Բաժիններ՝

8 առաջնախաղ, մասնակցություն՝ միջազգային փառատոններին. ռուսական դրամատիկական թատրոնն ամփոփում է 2023-ը

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի համար 2023 թվականը բավական ակտիվ տարի էր։ Թատրոնը հանդիսատեսի դատին է ներկայացրել 8 առաջնախաղ՝ «Բալզամինովի ամուսնությունը», «2+2», «Թագավորների խաղերը», «Ֆարյատևի երևակայությունները», «Մկների ժողովը» մանկական ներկայացումը, «Շնիկով տիկինը», «Զառանցանք երկուսով»-ը, «Փոքրիկ ողբերգություններ»-ը։

«Այս տարի մենք բավական ակտիվ սկսեցինք, որ այդ տեմպը պահպանեցինք։ Նաև դրանով պայմանավորված մեր ֆինանսական ցուցանիշները բարձր եղան։ Մեր հանդիսատեսն ուզում է նոր հետաքրքրիր ներկայացումներ դիտել։ Մենք փորձել ենք այս տարի ապահովել, որ մեր հանդիսատեսը բարձր ճաշակի և որակի ներկայացումներ դիտի»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը։

Առաջնախաղեր ներկայացնելուց զատ, թատրոնի ուշադրության կենտրոնում են եղել միջազգային փառատոնները։ Այս ուղղությամբ ևս բավական ակտիվություն կա՝ թատրոնը մասնակցել է 8 միջազգային փառատոնի։ Այս տարի առաջին անգամ թատրոնը «Գարդենիա» ներկայացմամբ Մոսկվայում մասնակցել է Չեխովյան միջազգային թատերական փառատոնին։ Ներկայացման բեմադրիչը Գոռ Մարգարյանն է։ «Գարդենիա» ներկայացումը բուռն արձագանքի է արժանացել միջազգային փառատոնում։ Տարվա ընթացքում «Բալզամինովի ամուսնությունը» ներկայացումը ներկայացվել է Սանկտ Պետերբուրգում կայացած «Բալթյան տուն» փառատոնին, որի հետ թատրոնը ունի բավական սերտ կապեր։

«Ուրախությամբ ուզում եմ տեղեկացնել, որ «Բալթյան տուն» փառատոնից արդեն հրավեր ունենք, և հաջորդ տարի կրկին մասնակցելու ենք, այս անգամ «Փոքրիկ ողբերգություններ» ներկայացմամբ»,-ասաց Մարիաննա Մխիթարյանը։

Թատրոնը հաջորդ տարվա համար ևս նորություն ունի։ Եվ արդեն հայտնում է, որ տարեսկզբին պատրաստվում է հանդիսատեսի դատին ներկայացնել 3 առաջնախաղ՝ «Երիտասարդ բժշկի գրառումները», «Հայրիկը՝ Սարդոստայնում», «Սպանդի Աստվածը»։

Ռուսական թատրոնը վերազինման փուլում է՝ավելացել են լուսային ու ձայնային սարքավորումները։ Վերջին առաջնախաղը հանդիսատեսի դատին է ներկայացվել նոր պայմաններով։ Թատրոնի պայմանների բարելավմանն ուղղված ևս աշխատանքներ են կատարվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս