Իրանը ցանկանում է, որ ՀՀ անվտանգությունն ապահովեն տարածաշրջանային երաշխավորները․ Աբդոլլահիան

Իրանի Իսլամական Հանրապետության Թավրիզ քաղաքում նախատեսվում է Հայաստանի գլխավոր հյուպատոսություն հիմնել։ Այս մասին Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նշեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«ՀՀ ԱԳ նախարարին այսօր հայտնել եմ Թեհրանի համաձայնությունը, որպեսզի Թավրիզում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն հիմնվի։ Հուսով ենք, որ առաջիկա շաբաթների ընթացքում գործընկերոջս հետ Թավրիզում ներկա կլինենք հյուպատոսության բացման արարողության»,- նշեց Աբդոլլահիանը։

Նա ասաց, որ Արարատ Միրզոյանի հետ խոսել են Հարավային Կովկասում կայունության և կայուն խաղաղության հարցերի մասին, ինչպես նաև այն դերակատարության, որ ԻԻՀ-ն կարող է ունենալ որպես երաշխավոր։

Աբդոլլահիանը շեշտեց, որ Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։

Կարդացեք նաև

Իրանի ԱԳ նախարարը նաև ընդգծեց, որ իրենք լիովին աջակցում են «Հյուսիս–հարավ» տարանցիկ ուղու կառուցմանը, ինչպես նաև ողջունում են Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Աբդոլլահիանը նաև հավելել է, որ «Իրանը ցանկանում է որպեսզի տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը ապահովվի առանց արտաքին ուժերի միջամտության»։

Հիշեցնենք, որ Աբդոլլահիանը Հայաստան է ժամանել դեկտեմբերի 27-ին։ Նրան դիմավորել է Արարատ Միրզոյանը։ Մինչ ասուլիսը ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Հայաստանի և Իրանի արտգործնախարարների առանձնազրույցը, այնուհետև հանդիպում է եղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Տեսանյութեր

Լրահոս