Team-ի համահիմնադիրներ Եսայան եղբայրների վերաբերյալ քրեական վարույթ կա. նրանք երկրում չեն

Ըստ օդում կախված տեղեկությունների (ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում)՝ «Team» ընկերությունների խմբի (խմբում ներառված են Team Telecom Armenia, Team Pay, Team Solutions, Team Systems, buy.am ընկերությունները) համահիմնադիրներ,  բաժնետերեր Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները լքել են Հայաստանը:

Եղբայրներից մեկն, ըստ 168.am-ին հասած տեղեկությունների, Հայաստանում չէ արդեն մի քանի ամիս, իսկ մյուսը երկրից դուրս է եկել շուրջ մեկ շաբաթ առաջ: Կրկին, ըստ օդում կախված տեղեկությունների, եղբայրների՝ Հայաստանը լքելու պատճառները երկուսն են՝ քաղաքական և ֆինանսական՝ կապված «Team» ընկերությունների խմբի  փայաբաժինների վերաբաշխման հետ:

Մեր տեղեկություններով՝ եղբայրների նկատմամբ նաև քրեական վարույթ կա հարուցված:

168.am-ն այս հարցերի պատասխանները ստանալու համար երկու հարցում էր ուղարկել Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ) և «Team» ընկերությունների խումբ:

Կարդացեք նաև

ԱԱԾ-ից ցանկացել էինք տեղեկանալ՝ «Արդյո՞ք «Թիմ» ընկերությունների խմբի սեփականատերեր Հայկ և Ալեքսանդր Եսայանները գտնվում են հետախուզման մեջ: Եթե այո, ապա ո՞ր գործի շրջանակներում»:

Այսօր պաշտոնապես մեզ պատասխանել էին, որ հայցվող տեղեկատվությունը վերաբերում է տվյալ անձանց անձնական կյանքին և պարունակում է քրեական վարույթի՝ հրապարակման ոչ ենթակա տվյալներ, ուստի դրանք չեն կարող տրամադրվել:

Փաստորեն, ԱԱԾ-ն չի հերքել, որ Եսայան եղբայրների վերաբերյալ կա հարուցված քրեական վարույթ:

Նմանատիպ հարցում էլ ուղարկել ենք «Team» ընկերությունների խմբին: Դեռևս պատասխան չենք ստացել:

Թեմայի վերաբերյալ առաջիկայում հանդես կգանք նոր մանրամասներով:

Տեսանյութեր

Լրահոս