Ռամիլսաֆարովներն են գալու Հայաստանում ապրելու. Քրիստինե Վարդանյան

2023 թվականը գուցե շատերի համար եղել է անհատական հաջողությունների տարի, բայց հավաքական առումով այս տարին մեր ողջ ազգի համար եղել է Արցախի հանձնման, Արցախում ապրող հայերին էթնիկ զտման ենթարկելու տարի։

Այո՛, գուցե հիմա ինստագրամ ունենք, նկարները գունավոր են, բայց միևնույն է, դրանից Ցեղասպանության փաստը չի փոխվում, իսկ այս համատեքստում որևէ քաղաքական ուժ չի կարող խոսել իր օրակարգի հաջողության մասին, ուստի չեմ կարող որևէ հաջողություն արձանագրել ո՛չ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության, ո՛չ Հայ հեղափոխական դաշնակցության համար։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը՝ լրացնելով միտքը.

«Մենք շարունակեցինք կորուստներ ունենալ, իսկ Ադրբեջանը շարունակեց իր պահանջները, և հայ ազգի անվտանգային ճգնաժամն էլ ավելի խորացավ։ Ուզում եմ ամեն հայ ճշգրիտ պատկերացնի մեր անվտանգային վտանգերի ամբողջ մասշտաբը։ Օրինակ՝ Գեղարքունիքում էինք վերջերս, մարդիկ մեզ պատմում էին, որ Սոթքի հանքի՝ Ադրբեջանին մեծ մասով անցնելուց հետո իրենք այսօր ունեն հացի խնդիր, և դա է հենց անվտանգային ճգնաժամի հետևանքը։ Գեղարքունիքում մարդը մեզ ասում էր՝ խնդրում եմ, էդ ինքնիշխանության մասին խոսողներին ասեք՝ Հայաստանի տարածքում զինվորի մարմնի մասունքները դեռ չենք կարողանում բերել և հանձնել ընտանիքին»։

Կարդացեք նաև

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ ինչպես իրենց խմբակցությունը, այնպես էլ՝ խորհրդարանում ներկա մյուս ընդդիմադիր ուժն իրենց գործունեությամբ փորձում են քաղաքացուն հասկանալի դարձնել հենց այս խնդիրները և անվտանգային ճգնաժամը՝ միևնույն ժամանակ չշեղվելով այն հիմնական օրակարգից, որը դրել էին՝ 2021 թվականի արտահերթ ընտրություններին մասնակցելով։

«Այս Կառավարությունը մեզ միայն փորձանք է բերելու։ Մենք լսում ենք մեր քաղաքացիներին ու հասկանում, որ, անվտանգությունից բացի, նաև սոցիալական խնդիրներն են նրանց անհանգստացնում, և դրա մասին պետք է խոսել։ Քաղաքացին պետք է տեսնի, որ իր հոգսերն ընդդիմադիր պատգամավորներին մտահոգում են, ուստի պետք չէ քննադատել ընդդիմությանը՝ Ազգային ժողովի նիստերին մասնակցելու և սոցիալական հարցեր բարձրաձայնելու համար, չէ՞ որ քաղաքացուն դարձրեցին տուգանքի մատերիալ»,- ասաց Վարդանյանը՝ շարունակելով, որ սոցիալական խնդիրներին ավելանում է Հայաստանից Ադրբեջանին գյուղեր հանձնելու, ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու հարցը, ինչի վտանգը մեզ կանգնեցնելու է փաստի առաջ.

«Մենք մեր երկրում չենք կարողանալու ապրել. բանակցում են, որ ռամիլսաֆարովներ գան, բնակվեն Հայաստանում»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս