Մարզադպրոցի ցնցուղը չի կարևոր, այլ, որ շուրջ 10 առարկայից դասագրքեր չկան, և աշակերտներն ու ուսուցիչներն առանց դասագրքերի են դաս անում. Կրթության փորձագետ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը տարեվերջին ամփոփիչ ասուլիսի ժամանակ խոսելով հանրակրթական դպրոցների 7-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքում տեղ գտած սխալների և դրա վերաբերյալ մասնագետների քննադատությունների մասին, ասել էր, որ հենց սկզբից գիտակցելով, որ բոլոր դասագրքերն առաջին անգամ են մուտք գործում դպրոցներ, հեղինակներին ասել են, որպեսզի աշխատանքային կապի մեջ լինեն և հավաքագրեն այն բոլոր խնդիրները, որ բարձրացնում են հանրությունն ու մասնագետները, և ԿԳՄՍՆ-ին ներկայացնեն անհրաժեշտ լրամշակումների ծավալը։
«Քանի որ այս դասագիրքը հանրային որոշակի հնչեղություն ստացավ, հիմա սպասում ենք հեղինակների կողմից ամբողջական անդրադարձին»,- ասել էր ԿԳՄՍ նախարարը։
Փաստորեն, դեռևս լրամշակման ենթակա դասագրքերով աշակերտներին արդեն հայոց պատմություն են դասավանդում դպրոցներում։
168.am-ի հետ զրույցում Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նախ ասաց, որ պատմաբան չէ և դասագրքի բովանդակության մասին չի կարող խոսել, դրա մասին պետք է խոսեն պատմաբանները։ Սակայն, որպես կրթության փորձագետ՝ կարող է ասել, որ այս ամենը տեղի չէր ունենա, եթե դասագրքերի պատշաճ մրցույթ կազմակերպվեր։
«Սա առաջին դեպքը չէ, այս մասին մենք նախարարությանը զգուշացրել ենք, խնդրել ենք, որպեսզի մրցույթի ժամկետները երկարացնեն։ Այն ժամկետը, որը հատկացվել էր մրցույթի անցկացման համար, եղել է շատ կարճ։ Եվ հիմա տեսեք, որ անգամ նախարարությունն է ընդունում, որ դասագրքերը գիտական փորձաքննություն չեն անցել, մինչդեռ դա պարտադիր է։ Դասագիրքն ունի գիտական ապարատ, այնտեղ ներկայացվում են գիտական հարցեր։ Մենք անտեսել ենք, բայց միշտ դա եղել է, հիշում եմ, որ նախնական տարբերակում էլ կար այդ թեզը, որ յուրաքանչյուր դասագիրք պետք է երկու գիտական հաստատությունից փորձաքննություն ստանար, դրական կարծիք։ Պատկերացրեք, որ եթե այս դասագրքերը գնային, օրինակ, Էրեբունի թանգարան, Պատմության ինստիտուտ, ԵՊՀ Հայոց պատմության ամբիոն, շատ խնդիրներ կկանխարգելվեին, և շատ գիտնականներ տեսնելով սխալները, դրանք մատնացույց կանեին։ Այդ կանխարգելիչ աշխատանքը չի արվել։ Հաճախ, երբ գործընթացը լավ չեն կազմակերպում, հետո հետևանքների դեմ պայքարը շատ դժվար է, այն, ինչ այժմ տեղի է ունենում՝ պայքար է հետևանքների դեմ»,- նշեց Սերոբ Խաչատրյանը։
Փորձագետի փոխանցմամբ՝ այսօր ԿԳՄՍ նախարարությունը պարտադիր պայման է դնում, որպեսզի դասագիրք ընտրող հանձնաժողովում լինի գիտնական։ Բայց նախորդ տարի մրցույթի ժամանակ նախարարությունը հակառակն էր գովազդում՝ հայտարարելով, որ «այս տարի ուսուցիչներն են ընտրել դասագիրքը»։
«Շատ լավ է, ես էլ եմ ուրախ, որ ուսուցիչները դասագիրք են ընտրում, դա միշտ է եղել, միշտ էլ ուսուցիչները մասնակցել են, բայց սխալն այն է, որ հանձնաժողովում եղել են միայն ուսուցիչներ։ Եվ հասկանալի է, որ շատ սխալներ ուսուցիչները չէին կարող իմանալ, ուսուցիչը քարտեզագետ, նեղ մասնագետ չէ։ Բոլորս էլ գիտենք, որ դասագրքերում կան նեղ մասնագիտական թեմաներ, որ ուսուցիչը կարող է դա չիմանալ։ Այստեղ գլխավոր խնդիրը ոչ թե այն է, թե հիմա ինչ անենք, այլ գլխավոր խնդիրն այն է, թե այսուհետև ինչպես անենք, որ նման բաներ չլինեն։ Այդ գրքերի տպագրության վրա հսկայական գումար է ներդրվել պետական բյուջեից, ենթադրենք՝ դա դպրոցներից հանում ենք, ո՞վ է դա փոխհատուցելու։ Այսինքն՝ ստացվում է, որ մենք լրացուցիչ հսկայական ներդրում ենք անելու։ Դրա համար դասագրքերի մրցույթ հայտարարելը լուրջ գործընթաց է, պետք է լուրջ վերաբերվեն»,- շեշտեց Սերոբ Խաչատրյանը։
Նա համաձան չէ այն թեզերի ու արդարացումների հետ, թե առաջին անգամ են նման բան անում ու անփորձ են, քանի որ Հայաստանում տասնամյակներ շարունակ դասագրքեր են տպվել։ Կա նաև դասագրքերի շրջանառու հիմնադրամ, որը բավականին աշխատանք է կատարել և՛ ուսուցիչների, և՛ կարգերի հետ։
«Մենք պետք է կարողանանք օգտագործել ինստիտուցիոնալ գիտելիքը, սխալ է թեզը, թե նոր էինք, անփորձ էինք, դրա համար այս սխալները եղան։ Ո՛չ, մենք անփորձ չէինք, Հայաստանում կան մարդիկ, որոնք այդ փորձն ունեին, բայց այստեղ եղավ այն սխալը, որը հաճախ լինում է։ Քիչ ժամանակում ու քիչ գումարով մարդկանցից պահանջել են դասագիրք գրել, և ճիշտ չէ ասել, թե գումար ենք խնայել, դասագիրքն այն բանը չէ, որի վրա պետք է գումար խնայել, հակառակը, պետք է անխնա գումար ներդնել։ Կան շատ տեղեր, որտեղ պետք է գումար խնայել, բայց ոչ դասագրքի վրա»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է այս ֆոնին Նիկոլ Փաշինյանի մարզեր կատարած այցերին ու առաջնահերթ մարզադպրոցների դահլիճներում կախիչների որակները ստուգելուն, Սերոբ Խաչատրյանը նկատեց՝ այդ կախիչների հարցերով համապատասխան մասնագետներն ու մարդիկ պետք է զբաղվեն, ոչ թե երկրի ղեկավարը։
«Մենք այսօր ավելի կարևոր հարցեր ունենք, քան կախիչի հարցն է, ինձ համար ցավալի է, որ այսօր դրա մասին չի խոսվում։ Մենք այսօր ՀՀ դպրոցներում ունենք 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում մոտավորապես 10 դասագիրք, որոնք ընդհանրապես չկան, և մեր աշակերտներն ու ուսուցիչներն առանց դասագրքերի դաս են անում, բայց դրա մասին որևէ մեկը չի խոսում, դրա համար էլ դասագիրք չկա։
Օրենքով նախարարությունը պետք է դպրոցներն ապահովի դասագրքերով, և եթե մրցույթ է կազմակերպվել, ու ոչ ոք չի դիմել, նշանակում է՝ ինչ-որ բան կա։ Օրինակ, 7-րդ դասարանի Թվային գրագիտության դասագիրք չկա, բայց ես ճանաչում եմ մարդկանց, որոնք այդ դասագիրքը գրել են, հիմա հարց է առաջանում՝ եթե մարդն այս դասագիրքը գրել է, ինչո՞ւ մրցույթի չի գնացել։ Նշանակում է, որ մի բան այն չէ, մրցույթի պայմանները մարդկանց չի բավարարել, բազմաթիվ խմբեր ու հեղինակներ չեն մասնակցել մրցույթին, որովհետև պայմանները եղել են անբավարար։ Մենք հազարավոր աշակերտների թողել ենք առանց դասագրքերի՝ մոտ տասնյակ դասագրքերի։ Սա կոնկրետ ինձ համար մեծ խնդիր է, քանի որ ես այն կարծիքին չեմ, որ դպրոցներում ցնցուղն օգտագործվում է, կամ տաք ջրով լողանում են երեխաները, նման բան հանրակրթական դպրոցներում չկա։ Ինձ համար ցնցուղը չի կարևոր, այլ կարևոր է, թե ինչու դպրոցներում շուրջ 10 առարկայից դասագրքեր չկան»,- եզրափակեց Սերոբ Խաչատրյանը։