Ինչպես ծախսել 200 միլիոն դրամը

Թեև Հայաստանի տնտեսությունը շարունակում է աճել բացառապես արտաքին գործոններով պայմանավորված, միևնույն է՝ Կառավարությունը շարունակում է չօգտվել այդ հնարավորությունից և չխթանել այն ապրանքների արտադրությունը, որոնք արտադրվում են հենց Հայաստանում։

Ավելին, տեղական արտադրությունները գնալով ավելի վատ ցուցանիշներ են արձանագրում, և, զարգացող գյուղատնտեսությամբ և արտադրությամբ հպարտանալու փոխարեն, Կառավարությունը շարունակում է թմբկահարել իր գործողություններից անկախ արձանագրված 9.7 տոկոս տնտեսական աճը։

Աճ, ինչն ապահովել են դեպի Ռուսաստան մեքենաների վերաարտահանումների, Հայաստան եկած ռուս ռելոկանտների, ինչպես նաև շինարարության բարձր աճի տեմպերի հաշվին։

Թե ինչպե՞ս է Կառավարությունը պլանավորում տնտեսական աճ արձանագրել, եթե ռելոկանտների և դեպի Ռուսաստան մեքենաների վերաարտահանումների շղթան կտրվի, հայտնի չէ, միայն տեսանելի է, որ բյուջե մտած գումարները շարունակում են ծախսվել ոչ թե գյուղատնեսությունն ու արտադրությունը զարգացնելու, այլ՝ ցածր օգտակար գործողության գործակից ունեցող տարատեսակ ցուցահանդեսների մասնակցելու համար։

Կարդացեք նաև

Հերթական նմանատիպ մի ցուցահանդեսի էլ պատրաստվում է մասնակցել Վահան Քերոբյանի ղեկավարած Էկոնոմիկայի նախարարությունը։

Բյուջեից միայն 200 միլիոն դրամ են հատկացրել 2025 թվականի ապրիլի 13-ից մինչև հոկտեմբերի 13-ը Ճապոնիայի Օսակա քաղաքում տեղի ունենալիք «Ապագա հասարակության ստեղծումը մեր կյանքի համար» խորագիրը կրող «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին։

Թե ինչ է տալու Հայաստանին այդ ցուցահանդեսին մասնակցությունը՝ հայտնի չէ, նախարարությունը 200 միլիոն դրամն ուզելիս նաև չի ներկայացրել թվային տվյալներ՝ այդ ցուցահանդեսին մասնակցությունից Հայաստանի ձեռք բերելիքների վերաբերյալ, փոխարենն առկա է Ֆինանսների նախարարությանն առարկությունը՝ պետբուջեից այդքան գումարի հատկացման մասով. Ֆիննախն այս ծախսը համարել է ոչ նպատակահարմար։

Ու չնայած այս ոչ նպատակահարմարությանը, այնուամենայնիվ, 200 միլիոն դրամը բյուջեից հատկացվել է Հայաստանի ազգային տաղավարի օպերատոր ընտրված ճապոնական «MASH Corporation» ընկերությանը, որն էլ զբաղվելու է ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքներով։

Տեսանյութեր

Լրահոս