Ո՞ւր է շտապում քաղաքապետը՝ առանց հանրային քննարկումների. «Նեթ-բո՞լ»

Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածի շուրջ օղակը սեղմվում է. «ասեք՝ կանենք» խոստումով քաղաքապետի պաշտոնը ստանձնած Տիգրան Ավինյանը դեռևս չի հստակեցնում, թե ով է ասել, որ անում են, ու անելիքները հիմնավորում է «հանրային գերակա շահ» ընդհանուր եզրույթով:

Ինչո՞ւ է առաջնահերթ համարվել միայն այգու՝ Սայաթ-Նովա փողոցից մինչև Նալբանդյան փողոց ընկած այս և ոչ թե այգու մյուս՝ ոչ պակաս ուշադրության արժանի հատվածները, ինչո՞ւ է կառուցապատող ընկերության միակ հավակնորդ դարձել ամիսներ առաջ Երևանին գումարներ նվիրաբերած սեփականատիրոջ մեկ այլ ընկերություն՝ GreenRock Management Group-ը, ո՞ւր են տարվելու այգին հիմնելուց տարիներ առաջ այնտեղ գտնվող թենիսի կորտերը, և ի՞նչ է առաջարկել քաղաքապետարանն այդ հատվածում շահույթ հետապնդող այն կազմակերպություններին, որոնք, օրինակ, մինչև 2038 թիվը վարձակալել են տարածքները՝ հարցերի պատասխանները դեռ բաց են:

«Տրամաբանությունը հետևյալն է, որ այգին ծառայի՝ ըստ իր նշանակության»,- այսօր քննադատություններին ի պատասխան՝ ասել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ այդպես էլ չկարողանալով բացատրել, թե ինչով են, օրինակ, այդ տրամաբանությանը խանգարում թենիսի կորտերը:

Ճարտարապետների, քաղաքաշինարարների ու հասարակ քաղաքացիների քննադատություններից քաղաքապետը չի նահանջում. թենիսի կորտերը պետք է տեղափոխվեն:

Կարդացեք նաև

«Վստահաբար, ակումբի համար տեղակայման դիրքն այդքան էլ պրինցիպիալ կարևոր չէ»,- քաղաքապետարանի գործավարական վերջին նիստում վստահեցրել էր Տիգրան Ավինյանը:

«Արարատ» թենիսի ակումբի սեփականատեր ու «Գեյմսերվիս» ընկերության տնօրեն Էդուարդ Սանամյանն էլ նշում է՝ իրենք ևս չեն ընկրկելու. ասում է՝ մինչ այս պահն իրենց որևէ առաջարկ չի արվել:

«Մեզ հետ քննարկելու որևէ առաջարկ չի եղել: Մեր պահանջն ու խնդրանքը քաղաքապետարանից ընդամենը հարցերի պատասխանն է, որին դեռևս ականատես չենք եղել: Այս շաբաթվա գործավարականն ավելի շատ հարցեր առաջացրեց»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ակումբի տնօրենը:

Այս ընկերությունն ու ակումբն են 90-ականներից Օղակաձև զբոսայգու թենիսի կորտերի երկարաժամկետ վարձակալը։ Էդուարդ Սանամյանը կարծում է՝ սա վատ նախադեպ կլինի մյուս գործարարների համար և կկաշկանդի ներդրումներ անել: Նա չգիտի, թե ինչու է այգու հենց այս հատվածն արժանացել քաղաքապետի ուշադրությանը, բայց ակնկալում է այս գործընթացի թափանցիկություն:

Հայաստանի թենիսի աջակցության հիմնադրամի նախագահ Յուրի Մկրտչյանն այգու վերականգնման վերաբերյալ քաղաքային իշխանության ծրագրին հակադարձում է հիշեցմամբ՝ 1966 թվականին Պետհամալսարանի դիմաց թենիսի այս կորտերը կային՝ այգին չկար: Նա Ավինյանի առաջարկ-որոշումը համարում է անպատրաստ, հապճեպ ու անհիմն. «Քաղաքապետի երկրորդ ելույթը որ եղավ երկուշաբթի օրը, ասաց՝ առաջարկություն պետք է անեին: Ճիշտ կլիներ, որ նրանք առաջարկներ անեին, նոր գային հայտարարության: Իմ կարծիքով՝ քաղաքապետարանն այսօր առաջարկ չունի»:

168.amը փորձեց զրուցել նաև այդ հատվածում ծառայություններ մատուցող մի քանի ընկերության ներկայացուցիչների հետ. պատասխանատուները դեռևս աշխատավայրում չէին, բայց աշխատակիցները տարակուսած էին քաղաքապետարանի որոշումից:

Փոքրիկ հարցախույզի ընթացքում մեզ հանդիպած քաղաքացիները հիմնականում դեմ չէին բարեկարգման գաղափարին, եթե այն իսկապես բարեկարգում լինի, ու եթե թենիսի ակումբի համար այլընտրանքային առաջարկ լինի: Տեսակետ հնչեց նաև հանրային քննարկման մասին:

Հիշեցնենք՝ քաղաքապետարանի գործակարգավարական նիստում Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Շողիկ Երանյանը նշել է, որ քաղաքապետարան է դիմել մի ընկերություն՝ GreenRock Management Group անունով՝ Օղակաձև այգու 4-րդ հատվածի՝ Սայաթ-Նովա փողոցից մինչև Նալբանդյան փողոց ընկած տարածքում վերակառուցման և կառուցապատման իրավունքի տրամադրման համար: Եվ հաշվի առնելով, որ տարածքում կան նաև այլ անձանց պատկանող գույքեր, անհրաժեշտ է այն հանրային գերակա շահ ճանաչել:

GreenRock ընկերության հիմնադիր Մարետա Գևորկյանը, որը նաև «Էվոկաբանկ»-ի սեփականատերն է, ամիսներ առաջ Երևանին ավելի քան 250 մլն դրամ էր նվիրաբերել, որպեսզի վերանորոգվեր համայնքին պատկանող մի շենք։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031