Բաժիններ՝

Հաշտություն

Թագավորի խորհրդականն ասում է.

– Մենք պետք է հաշտություն կնքենք, քանի որ նոր, ամուր սրեր չունենք, որպեսզի մոտեցող հակառակորդ զորքի դեմ կարողանանք պատերազմ մղել:

Թագավորը ոգևորված պատասխանում է.

– Ինչպե՞ս չունենք, մեր քաղաքում մի հմուտ դարբին ունենք, որ խոփեր, բահեր գերանդիներ է պատրաստում: Իսկ հիմա ցանկանում եմ, որ ամրակուռ սրեր պատրաստի մեր զորքի համար: Տեսնում ես՝ Աստված մեզ հետ է, քանի որ քաղաքում նաև այդպիսի դարբին ունենք:

Կարդացեք նաև

Եվ անմիջապես հրամայում է այդ դարբնին գտնել և պահաջնել, որ ամբողջ զորքի համար նոր սրեր պատրաստի: Երբ դարբինն այդ հրամանը կատարում է, զինվորներին տալիս են նոր սրերը, որոնք ծռմռված և անորակ են լինում: Այս անգամ թագավորն ասում է խորհրդականին.

– Հիմա ի՞նչ պիտի անենք. որտեղի՞ց սրեր պատրաստող նոր դարբին գտնենք. Այդ մարդը չարդարացրեց իմ սպասումները և սրերի փոխարեն խոփեր ու գերանդի պատրաստեց…

Խորհրդականը պատասխանում է.

– Թեև հմուտ դարբին է, բայց նա զենք պատրաստող դարբին չէ: Դրա համար նորից եմ ասում՝ հաշտություն կնքիր հակառակորդի հետ, որ արքայազնի՝ որդուդ բանակն է, որպեսզի բախում տեղի չունենա: Որդիդ քեզ կհասկանա և հաշտության առաջարկդ կընդունի: Եվ նրանց զորքն էլ արդեն մեր քաղաքի պարիսպներին է մոտեցել և այլևս ժամանակ չունենք նոր սրեր պատրաստելու և նրանց դեմ պատերազմելու:

Թագավորն այլայլվում է և պատասխանում.

– Իմ ցանկությունը նոր սրերն ունենալն է: Եթե իմ հոգում խաղաղություն չկա, ինչպե՞ս կարող եմ խաղաղություն կնքել իմ որդու հետ,- և հեռանում ու փակվում է իր պալատում…

Մարդ իր ներսում պետք է հաշտություն կնքի իրականության և ցանկության միջև, որպեսզի իր հոգում իրականության և ցանկության միջև բախումից խուսափի, հոգու խաղաղությունը չկորցնի ու փորձությունների մեջ չհայտնվի…

Հովհաննես Մանուկյան

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս