Ինչի համար են Հայաստանում վճարելու և ինչի համար են հաշվետու լինելու 2024 թվականին. armeniasputnik.am
2024 թվականի ընթացքում Հայաստանում ուժի մեջ կմտնեն մի շարք փոփոխություններ, որոնք կարևոր են թե՛ բիզնեսի, թե՛ քաղաքացիների համար։ Ստորև armeniasputnik.am-ը պատմում ենք այն փոփոխությունների մասին, որոնք վերաբերում են մեր եկամուտներին և, ավելի մեծ չափով՝ մեր ծախսերին։
Կշարունակեն աճել անշարժ գույքի հարկերը, թափ կհավաքեն եկամուտների մասին համընդհանուր հայտարարագրերը, ինչպես նաև համընդհանուր բժշկական ապահովագրությունը. ուժի մեջ կմտնի նաև տաքսիներով ուղևորությունների տուրքը, որոնք մինչև հիմա չէին հարկվում։ Նորություններ կան նաև եկամուտների մասով:
Թոշակառուների համար քեշբեքը գրեթե համընդհանուր կդառնա, իսկ տեղական արդյունաբերության համար կպահպանվեն մի շարք պաշտպանական պատնեշները։ Ավելին՝ մեր հոդվածում։
Անշարժ գույքի հարկեր
2024 թվականին կշարունակեն աճել անշարժ գույքի հարկի դրույքաչափերը՝ ըստ Հարկային օրենսգրքում ընդունված ժամանակացույցի։ Ստորև նշված դրույքաչափերն ուժի մեջ են մտել 2021 թվականից, բայց միայն 25%-ով, 2022-ից՝ 30%-ով, 2023-ից՝ 35%-ով, իսկ 2024-ից՝ 50%-ով։2025-ին դրանք «կմիանան» 75%-ով, իսկ 2026-ից՝ 100%-ով։ Այդ ժամանակ նախկին դրույքաչափերի համեմատ (մինչև 2021թ.) հարկը մի քանի անգամ կաճի, բայց ավելի մեծ չափով՝ թանկ բնակարանների համար։
Մինչև 10 մլն դրամ (մոտ 25 հազար դոլար) արժողությամբ բնակարանների և մինչև 7 մլն դրամ արժողությամբ առանձնատների համար հարկը կկազմի տարեկան 0,05 տոկոս։ Եվ այն կշարունակի աճել պրոգրեսիվ սանդղակով (տարբեր բնակարանների և տների համար):
Եկամուտների հայտարարագրերը
2024 թվականին աստիճանաբար ուժի մեջ կմտնեն եկամուտների մասին համընդհանուր հայտարարագրերը։ 2023 թվականի համար պետք է հաշվետու լինեն ոչ միայն բարձրաստիճան պաշտոնյաները, այլև միջին օղակի (պետական և ՏԻՄ) պաշտոնյաները, ինչպես նաև տարվա ընթացքում զգալի եկամուտներ ստացած անձինք։
Նրանց թվում են խոշոր ընկերությունների բաժնետերերը (ավելի քան 1 մլրդ դրամ, այսինքն՝ մոտ 2,5 մլն դոլար շրջանառություն ունեցող), այն քաղաքացիները, որոնք ստացել են 20 մլն դրամից ավելի (մոտ 50 հազար ԱՄՆ դոլար) վարկեր և փոխառություններ, ինչպես նաև այն քաղաքացիները, որոնք տարվա ընթացքում եկամուտ են ստացել արտերկրից։
2025 թվականից հայտարարագրերի ընդգրկումը էլ ավելի կընդլայնվի. դրանք պետք է ներկայացնեն վարձու աշխատողները, իսկ 2026 թվականից՝ նաև մյուս բոլոր քաղաքացիները։
Հայտարարագրերի լրացումը առավելագույնս կպարզեցվի․ պետեկամուտների կոմիտեն այդ նպատակով անհրաժեշտ ծրագրային ապահովում է պատրաստել։
Դատավորների աշխատավարձերը
2024 թվականի հունվարի 1-ից 60 տոկոսով կբարձրանան ընդհանուր իրավասության, սնանկության և վարչական դատարանների դատավորների աշխատավարձերը։ Այժմ դրանք հավասար են պատգամավորականին և կազմում են 661 400 դրամ (1 645 դոլար), այսինքն ՝ բարձրացումից հետո այն կկազմի 1 մլն 58 հազար դրամ, հարկերը և վճարումները հանած ՝ 779 հազար դրամ կամ մոտ 1 940 դոլար։
Աջակցություն 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներին
Հունվարի 1-ից 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների այն ընտանիքները, որտեղ կրկին երեխաներ են ծնվել, կստանան ամսական 104 հազար դրամ երեխայի խնամքի նպաստ՝ մինչև երեխայի երեք տարին լրանալը:
Առողջության համընդհանուր ապահովագրություն
2024 թվականից բժշկական ապահովագրություն կներդրվի հաշմանդամություն ունեցող քաղաքացիների, անապահով ընտանիքների (նպաստառուների), սոցփաթեթից օգտվող պետական ծառայողների (պետական պաշտոնյաներ, ինչպես նաև ոստիկաններ, զինվորականներ, ուսուցիչներ), ինչպես նաև անչափահասների (մինչև 18 տարեկան) համար։
Առողջապահության նախարարության հաշվարկով՝ ապահովագրության արժեքը կկազմի տարեկան մոտ 200 հազար դրամ (մոտ 500 դոլար)։ Միջինից ցածր աշխատավարձ ունեցող քաղաքացիների համար ապահովագրությունը կսուբսիդավորվի 30-40 տոկոսով։ Այդ նպատակով 2024-ին պետբյուջեից կհատկացվի մոտ 26 մլրդ դրամ (65 մլն դոլար)։
Ապահովագրությունների հստակ ծածկույթը և դրանց ստացման կարգը դեռ որոշված չեն:
2025-ից համակարգին կմիացնեն սոցփաթեթից չօգտվող պետական հատվածի աշխատողներին, ինչպես նաև թոշակառուներին (նրանց համար ապահովագրությունը կսուբսիդավորվի 100%-ով), 2026-ից՝ մասնավոր հատվածի աշխատողներին, ինչպես նաև ֆերմերներին, իսկ2027-ից բժշկական ապահովագրությունը կտարածվի նաև մյուս բոլոր քաղաքացիների վրա։
Որպես բժշկական ապահովագրության համակարգի մաս ՝ 2024 թվականից Հայաստանում բժիշկները փուլ առ փուլ կանցնեն լիցենզավորում, սկզբում՝ ուսանող-օրդինատորները ուսմանը զուգահեռ, իսկ 2026 թվականից ՝ գործող բժիշկները։ Լիցենզիան կգործի 5 տարով և ավտոմատ կերկարաձգվի, եթե առողջապահության նախարարությունը որոշում չկայացնի այն հետ կանչելու մասին: Արցախցի օրդինատորների համար լիցենզավորումը կհետաձգվի մեկ տարով, որպեսզի նրանք հասցնեն հավաքել մասնագիտական կրեդիտներ, որոնք անցնող տարում արդեն սկսել են կուտակել ՀՀ-ում իրենց գործընկերները (սեմինարների, հետազոտական աշխատանքների մասնակցության և այլն):
Նոր միջոցներ՝ ծխախոտի և օղու դեմ
Ծխախոտի և թունդ ալկոհոլի ակցիզները 2024-ին կշարունակեն աճել։ Ծխախոտի ակցիզը կաճի գրեթե 10 տոկոսով՝ 1000 հատի համար 3 000-ից հասնելով 3 400 դրամի, իսկ հեղուկ ծխելու խառնուրդների (վեյփերի) ակցիզը 19 տոկոսով՝ 1 միլիլիտրի համար 55-ից հասնելով 65 դրամի։
Կաճի նաև օղու ակցիզը՝ մոտ 11 տոկոսով, մեկ լիտրի համար մինչև 3 800 դրամ։ Ակցիզային հարկի դրույքաչափով սովորական օղու հետ կհավասարվի մրգային օղին, որի դեպքում ներկայումս այն կազմում է մեկ լիտրի համար ընդամենը 800 դրամ։
Բացի այդ, հունվարի 1-ից Հայաստանի համար ուժի մեջ են մտնում ծխախոտային արտադրանքի վերաբերյալ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի պահանջները, որոնք վերաբերում են ծխախոտի տուփերի ձևավորմանը: Դրանց մակերեսի առնվազն 50%-ը պետք է զբաղեցնեն առողջությանը վնաս պատճառելու մասին նախազգուշացնող գրություններն ու պատկերները (դիմերեսին՝ հայերեն, դարձերեսին՝ ռուսերեն)։ Տաքացվող ծխախոտի և հեղուկ ծխելու խառնուրդների համար այդ պահանջներն ուժի մեջ կմտնեն ևս կես տարի հետո։
Տաքսիների տուրքեր
Հայաստանում բոլոր տաքսիները պետք է աշխատեն որևէ օնլայն ագրեգատորի միջոցով։ Նախ՝ ուղևորների անվտանգության համար (որպեսզի հարկ եղած դեպքում վարորդին հնարավոր լինի գտնել), երկրորդ՝ վարորդին հարկելու համար. յուրաքանչյուր ուղևորությունից ավտոմատ տուրք կգանձվի․ կանխիկ վճարելու դեպքում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից տուրքը կսահմանվի 2%, 2025 թվականի հունվարի 1-ից՝ 3,5%, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից՝ 5%։ Անկանխիկ վճարման դեպքում տուրքը կկազմի համապատասխանաբար 1,5%, 2,5% և 4%:
