![](/banners/BeFunky-design.jpg)
Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստ
![](https://168.am/wp-content/uploads/2023/12/1127163.jpg)
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Նախարարն ամփոփել է 2023 թվականին աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված բարեփոխումները, մասնավորապես՝ ներկայացնելով աշխատանքի, ժողովրդագրության, կենսաթոշակային ապահովության, սոցիալական աջակցության ոլորտներում կատարված աշխատանքները։ Այս համատեքստում Նարեկ Մկրտչյանն ընդգծել է նաև գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ վերջիններիս առաջարկներն ու դիտարկումները հնարավորություն են տալիս իրականացվելիք փոփոխությունները դարձնել առավել արդյունավետ։
Ամփոփման շրջանակում նախարարի տեղակալները խոսել են կենսաթոշակի և նպաստների անկանխիկ վճարման, բնակարանային ապահովման, ծնելիության աճի խթանման, ինչպես նաև զբաղվածության և հավասար հնարավորությունների ապահովման ոլորտներում իրականացված աշխատանքների մասին։
Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները։ Հնչել են հարցեր՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերի և սոցիալական ինտեգրման, սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակելի տան կառուցման ծրագրի, խոցելի խմբերին տրամադրվող ծառայությունների վերաբերյալ, որոնց ի պատասխան՝ նախարարի տեղակալները ներկայացրել են այս ուղղությամբ կատարված և նախատեսվող միջոցառումները։