Հայաստանի միջազգային պահուստներն արագորեն դատարկվում են
Հայաստանի միջազգային պահուստները, ռուս-ուկրաինական պատերազմին նախորդած շրջանում ավելանալուց հետո, արագորեն դատարկվում են։
Կենտրոնական բանկի հրապարակած տվյալներով, անցած տարվա դեկտեմբերի վերջին դրանք կազմել են 3 մլրդ 601 մլն դոլար։ Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ պահուստները կրճատվել են գրեթե 510 մլն դոլարով։
Միջազգային տարադրամային պահուստները ռեկորդային տեմպերով նվազել են։
2022թ. դեկտեմբերին դրանք հասել էին ընդհուպ 4 մլրդ 111 մլն դոլարի։
Մեկ տարվա ընթացքում պահուստները նվազել են ավելի քան 12 տոկոսով։
Սա պահուստների հսկայական կրճատում է, ինչը նաև վտանգներ է պարունակում։ Հատկապես, եթե հաշվի առնենք այն անորոշություններն ու ռիսկերը, որոնք կան ֆինանսական ու տնտեսության կայունության առումով։
Կար ժամանակ, երբ կարճաժամկետում պահուստներն ավելանում էին, Նիկոլ Փաշինյանը շտապում էր դա ոչ միայն պատմական ռեկորդ անվանել, այլև կարևոր գործոն էր համարում Հայաստանի տնտեսական վարկանիշի բարձրացման համար։ Ասում էր՝ միջազգային պուհուստները ֆինանսական և մակրոտնտեսական կարևոր գործոններ են։ Նաև դրանց շնորհիվ է Հայաստանի տնտեսության վարկանիշը շարունակաբար աճում։
Հիմա, երբ պահուստները ռեկորդային տեմպերով կրճատվել են, մոռացել է ասել, թե դա ինչպե՞ս է ազդել Հայաստանի տնտեսության վարկանիշի վրա։
Դրան Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, չի անդրադառնա. հակառակ դեպքում ստիպված կլինի ասել, որ պահուստների կրճատումը վտանգներ է ստեղծել համաշխարհային աճերի առաջատար Հայաստանի տնտեսության վարկանիշի համար։
Պահուստների մակարդակով Հայաստանը դեռևս վտանգավոր գոտում չէ, բայց այս տեմպերով շարժվելու դեպքում կարող է արագորեն մոտենալ դրան։ Առավել ևս, որ որոշ ցուցանիշների, վերջին մեկ-երկու տարիների հայտնի ռեկորդները խնդիրներ են ստեղծում պահուստների մակարդակի առումով։
Միջազգային չափանիշներով կան պահուստների օպտիմալ չափը գնահատելու տարբեր միջոցներ։ Դրանցից մեկն էլ այն է, թե պահուստները քանի ամսվա ներմուծման ծածկույթ կարող են ապահովել։
Նվազագույնը համարվում է երեք ամսվա ծածկույթի բավարարումը։ Ավելի քիչը՝ վտանգավոր գոտի է։
Մինչև ռուս-ուկրաինական պատերազմը և արտաքին առևտրի հայտնի աճերը, Հայաստանի արտաքին պահուստներն ապահովում էին ներմուծման առնվազն 5 ամսվա ծածկույթ։ Այնինչ՝ անցած տարվա վերջի տվյալներով, այս ժամկետը բավական կրճատվել է՝ 3,5 ամսվա մակարդակում է։
Սրան մի կողմից՝ նպաստել է պահուստների կրճատումը, մյուս կողմից՝ վերարտահանումների հետ կապված ներմուծման ծավալների կտրուկ ավելացումը։
Ներմուծման տարեկան տվյալները դեռևս չեն հրապարակվել, բայց տասնմեկ ամսվա արդյունքներով՝ դրանք կազմել են գրեթե 11 մլրդ դոլար։