Որևէ օնլայն ագրեգատորի չմիացած տաքսիները կարգելվեն (չնայած դրանք առանց այդ էլ քիչ են մնացել, հատկապես Երևանում):
Արտոնություններ էլեկտրական մեքենաների համար
2024 և 2025 թվականներին Հայաստանը կկարողանա առանց մաքսատուրքի տարեկան 8 հազար էլեկտրամոբիլ ներմուծել (այնքան, որքան 2023 թվականին)։ ԵԱՏՄ-ում յուրաքանչյուր երկրի համար տարբեր ծավալի քվոտաներ են համաձայնեցվել և հաստատվել, դրանցից հրաժարվել է միայն Ռուսաստանը (սեփական արտադրությունը զարգացնելու համար)։ Հայաստանի համար մեքենաների անմաքս ներմուծման քվոտան հաստատվել է 2022 թվականին՝ 7 հազար։
Բացի այդ, մինչև 2025 թվականը Հայաստանից էլեկտրամոբիլները ներմուծման և վաճառքի (այդ թվում՝ երկրորդային) դեպքում ԱԱՀ-ով չեն հարկվի։ Այս արտոնությունը գործում է 2019 թվականի հուլիսի 1-ից:
Այս երկու արտոնությունների արդյունքում, եթե մինչև 2019 թվականը էլեկտրամոբիլների տարեկան ներմուծումը ՀՀ տասնյակներով էին հաշվում, ապա հիմա՝ հազարներով. 2022-ին՝ 2 680, իսկ 2023-ին, տարբեր գնահատականներով, կարող է հասնել 6 000-ի։ Զարգանում է նաև դրանց սպասարկման արդյունաբերությունը (ՀՀ-ում սկսել են էլեկտրամոբիլների լիցքավորման կայաններ արտադրել)։
Կլոր կնիք
ՀՀ քաղաքացիների անձնագրերում 2024 թվականից չի դրվի այնպիսի կնիք, որը արտերկիր մեկնելիս կհաստատի անձնագրի վավերականությունը։ Այս կնիքը վաղուց հնացել է (վավերականությունը ստուգվում է տվյալների էլեկտրոնային փոխանակման միջոցով) և 2024 թվականից վերջապես կվերացվի։
Վրացական մեքենաների մաքսազերծումը
2024 թվականի հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիները չեն կարողանա առանց մաքսազերծման երթևեկել վրացական համարանիշներով մեքենաներով։ Որոշումը վերաբերում է առհասարակ ԵԱՏՄ-ից դուրս ցանկացած երկրի մեքենաներին, մեծ մասամբ դրանք ներկրվում են հենց Վրաստանից, որն ամենամոտն է։ Մաքսատուրքեր չվճարելու համար այդ մեքենաների համար ձևական վրացական գրանցում էին պահպանում և տարին երկու անգամ թարմացնում էին։
Հիմա նման մեքենա ներմուծելիս ՀՀ քաղաքացիները պետք է մաքսատանը մաքսատուրքին հավասար դեպոզիտային վճար թողնեն (եթե մեքենան ժամանակավոր եք ներկրում, Հայաստանից մեկնելիս գումարը հետ եք ստանում, եթե մեքենան մնում է՝ չեք ստանում)։ Ընդ որում, դեկտեմբերի 5-30-ը կառավարությունը մասնակի վճարում է նման ավտոմեքենաների մաքսազերծումը մինչև 70 տոկոսի չափով (ավելի քան 5 տարվա մեքենաների համար)։
Հստակեցնենք, որ այս բոլոր պահանջները վերաբերում են միայն Հայաստանի քաղաքացիներին. օտարերկրացիները (այդ թվում՝ Վրաստանի քաղաքացիները) նման մեքենաներով կարող են երթևեկել առանց սահմանափակումների։
Հավելենք, որ հունվարի 1-ից Հայաստան հնարավոր չի լինի առանց կատալիզատորների մեքենաներ ներմուծել։ Արգելվելու է նաև դրանց արտահանման բիզնեսը, որը վերջին տարիներին զարգացել է (թանկարժեք մետաղների պատճառով, որոնք փոքր քանակությամբ առկա են կատալիզատորներում)։ Այդ միջոցառումը կիրառվում է բնապահպանական նպատակներով։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: