Ինչո՞ւ է աղմկում «Թիմը», երբ ԱԱԾ-ն ասում է՝ քրեական վարույթ կա, իրենք էլ հաստատում են՝ Եսայան եղբայրները երկրում չեն
Երեկ՝ երեկոյան, 168.am-ը ներկայացրել էր ««Team»-ի համահիմնադիրներ Եսայան եղբայրների վերաբերյալ քրեական վարույթ կա. նրանք երկրում չեն» վերտառությամբ հրապարակումը:
Հրապարակման մեջ գրել էինք, որ ըստ օդում կախված տեղեկությունների (ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում)՝ «Team» ընկերությունների խմբի (խմբում ներառված են Team Telecom Armenia, Team Pay, Team Solutions, Team Systems, buy.am ընկերությունները) համահիմնադիրներ, բաժնետերեր Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները լքել են Հայաստանը:
Հավելել էինք, որ եղբայրներից մեկը, ըստ 168.am-ին հասած տեղեկությունների, Հայաստանում չէ արդեն մի քանի ամիս, իսկ մյուսը երկրից դուրս է եկել շուրջ մեկ շաբաթ առաջ: Կրկին, ըստ օդում կախված տեղեկությունների, եղբայրների՝ Հայաստանը լքելու պատճառները երկուսն են՝ քաղաքական և ֆինանսական՝ կապված «Team» ընկերությունների խմբի փայաբաժինների վերաբաշխման հետ:
Այս հարցերի պատասխանները ստանալու համար երկու հարցում էր ուղարկել Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ) և «Team» ընկերությունների խումբ:
ԱԱԾ-ից ցանկացել էինք տեղեկանալ՝ «Արդյո՞ք «Թիմ» ընկերությունների խմբի սեփականատերեր Հայկ և Ալեքսանդր Եսայանները գտնվում են հետախուզման մեջ: Եթե՝ այո, ապա ո՞ր գործի շրջանակներում»: Նմանատիպ հարցում էլ հենց նույն օրը, որ օրը որ ԱԱԾ էինք գրավոր հարցում ուղարկել, այսինքն՝ դեկտեմբերի 15-ին, ուղարկել էինք «Թիմ» ընկերությունների խմբի էլեկտրոնային [email protected] հասցեին, որը գտել էինք մեծ դժվարությամբ:
ԱԱԾ-ից երեկ պաշտոնապես մեզ ԱԱԾ տնօրենի աշխատակազմի ղեկավարի անունից պատասխանել էին, որ հայցվող տեղեկատվությունը վերաբերում է տվյալ անձանց անձնական կյանքին և պարունակում է քրեական վարույթի՝ հրապարակման ոչ ենթակա տվյալներ, ուստի դրանք չեն կարող տրամադրվել:
Հարցման պատասխանից հասկանալի դարձավ, որ ԱԱԾ-ն առնվազն չի հերքել, որ Եսայան եղբայրների վերաբերյալ կա հարուցված քրեական վարույթ:
Նյութը հրապարակվելուց հետո՝ ուշ երեկոյան, «Թիմ» ընկերության հանրային կապերի աշխատակիցը կապ է հաստատում 168.am-ի գլխավոր խմբագրի հետ, նրան ասում՝ մեր հարցումը չեն ստացել՝ հաստատելով, որ դա իրենց էլեկտրոնային հասցեն է, սակայն ենթադրելով, որ միգուցե նամակների առատության մեջ մեր հարցումը կորել է: Ապա խնդրում է իր անձնական էլեկտրոնային հասցեին ուղարկել հարցումը, ինչը և արվում է, այսինքն՝ դեկտեմբերի 15-ին ուղարկված հարցումը նույնությամբ ուղարկվում է «Թիմի» տվյալ աշխատակցի անձնական էլեկտրոնային հասցեին:
Մեր հարցումն ուղարկելուց հետո՝ գիշերը, «Թիմից» մեզ են ուղարկում հերքման պահանջ, որում ասվում է.
«Այսօր 168.am լրատվական կայքում հրապարակվել է «Team-ի համահիմնադիրներ Եսայան եղբայրների վերաբերյալ քրեական վարույթ կա. նրանք երկրում չեն» վերտառությամբ հոդված, որում նշում է, որ Հայկ և Ալեքսանդր Եսայանների նկատմամբ հարուցված է քրեական վարույթ, և վերջիններս գտնվում են հետախուզման մեջ։
Տեղեկացնում ենք, որ Հայկ և Ալեքսանդր Եսայանների նկատմամբ որևէ մարմնի կողմից չկա քրեական վարույթ նախաձեռնելու կամ հետախուզում հայտարարելու վերաբերալ որոշում։
Ուստի, դեկտեմբերի 21-ին կայքում հրապարակված հոդվածում առկա նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, դրանք հիմնված չեն որևէ պաշտոնական աղբյուրի վրա և արատավորում են թե՛ Հայկ և Ալեքսանդր Եսայանների պատիվն ու արժանապատվությունը, թե՛ նրանց ղեկավարած ընկերությունների գործարար համբավը:
Պահանջում ենք հերքել հրապարակված հոդվածում տեղ գտած անճշտությունները «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան և հետագայում զերծ մնալ մտացածին տեղեկություններ շրջանառելուց»,- նշված էր «Թիմ» ընկերությունների խմբի մամլո ծառայության ուղարկած հերքման պահանջի մեջ:
168.am-ի խմբագիրը, նշելով, որ անպայման կանդրադառնան իրենց հերքման տեքստին՝ միաժամանակ պահանջում է կոնկրետ պատասխանել գրավոր հարցմանը:
Եվս մեկ անգամ չենք զլանում ու արդեն գրավոր «Թիմ» ընկերությունների խմբի մամլո ծառայությանը բացատրում ենք. այն, որ Եսայան եղբայրների վերաբերյալ կա հարուցված քրեական վարույթ, մենք չենք ասել, ասել է ԱԱԾ-ն՝ ի պատասխան մեր հարցերի: Հետևաբար՝ իրենց հերքման տեքստը երևի թե «Թիմ» ընկերությունների խմբի մամլո ծառայությունը պետք է ուղարկեր Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ):
Ինչ վերաբերում է հերքման տեքստի մեջ տեղ գտած այն պնդմանը, որ 168.am–ն իր հրապարակման մեջ գրել է, թե իբր Եսայան եղբայրները գտնվում են հետախուզման մեջ, ապա մեր հրապարակման մեջ նման բան գրված չէ: Մենք այդ մասին ընդամենը հարցում ենք արել թե՛ ԱԱԾ-ին, թե՛ «Թիմ» ընկերությունների խմբին: 168.am-ը սևով սպիտակի վրա ընդամենը գրել էր՝ Եսայան եղբայրները երկրում չեն:
Այսքանը՝ հերքման տեքստի մասով:
Այսօր՝ առավոտյան, «Թիմ» ընկերությունների խմբի մամլո ծառայությունից ևս մեկ գրություն ստացանք՝ ի պատասխան մեր հարցերի.
«Ի հավելումն նախորդ նամակին, տեղեկացնում ենք, որ այս օրերին Ալեքսանդր Եսայանը ընտանիքի հետ գտնվում է արտերկրում տարեդարձը նշելու և Ամանորը դիմավորելու համար, իսկ Հայկ Եսայանը բիզնեսի զարգացման նպատակով Գերմանիայում է»,- նշված էր «Թիմ» ընկերությունների խմբի մամլո ծառայությունից ստացված «նամակի» մեջ:
168.am-ի խմբագրություն