Ադրբեջանը սկսել է տարածքային պահանջներ գեներացնել ՀՀ–ի նկատմամբ. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը Բաքվի հայտարարությունները համարում է լրջագույն հարված խաղաղության գործընթացին։ Այս մասին հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստում` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին։
Ըստ նրա` Ալիևի հայտարարություններն ընդամենը նախընտրական շրջանի հետ են կապված։ «Ադրբեջանը սկսել է տարածքային պահանջներ գեներացնել ՀՀ նկատմամբ, ինչը բացարձակապես անընդունելի է»,– ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, թե փորձ է արվում միջանցքային խոսույթ ձևավորել ՀՀ-ի նկատմամբ։
«Ընդ որում` երբ ասում ենք` մի րոպե, դա նկրտում է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ, ինչպես են նրանք արձագանքում, ասում են` մենք նույն խոսույթն օգտագործում ենք Իրանի տարածքով անցնող կոմունիկացիաների վերաբերյալ, այդ թվում` Հյուսիս-հարավ միջանցքի մասին, որն անցնում է ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով դեպի Իրան։ Մենք ասում ենք` շատ լավ, հասկանում եք, որ հիմա Ադրբեջան-Նախիջևան կապի թեման կա, բայց…
Ու էլի զուգահեռներ է տարվում Իրանի տարածքով այդ կապը ապահովելու մասին, որն այսօր էլ գոյություն ունի։ Մենք սրան արձագանքում ենք այսպես` ինչպես որ Իրանը տրամադրում է կապը Նախիջևանի հետ, նույն պայմաններով մենք էլ ենք պատրաստ` և՛ երկաթուղային, և՛ ավտոճանապարհային տարբերակներով»,- ասել է նա։
Փաշինյանը նաև նշել է, որ եղել են հրապարակային պայմանավորվածություններ, որ երկրների միջև խաղաղությունը, ինչպես նաև սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը պետք է հիմնված լինի 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա: Սրանք սահմաններ գծելու պայմանավորվածություններ չեն։
«Այն, ինչ ասում են Բաքվում, հակասում է այդ տրամաբանությանը և պայմանավորվածություններին»,- նշել է նա։
Փաշինյանի խոսքով` Ադրբեջանից ասում են, որ մենք հասանք նրան, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ արձանագրվի նաև «Զանգեզուրի միջանցք», և որ ՌԴ-ն է ապահովելու այդ ճանապարհների անվտանգությունը։
«2020 թ. նոյեմբերի 9–ի հայտարարության մեջ այդ երկուսից ոչ մեկը չկա գրված։ Ոչ մի տեղ գրված չէ, որ ՌԴ-ն ՀՀ–ի որևէ տարածքում կոմունիկացիայի որևէ անվտանգություն պետք է ապահովի։ Էլ չեմ ասում, որ երեք տարի է` Ադրբեջանը «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսույթ է զարգացնում` հղում անելով եռակողմ հայտարարությանը։ Ով «Զանգեզուրի միջանցք» արտահայտություն կգտնի նոյեմբերի 9–ի հայտարարության մեջ, խոստանում եմ դրամական պարգև»,- հայտարարել է Փաշինյանը։
Անդրադառնալով Ադրբեջանի հետ սահմանների ճշգրտման թեմային, նա ասել է՝ երբ Ադրբեջանը խոսում է 4 գյուղերի վերադարձման մասին, ՀՀ-ն բարձրացնում է 32 գյուղի հարցը, որոնց կենսական նշանակության տարածքները օկուպացված են, այդ թվում` Գեղարքունիքի մարզում։
«Մենք ասում ենք, որ ՀՀ և Ադրբեջանի միջը օկուպացված տարածքներ չպետք է գոյություն ունենան։ Հետևաբար, երբ պարզվի, որ ՀՀ-ն է ինչ-որ տարածքներ իր վերահսկողության տակ պահում, մինչդեռ դե յուրե պատկանում է Ադրբեջանին, ՀՀ-ն պետք է այդ տարածքներից դուրս գա, իսկ այն տարածքները, որոնք դե յուրե պատկանում են ՀՀ-ին, սակայն Ադրբեջանն է պահում իր վերահսկողության տակ, Ադրբեջանը պետք է դուրս գա։ Նման քաղաքական պայմանավորվածություն կա, սա գործնականում իրականում հնարավոր չէ իրագործել` առանց փոխհամաձայնեցված քարտեզի»,- ասել է նա։
Ինչպե՞ս պետք է որոշել` սա ՀՀ-ի՞, թե՞ Ադրբեջանի տարածք է։ Ըստ Փաշինյանի` կա մի տարբերակ` քաղաքական առումով հիմնվել 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի վրա, սեղանին դնել հռչակագրի դրույթները դե յուրե արտահայտող քարտեզներ ու գնալ տեղում նայել իրողությունները ու դրանք համապատասխանեցնել քարտեզներին։ Հակառակ իրավիճակն անընդհատ բերելու է էսկալացիաների, ինչը չի կարող խաղաղության հենք դառնալ։