Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 80-ի, անհետ կորած է 80 մարդ
Ճապոնիայի Իսիկավայի պրեֆեկտուրայում հունվարի 1-ին տեղի ունեցած 7,6 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 80-ի։ Եվս 80 մարդ անհետ կորած է։ Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը։
Միայն Վաձիմա քաղաքում 40-ից 50 հաղորդում է ստացվել շենքերի փլուզումների մասին, որտեղ կարող էին մարդիկ գտնվել:
Հունվարի 4-ի առավոտյան տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան կրկին կոչ է արել բոլոր ներգրավված ծառայություններին՝ բոլոր միջոցները ձեռնարկել մարդկանց որոնելու և փրկելու համար:
Երկրաշարժից արդեն 72 ժամ է անցել, ինչը նվազեցնում է փլատակներում գտնվողների ողջ մնալու հավանականությունը։
Որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի անդամների թիվը հասցրել են 4600-ի։ Իսիկավայի պրեֆեկտուրայում շուրջ 34 000 մարդ դեռ տարհանման կենտրոններում է գտնվում։ Ըստ իշխանությունների՝ փլուզվել կամ մասնակի վնասվել է առնվազն 200 շենք։