Փաշինյանը չցանկացա՞վ Պուտինի դեմ դեմարշ իրականացնել
ՀՀ արտաքին քաղաքական տարեվերջյան գլխավոր ինտրիգն այն էր, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը կմեկնի՞ Սանկտ Պետերբուրգ։
Եվ առավոտյան պարզ դարձավ՝ Փաշինյանն այսօր Սանկտ Պետերբուրգում մասնակցում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 26-ին՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Այսօր, մասնավորապես, տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։ Այն կամփոփի ԵԱՏՄ-ում Ռուսաստանի նախագահության արդյունքները։ Մոսկվան այն ստանձնել է 2023-ի հունվարի 1-ից։ 2022-ին միությունը նախագահել է Ղրղըզստանը, իսկ 2024-ին այդ լիազորություններն անցնում են Հայաստանին։
Հանդիպման օրակարգում միության աշխատանքի ընթացիկ, հետագա ինտեգրման հարցեր են։ Ակնկալվում է, որ առաջնորդները կհաստատեն մի քանի կարևոր որոշումներ և փաստաթղթեր, այդ թվում՝ մինչև 2030 թվականը միության հետագա զարգացման մասին հռչակագիրը, ապա՝ հետագա զարգացումը մինչև 2045 թվականը: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել էր, որ ԵԱՏՄ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր կստորագրվի՝ պարզաբանելով՝ այս փաստաթուղթը «շատ մեծ նշանակություն ունի պետությունների միջև հետագա տնտեսական կապերի զարգացման համատեքստում»։
Սա, ըստ էության, արդեն ավանդական դարձած միջոցառում է, որը կազմակերպում է ՌԴ-ն տարեվերջին՝ ամփոփելու տարին, նախանշելու հաջորդ տարվա անելիքները, ինչպես նաև սա ՌԴ նախագահի համար հնարավորություն է մեկ հարկի տակ հավաքել իր բոլոր գործընկերներին։ Վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերությունների լարվածության, ՀՀ իշխանությունների հակառուսական և քննադատական հայտարարությունների ֆոնին՝ ՀՀ իշխանության ներկայացուցիչները բոյկոտում էին ՌԴ մասնակցությամբ բոլոր բազմակողմ միջոցառումների նիստերն ու հանդիպումները։ Այս նիստին ընդառաջ ՌԴ-ն մի շարք դիվանագիտական հայտարարություններով հանդես եկավ, չպատասխանեց Երևանի որևէ մեղադրանքի՝ Փաշինյանին հրավիրելով Մոսկվա, առաջարկելով բոլոր խնդիրները քննարկել աշխատանքային մթնոլորտում։ Հիշեցնենք, որ օրերս Նիկոլ Փաշինյանը հարցազրույց տվեց Հանրային հեռուստաընկերությանը՝ կրկին մեղադրելով ՀԱՊԿ-ին, ՌԴ-ին հանցավոր անգործության և մի շարք այլ ծանր «մեղքերի» մեջ։
168․am-ի հետ զրույցում ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ ՀՀ արևմտամետությունն ակնհայտ է թվում, սակայն նաև նկատելի է, որ ՀԱՊԿ-ը՝ որպես անարդյունավետ կազմակերպություն, առանձնացվում է եվրասիական մյուս բոլոր կազմակերպություններից։
Ըստ նրա, այս պահին իր համար հասկանալի չէ այս քաղաքականության նպատակը։
«Մի վարկած ունեմ՝ Հայաստանը փորձում է ՀԱՊԿ-ից ազատվել՝ այլ մայրաքաղաքներից զենք ներմուծելու և Արևմուտքի աչքում ավելի լավը երևալու համար։ Սակայն քաղաքական հարաբերությունները խզելու և վատթարացնելու որոշում չկա։ Գուցե այսպես է, քանի որ Հայաստանն Արևմուտքից բավարար քաղաքական ազդակներ և աջակցություն չի ստանում։ Չի բացառվում նաև, որ զգուշանում է Ռուսաստանից և հնարավոր հետևանքներից։
Այնուամենայնիվ, ինչ էլ որ լինի այս որոշումների հիմքում, վերջնական որոշում լիարժեք դեպի Արևմուտք չկա։ Մեկ այլ վարկած կա, համաձայն որի՝ Հայաստանն ունի հստակ օգուտներ ԵԱՏՄ-ից, իսկ Իրանի հետ համագործակցության ակտիվացումն էլ ավելի բարենպաստ է դարձնում Հայաստանի դիրքն Իրանի և ԵԱՏՄ-ի միջև, ուստի Երևանը չի ցանկանում հրաժարվել այս օգուտներից, իսկ սուր հայտարարություններն արևմտյան լսարանի համար են»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։
Նրա որակմամբ, ՀՀ ղեկավարի կողմից այս հրավերը մերժելը կդիտարկվեր բոյկոտ՝ ուղղված անձամբ Պուտինին, որից փաստորեն ՀՀ իշխանությունները խուսափել են։ «ՀԱՊԿ-ին թիրախավորելը և բոլոր բողոքները միմիայն ՀԱՊԿ-ի վրա բարդելը հեշտ է ու հարմար դիրք է ապահովում ՀՀ իշխանություններին, քանի որ աշխարհաքաղաքական որոշակի իրավիճակներում կարող են ասել, թե չեն ցանկացել միայն ՀԱՊԿ-ին։ Թեև իրականում, կարծում եմ, դա այդպես չէ, պարզապես ՌԴ նախագահի դեմ դեմարշի ցանկություն, ամենայն հավանականությամբ, չկար»,- ասաց նա։