Ենթադրվում է, որ տարվա ցուցանիշը մոտ կլինի 13 միլիարդին։ Դա նշանակում է, որ ներմուծման ծածկույթ ապահովելու առումով միջազգային տարադրամային պահուստների մակարդակը բավականաչափ կրճատվել է։
Իհարկե, Կենտրոնական բանկը կարող է ասել, որ դա իրենց համար պարտադիր կատարման ենթակա ցուցանիշ չէ, բայց ամբողջ աշխարհում այն համարվում է ուղենշային։ Ու եթե նայում ենք նույնիսկ երկու տարվա կտրվածքով, ապա այս ցուցանիշն էապես վատացել է։ Ներմուծումն անգամներով աճել է, մինչդեռ պահուստներն ընդամենը 372 միլիոնով են ավելացել։
2021թ. դեկտեմբերին, երբ դեռևս չէր սկսվել ռուս-ուկրաինական հակամարտությունը, և դրսից ֆինանսական հսկայական հոսքեր չէին գալիս Հայաստան, մեր երկրի միջազգային պահուստներն անցնում էին 3 մլրդ 229 միլիոն դոլարից։ Այս տարվա դեկտեմբերին կազմել են 3 միլիարդ 601 մլն դոլար։
Երկու տարում ավելացել են ընդամենը 372 միլիոնով։ Այն էլ արձանագրված այսպիսի հսկայածավալ ֆինանսական հոսքերի պայմաններում, որոնք ներքին շուկայում էապես մեծացրել էին ճնշումը փոխարժեքների վրա՝ լրջորեն թուլացնելով տնտեսության արտահանելի հատվածի ներուժը։
Միջազգային պահուստների հիմնական նպատակը, անշուշտ, պարտքի սպասարկումն է ու ներքին ֆինանսական կայունության ապահովումը։ Կարելի է ասել՝ թե՛ մեկ, և թե՛ մյուս դեպքում ռիսկերը շատացել են։
Պարտքն անցել է 11 միլիարդի սահմանը։ Վերջին երկու տարում ավելացել է գրեթե 2 մլրդ դոլարով, մինչդեռ պահուստներն անգամներով ավելի քիչ են համալրվել։
Մի պահ դրսից անսպասելի ստացված ֆինանսական մեծ հոսքերի արդյունքում Հայաստանի ֆինանսական կայունությունը բավական ամրապնդվեց։ Դա նպաստեց նաև Կենտրոնական բանկի պահուստների ավելացմանը։ Սակայն անցած տարվա երկրորդ կեսից հակառակ միտումներ են նկատվում արտաքին ֆինանսական հոսքերի առումով։ Դրանք թեև դեռևս բավական բարձր դիրքում են գտնվում, այնուհանդերձ սկսել են լրջորեն կրճատվել՝ մեծացնելով տարադրամային ճնշումը դրամի վրա։ Դրա ազդեցությունը տեսնում ենք նաև միջազգային պահուստների վրա, որոնք մեկ տարում հասցրել են շուրջ 510 միլիոնով նվազել։
Պահուստները բուֆերի դեր են կատարում դրամի կայունացման և փոխարժեքների կտրուկ տատանումները հարթելու համար։ Անցած տարվա վերջին, երբ դրամը սկսեց թուլանալ, Կենտրոնական բանկը ստիպված եղավ տարադրամային ներարկումների միջոցով կայունացնել իրավիճակը։ Թեև դրանից հետո փոխարժեքներն ավելի բարձր դիրքում հաստատվեցին, քան մինչ այդ էին։
Դրսից տարադրամային հոսքերի կրճատման հետևանքով, փոխարժեքի շուկայում ազգային արժույթի արժեզրկման ռիսկերն ավելացել են։ Դա կարող է խորանալ առաջիկայում։ Ու որքան էլ Կենտրոնական բանկը վերջին տարիներին էապես նվազեցրել է միջամտությունները փոխարժեքի շուկայում, այնուհանդերձ երբեմն-երբեմն հարկադրված է գնալ դրան՝ կտրուկ տատանումները հարթելու ու հավասարակշռությունը վերականգնելու համար։ Այլապես ցնցումներից անհնարին կլինի խուսափել։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