Եթե ՀՆԱ-ն կրկնապատկվել է, ինչո՞ւ քաղաքացին կրկնակի լավ չի ապրում

Վերջին երկուսուկես տարում Հայաստանն արձանագրել է աշխարհում ամենաբարձր տնտեսական աճերից մեկը, ինչի արդյունքում 2020թ. նկատմամբ ՀՆԱ-ն ավելացել է 100 տոկոսով, ասում է էկոնոմիկայի նախարարը։ Համախառն ներքին արդյունքի կրկնապատկման շնորհիվ, կրկնապատկվել է նաև բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն։ Իշխանություններն ակնկալում են, որ այս տարի այն կհասնի 8,2 հազար դոլարի։

Թվում է, թե մինչ համաշխարհային տնտեսությունը բախվել է ռուս-ուկրաինական հակամարտության ու Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներից բխող դժվարություններին, ինչը հանգեցրել է նաև գլոբալ տնտեսական աճի դանդաղեցմանը, այդ ընթացքում Հայաստանի տնտեսության մեջ ֆանտաստիկ զարգացումներ են տեղի ունեցել։

Երկուսուկես տարում ՀՆԱ կամ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ կրկնապատկումն իսկապես ֆանտաստիկ է։ Բայց դա զուտ վիճակագրություն է, որի տակ պետք է նաև արդյունք լինի։ Արդյունք, որը պիտի մարդիկ զգային իրենց վրա։

Ի վերջո, բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ կրկնապատկումը տեսականորեն նշանակում է, որ մարդկանց եկամուտներն էլ են կրկնապատկվել, ու ենթադրվում է, որ նրանք սկսել են կրկնակի ավելի լավ ապրել, քան ապրում էին 2020թ.։

Կարդացեք նաև

Այլ բան, այդպե՞ս է, թե՞ ոչ։ Այս հարցի պատասխանը կարող է ամեն մեկն իր համար տալ։

Եթե նույնիսկ եղել են մարդիկ, որոնց եկամուտներն այս ընթացքում կրկնապատկվել, գուցե և եռապատկվել, քառապատկվել ու նույնիսկ տասնապատկվել են, նրանք սկսել են անհամեմատ ավելի լավ ապրել, քան ապրում էին երկու-երեք տարի առաջ, ապա հասարակության մեծ մասի դեպքում հաստատ հակառակն է եղել։ Նրանց եկամուտները ոչ միայն չեն կրկնապատկվել, ոչ միայն կրկնակի ավելի լավ չեն սկսել ապրել, այլև հիմա ավելի վատ են ապրում, քան ապրում էին երկու-երեք տարի առաջ։

Սրանում դժվար չէ համոզվել՝ թակելով ցանկացած քաղաքացու տան դուռը։

Թեև նույնիսկ դրա կարիքը չկա. աղքատության վերաբերյալ վերջերս հրապարակված պաշտոնական տվյալները բավական են դրանում համոզվելու համար։

ՀՆԱ մեկ շնչին ընկնող եկամուտների կրկնապատկման պայմաններում Հայաստանում 833 հազարից ավելի աղքատներ կան, 40 հազարից ավելի ծայրահեղ աղքատներ։ Ծայրահեղ աղքատների քանակը Հայաստանում 2020թ. հետո, երբ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կրկնապատկվել է, նույնիսկ ավելացել է։ Այն ժամանակ բնակչության 0,7 տոկոսն էր ծայրահեղ աղքատ, 2022թ. դարձել է 1,2 տոկոսը։

Ավելացել է աղքատների քանակը նաև ըստ աղքատության ստորին գծի. այն ժամանակ 9,7 տոկոսն էր, դարձել է 11,6 տոկոս։

Համախառն ներքին արդյունքի կամ մեկ շնչին ընկնող ՀՆԱ կրկնապատկման պայմաններում աղքատությունը գոնե մի 5-10 տոկոսով, ավելին չասենք, պիտի կրճատված լիներ։ Բայց գրեթե չի կրճատվել, ու դրա վառ ապացույցն այն է, որ բնակչության մեկ քառորդը շարունակում է աղքատ լինել։

Տարիներ առաջ, երբ մեկ շնչին ընկնող ՀՆԱ կրկնապատկման մասին անգամ խոսք չկա, իսկ անվանական արտահայտությամբ այն շատ հեռու էր 8,2 հազար դոլարից, Հայաստանում շատ ավելի քիչ աղքատներ կային, քան կան այսօր։

Ստացվում է, որ ՀՆԱ-ն ու դրա մեջ բնակչության մեկ շնչին ընկնող արդյունքի կրկնապատկումը ձևական է եղել, ոչինչ չտվող։ Դրանից ո՛չ մարդկանց մեծ մասի եկամուտներն են ավելացել, և ո՛չ էլ կյանքն է բարելավվել։

Ո՞ւմ են պետք այդպիսի աճերը, եթե իրական արդյունք չկա։

Այդպես է, որովհետև այս ամենի մեջ ավելի շատ կեղծիք կա, քան իրականություն։

Իրականում բնակչության մեկ շնչին ընկնող եկամուտները ձևական են կրկնապատկվել։ Դրանում մեծ է հատկապես դրամի արժեզրկման ազդեցությունը։

Դրամն արժեզրկվել է, ու դրա արդյունքում ՀՆԱ-ն, դոլարով արտահայտած, արհեստական աճել է։

Հաջորդ տարի, երբ դրամն արժեզրկվի, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն ինքնըստինքյան կնվազի, կարող է ավելի ցածր լինել նույնիսկ տնտեսական աճի ու ՀՆԱ ավելացման պարագայում։ Փոխարժեքի փոփոխությամբ պայմանավորված աճերը հաշվարկային աճեր են, որոնք ոչինչ չեն կարող ավելացնել մարդկանց եկամուտներին, թեկուզ դրանց արդյունքում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կարող է նաև կտրուկ բարձրանալ կամ իջնել։

Այլապես տարօրինակ կլիներ, որ 2021թ.՝ 5,7 տոկոս, 2022թ.՝ 12,6 տոկոս, և այս տարի ակնկալվող 7 տոկոսանոց աճից հետո ՀՆԱ-ն կրկնապատկվեր։

Մարդկանց եկամուտները, էկոնոմիկայի նախարարի ասած՝ ՀՆԱ կրկնապատկման պայմաններում համարժեք չեն ավելացրել նաև այն պատճառով, որ այդ աճերը ներառական չեն։ Դրանք այնպիսի ոլորտների հաշվին են եղել, որոնց իրական ազդեցությունը եկամուտների վրա շատ փոքր է, երբեմն՝ զրոյական, վիճակագրության վրա՝ մեծ։

Հիշենք, թե վերջին երկու տարիներին Հայաստանի տնտեսության բարձր աճերը հատկապես ինչի՞ հաշվին են եղել՝ առավելապես առևտրի ու ծառայությունների։

Ապրանքներն այլ երկրից բերել են Հայաստան, Հայաստանից արտահանել Ռուսաստան ու արտաքին առևտրի, նաև ՀՆԱ ու իբր բնակչության մեկ շնչին ընկնող եկամուտների հսկայական աճեր են արձանագրել։

ՀՆԱ աճի ամենամեծ բաղադրիչը եղել է առևտրի ու վերարտահանումների հաշվին։ Դրա համար էլ ՀՆԱ-ն աճել է, բայց արդյունք չկա, քաղաքացին չի զգում դրա ազդեցությունը՝ իր կյանքի պայմանների բարելավման ու որակի բարձրացման վրա։ Ցածր է այդ ոլորտների ստեղծած ավելացված արժեքը։

ՀՆԱ ավելացման մյուս ոչ պակաս էական գործոնն էլ եղել է դրսից ստացված ֆինանսական հսկայական հոսքերը, որն էլի գրեթե ոչինչ չի ավելացրել մարդկանց իրական եկամուտներին։

Եվ վերջապես, ՀՆԱ-ի ավելացմանը մեծապես նպաստել է պետական պարտքը։

ՀՆԱ կրկնապատկումից են խոսում, երբ այդ նույն ժամանակ 3-3,5 մլրդ դոլարով պարտք են ավելացրել։ Առանց որևէ բան անելու՝ այդ գումարն այդքանով ավելացրել է ՀՆԱ-ն։

ՀՆԱ հայտարարվող աճի գրեթե 20-25 տոկոսը միայն պարտքի հաշվին է։ Պարտք են վերցրել ու ՀՆԱ-ն ավելացրել, կարծես մեծ բան են արել։

Այսպիսի գործոնների արդյունքում է ՀՆԱ-ն ու բնակչության մեկ շնչին ընկնող եկամուտն ավելացել։ Դրանք երբեմն հաշվարկային, ոչ ներառական ու ձևական աճեր են, ոչինչ չտվող։ Դա է պատճառը, որ հասարակության մեծ մասը չի զգացել ու չի զգում այդ աճերի ազդեցությունը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս