ԱԱԾ տնօրենի գլխավորությամբ տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Արմեն Աբազյանի գլխավորությամբ 2023 թ. դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհետ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որին, բացի հանձնաժողովի անդամներից, ներկա էին նաև Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչները:

ԱԱԾ-ից հայտնում են, որ նիստը սկսվել է հանձնաժողովի նախագահ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն.Աբազյանի բացման խոսքով: Նա հանձնաժողովի գործունեության մեկ տարվա կապակցությամբ ներկայացրել է կատարված աշխատանքները և խոսել ապագա անելիքների մասին:

Կրկին կարևորվել է անհետ կորածների վերաբերյալ հարաբերությունները կարգավորող օրենքի ընդունման անհրաժեշտությունը: Հանձնաժողովին ուղղված դիմումների ուսումնասիրության արդյունքներով առանձնացվել են այն հիմնական խնդիրները, որոնք մտահոգում են անհետ կորած, գերեվարված անձանց ծնողներին, նրանց հարազատներին:

Հատուկ ընդգծվել է Հանձնաժողովի և ծնողների միջև տեղեկատվական կապը մշտապես պահպանելու կարևորությունը: Խոսվել է նաև ծնողներին հուզող խնդիրների և դրանց լուծման հնարավոր եղանակների մասին: Անդրադարձ է կատարվել նաև գերեվարված անձանց վերադարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Այնուհետև Հանձնաժողովը ընտրել է թափուր տեղի համար դիմած հասարակական կազմակերպություններից «Մեծ Հայք» ռազմահայրենասիրական-ազգապահպան հասարակական կազմակերպությանը:

Հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրը ներկայացրել է իր ոլորտում կատարված աշխատանքները՝ անդրադարձ կատարելով պետության, ինչպես նաև Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից իրականացված սոցիալական, հումանիտար ծրագրերին, Քննչական կոմիտեում անհետ կորելու հանգամանքների վերաբերյալ կատարվող քննության ընթացքին և ԴՆԹ նույնականացման արդյունքները միջազգայնորեն ընդունված չափորոշիչներին համապատասխան ծնողներին և հարազատներին ներկայացնելու անհրաժեշտության, ինչպես նաև 2024 թ. համար պլանավորված միջոցառումներին:

Տեսանյութեր

Լրահոս