Փաշինյանը նոր հակաՀայաստան է ստեղծում. այն կլինի թուրքական՝ առանց Արցախի, սփյուռքի և Հայոց ցեղասպանության հարցի. Սերգեյ Մելքոնյան

Դեկտեմբերի 18-ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվեց Նիկոլ Փաշինյանի հերթական հարցազրույցը: Փաշինյանը հերթական անգամ անդրադարձ կատարեց Հայաստանի անկախության հռչակագրին։

«Մենք ընդհանրապես բառերին, հայեցակարգերին պետք է մեծ ուշադրություն դարձնենք։ Երբ որ վերադառնում ենք 1990-91 թվականներ և հետևում ենք այն մարդկանց խոսույթին, որոնք, ի վերջո, հեղինակել են ՀՀ անկախությունը, մի շարք զարմանալի և տարօրինակ փաստերի ենք ականատես լինում, և ինչ այժմ կասեմ, կապ ունի քիչ առաջ ասվածի հետ։ Նկատի ունեմ՝ 1990-91 թվականների խոսույթով մենք պարզում ենք, որ առաջնորդները կամ առնվազն նրանց մի մասը ոչ թե ասում են՝ մեզ անկախություն է պետք, որովհետև մենք ուզում ենք պետություն ունենալ, պետական ազգ լինել, այլ ասում են՝ մեզ անկախություն է պետք՝ ԼՂ հարցը լուծելու համար։ Էստեղ է ամենակարևոր խնդիրը»,- ասաց նա։

Ուշագրավ է, որ Փաշինյանը նման ձևակերպումներ արեց այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահը պահանջեց երաշխիք, որ Հայաստանը երբեք ռևանշի չի գնալու, և, ինչպես Ալիևի պահանջը մանրամասն ներկայացրեցին ադրբեջանցի քաղաքագետները, Հայաստանը պետք է հրաժարվի ռևանշի տեղ թողնող որևէ նորմատիվ իրավական փաստաթղթից՝ նկատի ունենալով, մասնավորապես, Հայաստանի անկախության հռչակագիրը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Ապրի» վերլուծական կենտրոնի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մելքոնյանը, խոսելով Ալիևի պահանջի և Փաշինյանի ուղերձների մասին, նշեց.

Կարդացեք նաև

«Երբ ասում ենք, որ Ալիևը պահանջում է, որ Հայաստանը ռևանշի երբեք պետք է չգնա, նախ պետք է հասկանանք, որ Ալիևի համար առաջին հերթին ռևանշիստ են Հայաստանի ընդդիմադիր ուժերը, հետևաբար՝ նշանակում է, որ նա ասում է ՝ պետք է ստեղծել այնպիսի վիճակ, որ այդ ընդդիմադիր հատվածը որևէ բան չկարողանա անել։ Ադրբեջանի համար ռևանշիստ է նաև Հայաստանի սփյուռքը, պատահական չէ, որ մենք տեսնում ենք, որ արվել է այնպես, որ Հայաստան չեն կարողանում գալ մեր սփյուռքյան համայնքների հայտնի ներկայացուցիչները և ղեկավարները։ Ռևանշի մասին խոսելիս՝ Ալիևը նկատի ունի նաև Հայաստանի Անկախության հռչակագիրը, որտեղ նշված է՝ Հայաստանի և Արցախի վերամիավորում»,- ասաց Մելքոնյանը։

Նրա դիտարկմամբ՝ պատահական չէ, որ Ալիևը Հայաստանի առաջ նման պայմաններ է դնում՝ չդադարելով նաև տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանին։

«Ամեն անգամ Հայաստանի առաջ ավելի դժվար պայման են դնում. նախ ասում են՝ ճանաչեք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, պայմանագիրը կստորագրենք, Փաշինյանը դա արեց, հետո պահանջեց թվեր նշել, Նիկոլը նաև դա արեց, հետո խոսեց անկլավների մասին, Նիկոլը գնաց Գրանադա և նաև անկլավները ճանաչեց Ադրբեջանի կազմում, բայց այդքանից հետո Ալիևը չստորագրեց այդ «Խաղաղության պայմանագիր» ասվածը։ Սա նշանակում է, որ Ալիևին որևէ փաստաթուղթ պետք չէ, նրան Հայաստանն է պետք՝ ամբողջությամբ»,- ասաց պատմական գիտությունների թեկնածուն՝ հիշեցնելով՝ Հայաստանի դեռ որևէ պաշտոնյա պաշտոնապես չի պատասխանել Ալիևի այն հայտարարությանը, թե ադրբեջանցիները պետք է Հայաստանի տարածքով անցնեն՝ առանց մաքսային ընթացակարգերի, առանց ստուգվելու, ինչը նշանակում է՝ դրան էլ են համաձայն։

«Դա նշանակում է, որ թշնամական երկրի քաղաքացիները ստանալու են հատուկ կարգավիճակ, երբ օգտվեն Հայաստանի տարածքներից։ Ինչ վերաբերում է իր վերջին հարցազրույցում Փաշինյանի դիտարկումներին, ապա դրանք գալիս են ապացուցելու, որ Փաշինյանը ստեղծում է նոր հակաՀայաստան, որը հակադրվելու է 3-րդ Հանրապետությանը և դրա հիմնասյուներին՝ Հայոց ցեղասպանության հարցին, Արցախին և Սփյուռքին. դրանք չեն լինի։ Փաշինյանը ստեղծում է հակաՀայաստան, որը թուրքականն է լինելու։ Այդ հակաՀայաստանը հիմնված է լինելու հետևյալ նարատիվների վրա՝ ճանաչում ենք Արցախն Ադրբեջանի մաս, պետք է Ռուսաստանին տարածաշրջանից հանենք, որ կարողանանք հարաբերություններ հաստատել մեր հարևան Թուրքիայի հետ»,– ասաց Սերգեյ Մելքոնյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս