Ի՞նչ են քննարկել Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչները

Այս օրերին գրեթե զուգահեռաբար Հայաստանում էին Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան, ինչպես նաև Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

Կլաարը, ով Երևանում հանդիպել էր փոխարտգործնախարար Վահան Կոստանյանին, նախօրեին իր թվիթերյան միկրոբլոգի էջում գրել էր, որ ավարտում է երկօրյա դրական հանդիպումները ՀՀ-ում։

«Ընդգծվել է ԵՄ համապարփակ ՀՀ-ԱՀ խաղաղ կարգավորմանը շարունակական աջակցությունը։ Ոգևորված լինելով Բաքվի և Երևանի միջև բովանդակալից երկկողմ շփումներով՝ ակնկալում ենք նաև ընտրություններից հետո լիովին վերագործարկել Ադրբեջանի զրուցակիցների հետ աշխատանքը»,- գրել է Կլաարը, ըստ էության արձանագրելով, որ ադրբեջանցի դիվանագետներն ընտրությունների պատճառաբանությամբ դադարեցրել են ԵՄ-ի հետ շփումը: Այստեղ հարկ է նաև հիշեցնել, որ տարեսկզբին լինելով Երևանում՝ ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոն չմեկնեց Բաքու։ Ըստ որոշ աղբյուրների՝ Ադրբեջանում նրան չեն ցանկացել ընդունել։

Իսկ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Կոլոմինային ՀՀ-ում ընդունել է թե Փաշինյանը, թե ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: «Լավ հանդիպումներ Երևանում Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնյաների հետ. Լսվեց ՀՀ մտահոգություններ խաղաղության բանակցությունների և տարածաշրջանային անվտանգության առաջընթացի վերաբերյալ: Քննարկվել է ՆԱՏՕ-ՀՀ համագործակցության հետագա ամրապնդումը։ #ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստան-Ադրբեջան անհրաժեշտ կարգավորմանը և նրանց ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- իր թվիթերյան միկրոբլոգի էջում գրել է Կոլոմինան։

Այստեղ հարկ է հիշեցնել Կոլոմինայի դեկտեմբերյան հարցազրույցը, որում նա նշել էր, թե Կովկասում կայունության պահպանումն իսկապես հիմնարար խնդիր է ոչ միայն այն աշխատանքի շրջանակներում, որը ՆԱՏՕ-ն անում է Վրաստանում, այլ նաև այն շրջանակներում, որը կարող է ապահովվել Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորման արդյունքում։

Հարցին, թե տեսնո՞ւմ է Հայաստանի շահագրգռվածությունը ՆԱՏՕ-ի հետ մերձեցման հարցում, Կոլոմինան պատասխանել էր․ «Իմ կարծիքով՝ Հայաստանը շատ հստակ որոշում է կայացրել փոխել իր արտաքին քաղաքականությունը և իրեն հեռու պահել Մոսկվայի հետ հարաբերություններում։ Մենք էլ սա ողջունել ենք։ Հայաստանի քաղաքացիները որոշումներ կայացնելու ազատություն ունեն, և նրանք այդպես են որոշել։

Իմ կարծիքով, Հայաստանն արդեն սկսել է մերձենալ ՆԱՏՕ-ին։ Նրանք պահանջում են ավելի շատ համագործակցություն, ավելի շատ քաղաքական երկխոսություն և ՆԱՏՕ-ի ավելի մեծ ներկայացվածություն։ Մենք ողջունում ենք մեր գործընկերների որոշումները՝ ի շահ տարածաշրջանի կայունության, դա մեզ համար շատ կարևոր է»։

168am-հետ զրույցում ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ Արևմուտք-ՀՀ հարաբերությունների սերտացմանը զուգահեռ՝ ակտիվացվում է ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը։ Ըստ նրա, բնականաբար, այստեղ խոսքն անդամակցության մասին չի կարող լինել բացարձակ։

«Առավելագույնը համագործակցություն ծրագրերի շրջանակում, ինչպես նաև ՆԱՏՕ-ի կողմից քաղաքական որոշակի աջակցություն ՀՀ-ին, թեև սրան զուգահեռ՝ պետք է նշել, որ Ադրբեջանը լավ հարաբերություններ ունի ՆԱՏՕ-ի հետ՝ չլինելով ՆԱՏՕ-ի անդամ։

«ՆԱՏՕ-ն իր ընդլայնման հարցում շատ ավելի դանդաղ ու ծանր է, քան նույնիսկ ԵՄ-ն։ Իսկ ՀՀ-ի նման երկրներին ի՞նչ կարող է տալ, դժվար է ասել։ Իսկ երկխոսությունը հարաբերությունների ապագայի շուրջ կարող է երկար շարունակվել։ Սակայն լավ համագործակցության դեպքում ՆԱՏՕ-ն կարող է օգտակար լինել ծրագրերով, փորձով։ Բայց կարծում եմ, մինչ դա ակնկալում են, որ ՀՀ-ն կշարունակի ՌԴ-ի հետ հարաբերությունների վատթարացման ուղին։ ՀԱՊԿ անդամակցությունն այս համագործակցությանը հակասելու է, բնականաբար, լինելու է ակնկալիք, որ ՀՀ-ն կլքի ՀԱՊԿ-ը։

Սակայն վստահ չեմ դեռ, որ դա կարվի, ուստի ՆԱՏՕ-ի հետ հեռանկարը դրանից է կախված։ Առանձնապես լուրջ հեռանկարներ այս փուլում չեմ տեսնում։ Բայց Երևանի ձգտումը հասկանալի է, որին ՆԱՏՕ-ն արձագանքում է՝ հաշվի առնելով ռեգիոնում աշխարհաքաղաքական իրավիճակը վերջնական փոխելու ցանկությունը»,- նկատեց վերլուծաբանը։

Ինչ վերաբերում է տարածաշրջանային անվտանգությանը, Ֆելգենգաուերը գտնում է, որ տարօրինակ կլինի նույնիսկ կանխատեսել, որ որևէ վտանգ չկա։ «Ամեն օր աշխարհում նոր հակամարտության կամ դրա թեժ փուլի մեկնարկի ականատեսն ենք դառնում, այս պայմաններում չափազանց բարդ է կարգավորել հակամարտություն և հաստատել խաղաղություն, այն էլ՝ նման բարդ հակամարտություն, ինչպիսին Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունն է»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս