Գուտերեշը հայտարարել է, որ ռմբակոծությունների պատճառով ՄԱԿ-ը չի կարողանում օգնություն հասցնել Գազա
ՄԱԿ-ը չի կարողանում մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված՝ անկլավի տարածքի շարունակվող զանգվածային ռմբակոծությունների պատճառով։ Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը X սոցիալական հարթակի իր էջում։
«Մենք չենք կարող արդյունավետ կերպով մարդասիրական օգնություն հասցնել, քանի դեռ Գազայի հատվածը ենթարկվում է ծանր, զանգվածային և անողոք ռմբակոծությունների: Մեզ անհրաժեշտ է անվտանգություն, միջավայր, որում անձնակազմը կարող է անվտանգ աշխատել։ Անհրաժեշտ են լոգիստիկայի և առևտրային գործունեության վերականգնումը», – գրել է նա՝ ընդգծելով, որ այժմ «Գազայում ոչ մի տեղ ոչ ոք» անվտանգության մեջ չէ:
Ավելի ուշ արված գրառումներում Գուտերեշը նաև դատապարտել է հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների հարձակումներն Իսրայելի վրա, մարդկանց սպանությունները, առևանգումները և սեռական բռնությունները։ Գուտերեշը հրադադարի կոչ է արել Գազայի հատվածում՝ ապահովելու հումանիտար օգնության մատակարարումը և նպաստելու պատանդների ազատ արձակմանը։
Մերձավոր Արևելքում իրադրությունը կտրուկ սրվել է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք ՀԱՄԱՍ-ի զինյալների ներթափանցումից հետո, որի հետևանքով Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, շուրջ 240 մարդ՝ գերեվարվել։ Պատանդներից 105-ը 7-օրյա հումանիտար հրադադարի ժամանակ փոխանակվել են Իսրայելում բանտարկված շուրջ 240 պաղեստինցիների հետ։
Ի պատասխան՝ Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին, իսկ ավելի ուշ ցամաքային գործողություն է սկսել անկլավում։ Բախումներ են տեղի ունենում նաև Հորդանան գետի արևմտյան ափին: Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 24 000-ը, վիրավորների թիվը 61 000 է