Ապագա կա. դա Փաշինյանի ձևակերպած ապագան չի՛ լինելու. Ռուբեն Մելքոնյան
2023 թվականն իր աղետաբերությամբ բացառիկ տարի էր. 3 տասնամյակ Արցախ-Հայաստան հայկական երկու պետություններն ունենալուց հետո առաջին անգամ մենք Ամանորը նշում ենք առանց Արցախի, քանզի Հայաստանի իշխանության ղեկավար Նիկոլ Փաշինյանն Արցախը նախ ճանաչեց Ադրբեջանի կազմում, ինչին հաջորդեց ադրբեջանական Զինված ուժերի հարձակումը հայկական հսկողության տակ մնացած Արցախի վրա: Շուրջ 10 ամիս արցախահայությանը շրջափակման մեջ պահելուց հետո սեպտեմբերի 19-ին 24-ժամյա ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը վայրագ մեթոդներ կիրառելով՝ պարտադրեց Արցախի բռնի հայաթափումը։
2023 թվականը հայ ժողովրդի պատմության մեջ կհիշվի նաև՝ որպես համազգային ամոթի տարի, քանզի Արցախի հաղթանակած ռազմական էլիտային և քաղաքական գործիչներին Հայաստանի իշխանության քար լռության ներքո Ադրբեջանը տարավ գերության ու կալանավորեց Բաքվում։
Պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանի համոզմամբ՝ այս աղետալի ընթացքը հայ ժողովրդի համար սկսվել է դեռևս 2018 թվականից, և այդ աղետը վերաբերում է ոչ միայն Հայաստանում ապրողներին, այլև՝ համայն հայությանը։
«Եվ թող ինչ-որ միաբջիջ մտածողներ չասեն, թե դրանք ասֆալտ փռելու տարիներ են եղել։ Այս իշխանության, այս մտածողության, այս ոչ պրոֆեսիոնալիզմի պարագայում անկումները շարունակվելու են։ Չի՛ կարող լինել տապալված իշխանություն և 2024 թվականին հանկարծ կարողանա արձանագրել լուրջ հաղթանակներ։ Հայաստանի կորուստների, տապալումների, զիջումների այս շղթան շարունակվելու մեծ հավանականություն ունի, քանզի քաղաքական համակարգում չի նշմարվում դրա կասեցման առհավատչյան, իսկ այս իշխանությունից էլ որևէ բան սպասել պետք չէ»,– ասաց Մելքոնյանը։
Պատմական գիտությունների դոկտորը, սակայն, չի կորցնում լավատեսությունը՝ հիմնվելով հատկապես պատմական փաստերի վրա։ Հիշում է՝ պատմության ընթացքում Մոսկվան էլ են գրավել, Բեռլինն ու Փարիզն էլ, սակայն ամեն ինչ հետո փոխվել է՝ ազգային կարևոր ռեսուրսների մոբիլիզացման արդյունքում։
«Օրինակ, երբ Իսրայելի վարչապետ դարձավ Բենիամին Նեթանյահուն, շատերը կանխատեսեցին՝ Իսրայելը պատրաստվում է պատերազմի, որովհետև հրեաները պատերազմից առաջ դաշտ են բերում իրենց ամենափորձառու գործիչներին։ Հիմա հայ ժողովուրդն է, որ այս վճռական պահերին պետք է դաշտ բերի իր ամենափորձառու գործիչներին։ Հույս կա, հայ ժողովուրդը մի քանի անգամ հաղթահարել է նման իրավիճակներ։ Կարծում եմ՝ կա ապագա, բայց ոչ այս իշխանության ձևակերպածը, այլ ապագա հայ ժողովուրդն իսկապես ունենալու է»,- շեշտեց Մելքոնյանը։