Հայաստանի փաստացի տարածքն այսօր ընդամենը 28 հազար 500 քկմ է․ Հրանտ Բագրատյան
Անցած տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, երբ Լարսը փակվեց, Փաշինյանը հասկացավ, որ տնտեսությունը կքանդվի։ Նա կարող է մեզ ամեն կերպ խաբել, թե ով տվեց Արցախը, կամ որևէ մեկի գրպանը մի բան գցել, հետո ոստիկաններին ասել՝ դե գտեք, բայց այդ համարները ռուսների հետ չեն անցնում, հատկապես, եթե տնտեսության մեջ սկսվեն կտրուկ բացասական միտումներ։ Նա սարսափելի վախենում է դրանից, տնտեսություն չկա։ Հինգ տարում եղել է 24 տոկոս աճ, այս տարին էլ երևի փակեն 7-8 տոկոսանոց աճով, վեց տարում՝ 31-32 տոկոս տնտեսական աճ։ Դրա կեսն առաջին երեք տարիներին խաղերի փուչիկն էր, իսկ վերջին երկու տարում՝ վերաարտահանման գործոնը։ Երբ մեզ մոտ ռելոկանտ է լինում, մենք արտահանում ենք աշխատանքային հնարավորություններ։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Երբ Լարսը փակվեց՝ կարևոր էլ չէ, թե ինչ պատճառով, իսկ իրականում մեծ ցանկություն էլ չկար այն բացելու, Փաշինյանը հասկացավ, որ կոլապսի կենթարկվի, և իր համար մի տեսություն մոգոնեց, թե տնտեսությունն ու քաղաքականությունն առանձնացնում ենք և ԵԱՏՄ-ին մասնակցում ենք։ Իհարկե, բոլորը հասկանում են, որ քաղաքականությունը նախևառաջ հենց տնտեսությունն է։ Փաշինյանը շտապեց գնալ ԵԱՏՄ, և ոչ միայն մասնակցեց, այլև Պուտինի օրհնությամբ ընդունեց ԵԱՏՄ նախագահությունը։ Բոլորը Փաշինյանին համարում են խենթ, կիսախելագար, ոչ հաշվենկատ գործիչ, և դա այդպես է։ Երբեմն իր ես-ը նրան այնքան է խեղդում, որ իրեն թույլ է տալիս այնպիսի գործողություններ և խոսույթ, որոնք վնասում են մեր պետությանը։ Բայց ԵԱՏՄ-ն ցույց տվեց նաև, որ նա կատարյալ խենթ և խելագար չէ։ Փաշինյանը հասկացավ, որ լրիվ կկործանվի, ինչը հիմա իրեն ձեռնտու չէ»,- ասաց ընդդիմադիր գործիչը:
«Եթե ռազմական գործում նա ռուսների հետ շփումը դադարեցրեց, և մենք, իհարկե, լավ պատժվեցինք, Հայաստանը, միևնույն է, էլի մնաց՝ մոտ 28 հազար 500 քառ. կմ այսօր կա, օկուպացված է 1200-1400 քառ. կմ։ Եթե մեզնից տարել են 200 քառ. կմ, պետք է հերթական անգամ առաջարկել, որ Փաշինյանը կամ ԶՈՒ ԳՇ պետը հայտարարեն, որ այսօր մեր տրամադրության տակ կա 29 հազար 600 քառ. կմ։ Եթե մենք համակարգչային ծրագրերով դիտարկում ենք ամբողջ Անդրկովկասը, ամեն քառակուսի մետրը գծում ենք, տարածքը՝ նշում, ապա դրանից հանում ենք Վրաստանի, Ադրբեջանի և Նախիջևանի տարածքը, տակը մնում է 31 հազար քառ. կմ, ինչպես 1920-ականներին էր։ Երբ Փաշինյանն ասում է՝ 29 հազար 800 քառ. կմ, նախ 1200 քառ. կմ տարածք պակաս է ասում, և ապա՝ մենք այդպիսի տարածք չենք տնօրինում»,- նշեց նախկին վարչապետը:
Հրանտ Բագրատյանի կարծիքով՝ Լարսի իրադարձությունները ցույց տվեցին, որ միայն խոսելով չէ, և երբ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ասում է, թե՝ Լարսով աչքներս չեք վախեցնի, դա «պացանի» խոսք է. «3000 բեռնատար մեքենա կանգնած էր, մոտ հազարը, այդ թվում՝ փչացած ձկներով մեքենաները, հետ եկան։ ՀԱՄԱՍ-ի ղեկավարներից մեկը վերջին հայտարարության մեջ իսրայելցիներին ասում է՝ չկարծեք, թե մենք հայ ենք։ Մենք այդ ժողովուրդն ենք։ Ժողովուրդը կարող է քաջ լինել, եթե ունի խելամիտ ղեկավարություն, որն իր անձնազոհ օրինակն է ցույց տալիս, ինչպես 1990-ականների սկզբներին էր՝ հանուն հայրենիքի։ Նույն ժողովուրդը կարող է արագորեն արժեզրկվել և դառնալ փալաս։ Այս օրերին քաղաքական գործիչները թող կարդան Լև Գումիլյովի պասիոնարության տեսությունը, որի հետ կարելի է համաձայնել կամ ոչ։ Նա ասում է, թե 20-րդ դարի ազգերի մեջ մոտավորապես այս պատկերն է՝ երեք տոկոսն այն մարդիկ են, որոնք միջինից բարձր են, պոզիտիվ ձգտում ունեն մի նոր բան ստեղծելու։ 20 տոկոսն ուզում է հեղափոխություն անել, իսկ սոցիալիստական հեղափոխությունը թույլ է տալիս գնալ-վերցնել ուրիշի ունեցվածքը։ 77 տոկոսը՝ այս վճռական զանգվածը, դոնդողը, հակվում է մե՛կ դեպի երեք տոկոսը, մե՛կ դեպի 20 տոկոսը»:
«Մեզ մոտ մնացել է այդ երեք ակտիվ տոկոսը։ Իշխանությունն այսօր ունի ավելի քան 77 տոկոս հակառակորդ, ոչ թե կողմնակից։ Բայց դա դեռ դոնդող է։ Այս իշխանության առավելությունը ո՛չ երեքն է, ո՛չ էլ 77-ը, այլ շատ խորամանկ և ինտենսիվ ձևով այդ 20 տոկոսին մոբիլիզացնելն է՝ այդ ավերիչ ու բացասական հատվածին։ Որ հիմնարկ մտնում են, չեն աշխատում, գողանում են, բայց փորձում են գողին աշխատողների մեջ փնտրել, և կամ՝ մեկին տանում ես հարյուրի մեջ աշխատեցնելու, այդ հարյուրն են սրա պես դառնում, փոխանակ հակառակը լինի»,- ամփոփեց Հրանտ Բագրատյանը: