
Գեներալ Մանվել Գրիգորյանի դստեր վերաբերյալ կարգապահական վարույթ կքննվի. ո՞րն է պատճառը

Հայաստանի դատական իշխանության պաշտոնական կայքը տեղադրել է Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) քննվող կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործերի վերաբերյալ ժամանակացույցը, որից տեղեկանում ենք, որ հունվարի 22-ին՝ 10:00-ին, դռնբաց նիստով քննվելու է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հարուցած կարգապահական վարույթը Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ:
Նաիրա Գրիգորյանը լուսահոգի գեներալ Մանվել Գրիգորյանի դուստրն է, դատական համակարգում նոր մարդ չէ, իսկ որպես դատավոր՝ պաշտոնավարում է արդեն 19 տարի:
168.am-ի տեղեկություններով՝ դատավորի դեմ հարուցված վարույթը կապված է իր ազգականներից մեկի՝ որպես վարույթով պատասխանող կողմ հանդիսացող անձի հետ կապված գործի քննությանը:
Դատավոր Գրիգորյանը նշված վարույթով չի տեղեկացրել, որ պատասխանող կողմն իր մերձավոր ազգականն է, ու ինքնաբացարկ չի հայտնել, գործը քննել է պարզեցված վարույթով, այնինչ ավելի վաղ մեկ այլ գործի շրջանակում, նույն հանգամանքով պայմանավորված, Նաիրա Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել: