ-ԵՄ հարաբերությունները խորանան, ՌԴ ազդեցությունն էլ ավելի կթուլանա, իսկ ԵՄ ազդեցությունը՝ ընդհակառակը»,- նշեց Նեյլ Մաքֆարլեյնը։

Տեսանյութեր

Լրահոս