Փարթին՝ «Ռոսսիայում», գիշերակացը՝ «Արարատ Ռեզորթ Ծաղկաձորում». Գրիգոր Մինասյանի ճոխ կորպորատիվը

Հայաստանի Հանրապետության պետական ծառայության համակարգին Արցախի ամբողջական կորստից հետո առաջին Նոր տարուն հրամայված է ուրախանալ… Ուրախանալ հնարավորինս բուռն, ճոխ. միջոցների պակաս, թերևս, չկա:

Այսպես, այսօր, 168.am-ի տեղեկություններով, այդ աննախադեպ ճոխության ու գումարների շռայլման դասագրքային օրինակ ցույց կտա Արդարադատության նախարարությունը: Նախարարության կորպորատիվն այսօր է, սակայն «կորպորատիվ» բառը սոսկ ամանորյա տարեվերջյան միջոցառումներին տրված հավաքական անվան համատեքստում ենք կիրառում:

Արդարադատության նախարարության «կորպորատիվն» իրականում արաբական շեյխերին վայել միջոցառման է նման:

Մեր տեղեկություններով՝ այսօր ցերեկը Ծաղկաձոր են մեկնել Արդարադատության նախարարության և նրա առանձնացված ստորաբաժանումների մի քանի տասնյակ աշխատակիցներ՝ ամանորյա միջոցառումը գիշերակացով անցկացնելու համար:

Կարդացեք նաև

Ընդ որում, ամանորյա փարթին ու գիշերակացը տարբեր հյուրանոցներում են լինելու: Օրինակ՝ Նոր տարվա սեղանները գցվելու են Ծաղկաձորի «Ռոսսիա» հյուրանոցում, իսկ ահա մի լավ ուտել-խմել-տժժալուց հետո խնջույքի մասնակիցները գիշերելու կգնան «Արարատ Ռեզորթ Ծաղկաձոր» հյուրանոցում:

«Արարատ Ռեզորթ Ծաղկաձոր» 5 աստղանի հյուրանոցում մեկ հոգու համար նախատեսված սենյակի գինը 51.000 դրամ է մեկ գիշերվա համար:

Մակերեսային հպանցիկ հաշվարկն իսկ ցույց է տալիս, որ Գրիգոր Մինասյանի ղեկավարած նախարարությունն ահռելի ֆինանսական միջոցներ է հատկացրել 2023թ. ըստ արժանվույնս ճանապարհելու համար:

Արցախը բարով-խերով հանձնեցին, էջը փորձում են փակել, 120.000 արցախցու սարքեցին բնավեր ու թափառական, հիմա էլ դարձրել են պարսատիկի քար՝ ՀՀ քաղաքացի ու փախստական դառնալու երկընտրանքի միջև, Հայաստանն անշեղորեն տանում են թուրք-ադրբեջանական ստրկության տակ դնելու ճանապարհով, հիմա էլ, խիղճները հանգիստ, վաստակած, գնում են աննկարագրելի ճոխությամբ տարին փակելու:

Երբեմնի «քաղհասարակությունը» շատ արագ կարող է ճշտել՝ քանի՞ հոգու համար և ի՞նչ թիվ է Արդարադատության նախարարությունը փակել «Ռոսսիա» հյուրանոցում և որքա՞ն է վճարել «Արարատ Ռեզորթ Ծաղկաձոր» հյուրանոցում:

Բայց նախկինում պադավատապետության, պետական գերատեսչություններում տարին մեկ տրվող պարգևավճարների, տրանսպորտի՝ 50 դրամ, էլեկտրաէներգիայի՝ 3 դրամ թանկացումների, Մաշտոցի պուրակի ծառի պոկված տերևի, քաղաքի կենտրոնի քանդված շենքի թռած քարի համար իրենց պատռող ՀԿ-ների երբեմնի ակտիվիստները, իհարկե, չեն հաշվի, թե Արդարադատության նախարարության ճոխ փարթին որքա՞ն է նստել պետական բյուջեի վրա, և ի՞նչ կարելի էր անել այդ գումարով:

Գրիգոր Մինասյանն ու մյուսները, իհարկե, «Արարատ Ռեզորթ Ծաղկաձոր» հյուրանոցի իրենց շքեղ համարներում երազում Արցախը չեն տեսնի. պետական մակարդակով հրամայված է ուրախանալ:

Տեսանյութեր

Լրահոս